Страницы

Monday, 29 October 2018

Համեստ կյանքով ապրող Սահակաշվիլին ու նրա ամառանոցի սառնարանը

 Համեստ կյանքով ապրող Սահակաշվիլին ու նրա ամառանոցի սառնարանը
Վրաստանի նախկին նախագահ և Օդեսայի նախկին նահանգապետ Միխայիլ Սաակաշվիլին «1+1» հեռուստաալիքի «Ուկրաինական սենսացիաներ» հաղորդման ժամանակ ցույց է տվել, թե ինչպես է ապրում Ամստերդամում և պատմել է մոր կողմից օգնություն ստանալու մասին, գրում է НТВ-ն։
Ուկրաինայի իշխանությունները Սաակաշվիլիին արտաքսել էին Լեհաստան, ապա քաղաքական գործիչը մեկնել է Նիդերլանդներ, որտեղ ԵՄ-ում ապրելու և աշխատելու իրավունք է ստացել։
Սաակաշվիլին խոստովանել է, որ շքեղ կյանքով չի ապրում։ Ինչպես հայտնել է քաղաքական գործիչը, Նիդերլանդներում կոմունալ բնակարանի համար նա ամսական վճարում է 300-350 եվրո։ Տան մաքրության հետ այդ գումարը հասնում է 400 եվրոյի։ Ավտոմեքենան նա փոխարինել է հեծանիվով, գործնական կոստյումների փոխարեն ջինսեր է հագնում։
Միխայիլ Սաակաշվիլին խոստովանել է, որ երբեմն իրեն ֆինանսապես օգնում է մայրը՝ Գիուլի Ալասանիան, որը թուրքագետ է, պատմական գիտությունների դոկտոր։
«Մայրս բավականաչափ գումար է աշխատում իրեն պահելու, Վրաստանում ապրող կնոջս և որդուս ու երբեմն նույնիսկ մի փոքր էլ ինձ օգնելու համար»,–նշել է նա:

Այս ասածների մեջ ճշմարտություն կա: Հիշեցինք մի դիպված, որ տեղի է ունեցել դեռ Սահակաշվիլու վերջին նախագահական տարիներին:
Սահակաշվիլու կնոջը, որդուն ու աներոջը տարիներ առաջ հանդիպել է Նիդերլանդակն օրագրի Ձեր թղթակիցը` Retranchement գյուղում:
Սա փոքրիկ գյուղ է նիդերլանդական Զելանդի մարզում, հարակից է Բելգիայի սահմանին, Օստբուրգ քաղաքից 9 կմ հյուսիս արևմուտք` Սլուիսի քաղաքապետարանի տարածքում: Այստեղ ամառվա մի օրը, ինչպես բնորոշ է Նիդերլանդներին, տնային ապրանքների վաճառք է կազմակերպվում: Եվ ահա այդ օրը տեսանք Սանդրային` Սահակաշվիլու կնոջը:
Նա վարժ կերպով ցատկեց հեծանիվին և շարժվեց տոնավաճառով, իսկ մենք մոտեցանք այն ապրանքներին, որ վաճառվում է: Աչքի զարնեց Siemens մակնիշի ոչ մեծ սառնարանը:
Վաճառվող ապրանքների կողքին կանգնած էր Սահակաշվիլու աները և որդիներից ավագը: Նա էլ սառնարանի համար պահանջեց 75 Եվրո: Սակարկեցինք, որ 50-ով վերցնենք: Ասաց` սպասեք Սանդրան հիմա կվերադառնա ու կորոշի: Մինչ Սանդրան կվերադառնար Սահակաշվիլուն վերաբերող հարցեր ուղղեցինք.
-Չէ, մեր Միշան ուրիշ է, շատ մաքուր է աշխատում` ոչ Ալիևի և ոչ էլ Քոչարյանի նման չէ: Հիմա էլ, երբ պաշտոնը թողնի դատարկ գրպաններով է ման գալու:
Առաջ տարին մեկ գալիս էին այս գյուղ ու հանգստանում, հիմա էլ չեն ուզում գալ ու իրենց բոլոր ապրանքներն են վաճառքի հանել:
Քիչ հետո հեծանիվով վերադառնում է Վրաստանի առաջին տիկինը: Իմանում է, որ սառնարանն ուզում ենք գնել: Անմիջապես համաձայնվում է իմ առաջարկած գնին: Ասում է, որ սառնարանը երկու անգամ է արձակուրդներին իրենց ծառայել: Սանդրան հաճելի ու անկեղծ զրուցակից էր: Գոհ էր, որ վերջապես առանց թիկնապահների էր և ազատ քայլում ու հեծանիվ էր վարում: Հայաստանի մասին բավական գիտեր ու հավանում էր հայերին: Ծնողներն ապրում էին տարածքի ամենամեծ` Տեռնեուզեն քաղաքում, իսկ այստեղ` Retranchement-ի իրենց ամառանոց հաճախում են երբեմն:
Գնելով սառնարանը` նրա հոր հետ փոխանակեցինք հասցեներ: Նա խոստացավ հյուր հրավիրել, իսկ ես նրան պատվել անուշաբույր խորովածով ու գինով: Այդ օրվանից շատ ջրեր են հոսել:
Գիտե´ք, երբեմն ցանկություններն ու հնարավորությունները չեն համընկնում: Ներկայումս Սահակաշվիլու ամառանոցի սառնարանը ծառայում է մի չունևոր ընտանիքի, իսկ նրա աներոջ հետ հանդիպել ու խորոված ուտելը, այդպես էլ չի ստացվել, ինչպես, որ չի ստացվել շատ բան Սահակաշվիլու մոտ:
Պատմությունը ցույց տվեց, որ Սահակաշվիլին իր ժողովրդի առջև ազնիվ քաղաքական գործիչ էր: Վրաստանում ամբողջովին արմատախիլ արվեց կոռուպցիան ու կաշառակերությունը, սակայն դեպքերը զարգացան այնպես, որ նա հալածված մնաց իր երկրում:

Ըստ НТВ-ի և մեր լրատվության պատրաստեց` Hay Azian

No comments:

Post a Comment