Ինչպես հայտնի է Ամատունիների իշխանական տոհմի մասին հետաքրքիր նախագիծ է սկսել «Նիդերլանդական օրագիրը»: Այս նախագծին արձագանքել են բազմաթիվ կայքեր, այդ թվում հայաստանյան «Հետք» հայտնի թերթը, Եվրոպական «Օրեր» ամսագիրը, պատրաստվում է այդ թեմայով նյութ հրապարակել մոսկովյան երկլեզու «Ժամը» հանդեսը: Ամատունիների մասին շատ փաստեր ու լուսանկարներ հրապարակվել են առաջին անգամ: Առաջիկայում ևս հրապարակվելու են նոր տեղեկություններ և լուսանկարներ: Թեև նախագծի Հեղինակային իրավունքը պատկանում է «Նիդերլանդական օրագրին» և հղումը պարտադիր է՝ այս շրջանակներում առավել քան խրախուսում ենք մեր նյութերի լայն տարածումը, պատմության քողարկված անցքերը մեր հասարակությանը ներկայացնելը: Տպագիր տարբերակի հրապարակումը՝ տարբեր լրատվամիջոցների կողմից ավելի նախընտրելի է: Ինչու՞...Որպեսզի այս նոր բացահայտումները հաղթահարեն ժամանակը և հասնեն ապագա սերունդներին ևս: Հոդվածների առցանց տարբերակը որքան էլ ժամանակակից է և դյուրին տարածելու, բազմացնելու, հասարակության լայն շերտերին հասու դարձնելու համար, այնուամենայնիվ վտանգը մեծ է, որ ժամանակի ընթացքում դրանք կարող են անհետանալ համացանցային տիրույթից՝ ինչպես հաճախ լինում է: Առանց այն էլ ժամանակը մոռացության թանձր շղարշով է պատել պատմական ու ժամանակագրական շատ հերոսների կենսագրականներ, որոնց կորստից փրկելն ու պատմությանը վերադարձնելը ուժերի լարում է պահանջում:
Ըստ մեզ շատ կարևոր մի խնդիր էլ կա. Եկել է պահը, որ հայ ժողովրդի արժանի զավակների ու պատմության հետ նրանց առերեսվելու մասին նյութերը հրապարակվեն՝ թե արևելահայերեն, և թե արևմտահայերեն, որպեսզի հաղթահարվի բոլշևիզմի և խորհրդային ժամանակների անջրպետը, որ երկփեղկել էր ազգը: Հիմա այդ խնդիրը չկա և ժամանակն է հայկական աշխարհի երկու մասերում, նաև սփյուռքում համատեղ ճանաչեն մեր զավակների պատմության հետ ունեցած առնչություններն ու ընդհանրությունները:
Շատ գովելի է, որ այս առումով ԺԱՄԱՆԱԿԸ մեր կողքը կանգնեց և համագործակից եղավ մեզ: Խոսքը Թուրքիայի Պոլսո մեջ հրատարակվող 1908թ. Գօչունեան եղբայրների կողմից հիմնված ԺԱՄԱՆԱԿ օրաթերթի մասին է, որը լույս է տեսնում 110 տարի անընդմեջ և որի այժմյան հրատարակիչները ևս Գօչունեան շառավիղը շարունակողներն են: Այն ներկայումս հրատարակվող աշխարհում ամենահին հայկական պարբերականն է, որն անգնահատելի ծառայություններ ունի հայ մամուլի տարեգրության մեջ. հրատարակվում է արևմտահայերենով և նաև այդ պատճառով արժևորում ենք մեր համագործակցությունը: Մեզանում հազվադեպ են այն արհեստավարժ լրագրողները, որոնք միաժամանակ տիրապետում են մեր զույգ ոսկեղենիկ հայերենին: Դրանցից մեկը ԱՆՈՒՇ ԹՐՈՒԱՆՑՆ է: Նա «Ժամանակ» թերթի աշխատակիցն է և հայերեն երկլեզու՝ «Արեւելք» կայքի հիմնադիր խմբագիրը: Հենց նա Նիկոդիմոս Ամատունուն վերաբերող բավականին ծավալուն նյութը թարգմանեց արևմտահայերեն և հարմարեցրեց տպագրության ծավալներին: Այժմ արդեն իրողություն է՝ Նիկոդիմոս Ամատունու մասին նյութը տպագրվել է Երեկվա «Ժամանակ» թերթի 2018թ. սեպտեմբերի 20-ի թիվ 11750 համարում և զբաղեցրել է ամբողջ 3-րդ էջը՝ «Օշականի նշանաւոր հայը» վերնագրով:
Նույն վերնագրով հոդվածը լույս է տեսել նաև այսօրվա «Ժամանակի» կայք էջում:
Այս նախանձախնդիր համագործակցության համար մեր շնորհակալությունն ենք հայտնում արդեն իր երկդարյա ճանապարհը հարթող ԺԱՄԱՆԱԿԻՆ, Հրատարակութեան արտօնատեր Սարգիս Գօչունեանին, տնօրէնուհի Նատիա Գօչունեանին, գլխաւոր խմբագիր Արա Գօչունեանին և ողջ անձնակազմին մաղթելով նրանց բարի երթ ու կանաչ ճանապարհ՝ առաջադրված բոլոր առաքելությունների իրականացման ճանապարհին:
«Նիդերլանդական օրագիր»
Թերթային տպագիր տարբերակն այստեղ
ՕՇԱԿԱՆԻ ՆՇԱՆԱՒՈՐ ՀԱՅԸ
Այս յօդուածը ԺԱՄԱՆԱԿ օրաթերթին ղրկած է Հոլանտայի մէջ գործող
«Հոլանտական օրագիր» կայքէջը, որ տասը տարուան պատմութիւն ունի՝ հոլանտահայ կեանքը բազմակողմանի կերպով լուսաբանող եւ մեծ համբաւ ունի Եւրոպայի հայութեան մօտ:
Կայքէջի հիմնադիր Աշոտ Քնեազեան, մեզի տրամադրած է այս յօդուածին արեւելահայերէն տարբերակը՝ նպատակ ունենալով, որ առաջին անգամ Պոլսոյ մէջ տպագրուի հայ ազնուականութեան դասի ներկայացուցիչներէն Նիկոդիմոս Ամատունիին մասին, որուն անունը, հանգամանքներու բերումով, մոռացութեան մատնուած էր երկար տարիներ: Ան նաեւ կը նշէ, թէ հակառակ որ ազնուականական այդ տոհմը այսօր չկայ, սակայն այսօր Ամատունիներ կան ամէնուր:
Յօդուածին հեղինակը լրագրող Վահան Ամատունին է, որ նոյնպէս Ամատունիներու տոհմէն կը սերի (Նիկոդիմոս Ամատունիի հօրեղբօր ծոռն է), եւ իր պարտքը նկատած է ուսումնասիրել եւ գրել իր հռչակաւոր տոհմակիցին՝ Նիկոդիմոս Ամատունիին մասին: Ան այս յօդուածով նոր տեղեկութիւններ կը ներկայացնէ եւ անհրաժեշտ ճշդումներ կը կատարէ իշխան Նիկոդիմոս Ամատունիի կենսագրութեան մէջ, նաեւ կը յայտնէ, որ մեր իրականութեան մէջ շատ քիչ ազնուական տոհմերու ներկայացուցիչներ կրցած են իրենց մենաշնորհն ու դիրքը մինչեւ վերջ գործածել, քանի որ խորհրդային կարգերու հաստատումով վերացուցած է ազնուական հասկացութեան եւ այդ բառին վրայ: Անոնցմէ խլուած է ունեցուածքը, բազմաթիւ գերդաստաններ պարզապէս կեցած են վերացման եզրին, իսկ ոմանք, չենթարկուելով անարդարութեան, հանգրուան գտած են օտարութեան մէջ:
