Հերթական հանգստյան կիրակին ՀՀ նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Բալայանը այս անգամ այցելեց Նիդերլանդների ամենահայաշատ համայնք՝ Ալմելո։ Եկեղեցու վարչության նախագահ Օնիկ Գելիջիի, վարչության անդամների և կիրակնօրյա դպրոցի տնօրենի հետ ծանոթանալուց և կարճատև զրույցից հետո դեսպանը շփվեց կիրակնօրյա դպրոցի յոթ դասարաններում սովորող աշակերտների հետ, ծանոթացավ ուսումնական ծրագրերին։ Հուզմունքով լսեց փոքրիկների հայրենասիրական արտասանությունները և երգերը։
Այնուհետև այցելեց եկեղեցի, մասնակցեց պատարագին։
Ծաղկեպսակ դրեց Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հուշահամալիրին։ Հանդիպում ունեցավ Ալմելոյի եկեղեցու հետ համագործակցող կազմակերպությունների ներկայացուցիչների հետ։ Հանդիպման ժամանակ քննարկվեցին հարցեր՝ Հայրենիք Սփյուռք կապի, ներհամայնքային ծրագրերի, հետագա համագործակցություններին վերաբերող հարցերի շուրջ։
Կեսօրից հետո դեսպանը մասնակցեց ազգային հերոս Թաթուլ Կրպեյանի կյանքին վերաբերող գրքի և նրա երգերի շնորհանդեսին։ Բանախոսն էր՝ Հայաստանի ազգային հերոս Թաթուլ Կրպեյանի կինը՝ Իրինա Բարսեղյան-Կրպեյանը: Ներկայացվեցին՝ «Թաթուլ Կրպեյան.Հյուսիսային Արցախի Գետաշենի ենթաշրջանի ինքնապաշտպանությունը» գիրքը և Կրպեյանի երգերի ձայնասկավառակը։
Սվետլանա Անդրեսյան
(Մեր.թղթակից, Ալմելո)
No comments:
Post a Comment