Նոյեմբերի 24-ին Նիդերլանդներում ՀՀ դեսպան Տիգրան Բալայանը այցելեց Ալմելո քաղաք, ուր ներկա գտնվեց Հայ մարմնակրթական ընդհանուր միության հիմնադրման 100-ամյակին նվիրված հանդիսությանը և դրան նվիրված մարզական մրցումներին։
Ալմելոյում կայացած հանդիսությանը մասնակցում էին Ալմելոյի, Ամստերդամի, Ալքմարի, Առնհեմի, հայ համայնքային կազմակերպությունների ներկայացուցիչները, Նիդերլանդների Հայ բարեգործական ընդհանուր միության, «Կիլիկիա», «Նոր Կյանք», «Երևան» միությունների մարզական խմբերը։

Ելույթ ունենալով հանդիսությանը դեսպան Բալայանը շնորհավորեց ներկաներին ՀՄԸՄ մեկդարյա հոբելյանի կապակցությամբ՝ նշելով, որ աշխարհով մեկ սփռված համահայկական կառույցը հաջողել է ի կատար ածել Հոմենթմենի կարգախոսը և իրակացնել իր հիմնադիր հայրերի երազանքը՝ այն է պահպանել հայկական ոգին և այդ արժեքներով կրթել ու դաստիարակել հայ երիտասարդների բազմաթիվ սերունդներ։ ՀՀ դեսպանը հաջողություն մաղթեց սկաուտական շարժմանը, և վերահաստատեց դեսպանության աջակցությունը ՀՄԸՄ նախաձեռնություններին։
Հանդիսության շրջանակներում տեղի ունեցավ նոր սկաուտների երդման արարողություն և 100-ամյակին նվիրված հանդիսավոր քայլերթ։
No comments:
Post a Comment