«Հակառակ անոր, որ համայնավարներու տիրապետութիւնը վերջ տուաւ ազնուականութեան դասի գոյութեան, հակառակ անոր որոշ ներկայացուցիչներ արդէն իրենց տիտղոսը պաշտօնապէս՝ իրենց մականունէն առաջ չեն կրած, բայց եւ այնպէս, շարունակած են իրենց նախնիներու աւանդոյթները, շարունակած են մեծ ներդրում ունենալ գիտական, քաղաքական, գրական եւ այլ շրջանակներէ ներս: Ցաւօք, անոնց մասին քիչ թէ շատ, առաւել կը յիշեն Ռուսաստանի եւ դրացի Վրաստանի մէջ, քան՝ մեզ մօտ՝ Հայաստան», կը գրէ Վահան Ամատունի: Ան բազմաթիւ գիրքերու, արխիւներու, վրացական, ռուսական, հայկական փաստաթուղթերու հիման վրայ կարեւոր թուականներու, անուններու, դէպքերու ճշդումներ կատարած է Ամատունիի կենսագրութեան մէջ եւ ապացուցած մանաւանդ անոր հայկական ծագումը՝ Օշական գիւղէն, փաստ մը, որ օտար աղբիւրներու մէջ անտեսուած է եւ չէ նշուած: Առհասարակ, Ամատունիները եղած են Օշականի երբեմնի տէրերը։ Ամատունիներուն շառաւիղները ժամանակի ընթացքին եւ յատկապէս ԺԸ.-ԺԹ. դարերուն տարածուած են դէպի զանազան բնակավայրեր. անոնց մէկ մասն ալ Վրաստան փոխադրուած է: Ծանօթ են իշխան Նափոլէոն Ամատունին, որ Թիֆլիզ ծնած է եւ հայ թատերական գործիչ եղած է:
Ծանօթ է նաեւ Սահակ Վարդապետ Ամատունին, որ 1856 թուականին Օշական ծնած է, Սուրբ Էջմիածնի միաբան էր, եղած է Մատենադարանի վարիչ եւ սինոտի անդամ: Երկար տարիներ աշխատակցած է «Արարատ» ամսագիրին եւ այլ պարբերականներու: 1911 թուականին հրատարակած է «Հին եւ նոր պարականոն ու անվաւեր շարականներ» գիրքը: «Հայոց բառ ու բան» աշխատութիւնը, որ կը պարունակէ Արարատեան եւ այլ բարբառներու տասնչորս հազար բառ ու դարձուածք:
Ամատունիներու շառաւիղի յետնորդները հիմնականին կ՚առանձնանային մտաւոր բարձր յատկանիշերով ու կազմակերպչական ունակութիւններով։ Օշականի Ամատունիներէն յայտնի են նաեւ Վազգէն Քահանան, վարժապետներ Աշխարհիկ եւ Իշխան Ամատունիները, բժիշկ Մարտին Ամատունին, տնտեսագէտ Վարդան Ամատունին, լրագրողներ Լեւոն եւ Վարդան Ամատունիները:
Վահան Ամատունիի գրչին պատկանող այս յօդուածը կը ներկայացնենք յապաւումներով եւ կը գործածենք նաեւ մեզի տրամադրուած լուսանկարները:
ՆԻԿՈԴԻՄՈՍ ԵՍԱՅԻԻ ԱՄԱՏՈՒՆԻ
