Страницы

Monday, 5 November 2018

Մխիթար Հայրապետյանն ընդունել է Հոլանդահայ կազմակերպությունների ֆեդերացիայի նախագահին


 Նոյեմբերի 5-ին սփյուռքի նախարարի պաշտոնակատար Մխիթար Հայրապետյանն ընդունեց Հոլանդահայ կազմակերպությունների ֆեդերացիայի նախագահ, «Աբովյան» մշակութային միության ղեկավար Մաթո Հախվերդյանին,-այդ մասին հայտնում է սփյուռքի նախարարության «Հայերն այսօր» ինտերնետային լրատվամիջոցը:





Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Մաթո Հախվերդյանը նշեց, որ այսօր Հոլանդիայում ապրում է 20-25.000 հայ, և նրանց զգալի մասը վերջին տարիներին Հայաստանից արտագաղթածներ են, կան նաև իրաքահայեր և սիրիահայեր: «Հայերն աշխատասեր են, աշխատում են, ակտիվ մասնակցում են Հոլանդիայի տնտեսական ծրագրերին, հաջողություններ են գրանցում կրթության ոլորտում: Միևնույն ժամանակ նրանք կապված են Հայաստանի հետ, սիրում են իրենց հայրենիքը»,-նշեց հյուրը:

Մաթո Հախվերդյանն ընդգծեց, որ կարևորում են Հայաստանում Նիդերլանդների Թագավորության դիվանագիտական ներկայացուցչության անհրաժշետությունը և փորձում են բանակցել տեղի կառավարության հետ այդ հարցը լուծելու համար: Մխիթար Հայրապետյանը շեշտեց, որ սփյուռքի նախարարությունը պատրաստ է հայ համայնքի համար անել հնարավոր ամեն բան:

«Այսօր մենք գործակցում ենք սփյուռքի հետ փոխադարձության սկզբունքով. և՛ Հայաստանը պիտի աջակցի սփյուռքին, և՛ սփյուռքը՝ Հայաստանին: Հայապահպանության գործընթացքում բացի տարաբնույթ միջոցառումների կազմակերպումից՝ սփյուռքին հզոր ազդակ կարող է լինել ուժեղ Հայաստան պետության առկայությունը, որը հպարտություն կդառնա նրանց համար: Եթե լինի հայ լինելու հպարտությունը, դրսում ապրող հայը կցանկանա մնալ հայ: Մենք պետք է փոխադարձ պատասխանատվությամբ առաջ գնանք ու հոգ տանենք միմյանց մասին»,-նշեց նախարարի պաշտոնակատարը:

Մխիթար Հայրապետյանը կարևորեց նաև համահայկական շահերի շուրջ միասնականության գաղափարը: Ըստ նրա՝ կան մի քանի հայեցակարգեր, որոնց համար պետք է մեկ ճակատով պայքարել, և հենց Հայաստանի Հանրապետությունը պետք է այդ ուղերձները հղի սփյուռքին: Մաթո Հախվերդյանն անդրադարձավ նախարարության «Քայլ դեպի տուն» ծրագրին՝ նշելով, որ միայն դրական կարծիքներ է լսել ծրագրի մասին և պատրաստ է մյուս տարի աջակցել ծրագրի իրականացման աշխատանքներին:

Մխիթար Հայրապետյանը հավելեց, որ կարևորում է ծրագրի բովանդակային փոփոխությունները և շարունակականությունը, և այսօր արդեն ՀԲԸՄ Հայկական վիրտուալ համալսարանի հետ համագործակցության շնորհիվ մասնակիցները հնարավորություն ունեն օնլայն դասընթացների միջոցով շարունակել իրենց ուսումը:

Հանդիպման ավարտին Հոլանդահայ կազմակերպությունների ֆեդերացիայի նախագահը նշեց, որ ֆեդերացիան պատրաստվում է նշել Երևանի հիմնադրման 2800-ամյակը և Սպիտակի երկրաշարժի 30-րդ տարելիցը, և միջոցառումների, ցուցահանդեսների բովանդակային մասը կազմելու համար անհրաժեշտ է սփյուռքի նախարարության աջակցությունը:

No comments:

Post a Comment