…Դժբախտաբար իրականութիւն է, որ նոյնիսկ հայ հասարակութեան ծանօթ չէ Նիկոդիմոս Ամատունիին անունը, մասամբ կորսուած է՝ ընկերվարական կեղծ ժամանակաշրջանի դատարկութեան ու թանձր վարագոյրին պատճառով: Անոր մասին հայկական տպագիր համայնագիտարաններու եւ պատմական աղբիւրներու մէջ ոչինչ կայ: Որպէսզի ընթերցողը կարենայ մօտաւոր պատկերացում մը կազմել՝ թէ ո՞վ է Նիկոդիմոս Ամատունին, ըսենք, որ ան հայ եկեղեցական, գրական կեանքին մէջ ծանօթ «Հայոց բառ ու բան» բառարանի եւ այլ աշխատութիւններու հեղինակ Սահակ Վարդապետ Ամատունիի հօրեղբօր որդին է։ Այն ժամանակ բաւական յայտնի, Օշականի աւագ քահանայ Տ. Եսայիի որդին՝ մարդ մը, որուն եռանդուն նախաձեռնութեամբ Օշականի եկեղեցւոյ շէնքը հիմնովին վերականգնուած է:
Նիկոդիմոս Ամատունիի մասին գիտցած եւ լսած եմ իմ մանուկ տարիքէն։ Ուրախ ու հպարտ եմ, որ անոր ազգականն եմ ու անոր անունը, գործն ու մարդկային յատկանիշերը ուժերուս ու աջակիցներուս ջանքերով պիտի բացայայտեմ՝ աւա՜ղ, միայն այսքան ուշացումով, երբ աւելի վաղ կարելի կ՚ըլլար բազմաթիւ վկայութիւններ հայթայթել: Տեղեկութիւններ հաւաքելու միակ աղբիւրը անոր հարազատներն էին: Մտայղացումը կար, լրագրող աշխատած տարիներուս պէտք է հանդիպէի Նիկոդիմոսի եղբօր թորան՝ Օշականի միջնակարգ դպրոցի ուսուցիչ Իշխան Ամատունիին: Ան խոստացած էր հարուստ տեղեկութիւններ ու փաստեր տրամադրել Նիկոդիմոս Ամատունիի մասին: Դժբախտաբար, անոր վաղաժամ մահը, այնուհետեւ խորհրդային երկրի փլուզումը, տասնամեակներով ետ պահեցին նպատակը իրագործումէ: Տարիներ անց, երբ համացանցին մէջ փոքրիկ կենսագրական տեղեկութիւններ յայտնուեցան Նիկոդիմոս Ամատունիի մասին, հնարաւորութիւն ունեցայ հանդիպիլ հանգուցեալ Իշխան Ամատունիի որդիին՝ Գարեգին Ամատունիին: Նիկոդիմոս Ամատունիէն եւ Տ. Եսայի Քահանայի ընտանիքէն անոր տրամադրած լուսանկարները անկրկնելի են ու արժէքաւոր: Հակառակ անոր որ հայ շրջանակներու մէջ չեն գիտեր, թէ ո՛վ է Նիկոդիմոս Ամատունին, մինչդեռ անոր անունը հազուադէպ, բայց կը շրջանառուէր վրացական եւ ռուսական աղբիւրներու մէջ:
ՃՇԴՈՒԱԾ ԿԵՆՍԱԳՐԱԿԱՆ ՏՈՒԵԱԼՆԵՐ
Նիկոդիմոս Եսայիի Ամատունին ծնած է 3 մայիսին (15-ին) 1859 թուականին, Ռուսական կայսրութեան Երեւանի նահանգի Օշական գիւղին մէջ: Սկզբնական կրթութիւնը ստացած է ծննդավայր Օշական գիւղին մէջ, հօր՝ Տ. Եսայի Ա. Քահանայի մօտ։ Նախնական կրթութեամբ չբաւարարուելով, հակառակ ծնողքին կամքին, անակնկալ որոշումով հեռացած է գիւղէն, մեկնած է Թիֆլիզ եւ միացած 1784 թուականի վրաց Հերակլ Բ. թագաւորի, ապա ռուսաց Նիքոլայ Ա. ցարի հրովարտակներով ազնուականի տիտղոսը վերաշնորհուած, Թիֆլիզի մէջ ծանրակշիռ հեղինակութիւն վայելող իր ազգականներուն: Ապացուցելով Օշականի եւ Թիֆլիզի Ամատունիներու ժառանգական, ազգակցական կապը, ան կը վերականգնէ իր իշխանաց տիտղոսը:
Նիկոդիմոս Ամատունին ընդունուած եւ աւարտած է Ներսիսեան դպրոցը: Այստեղ ան կը ծանօթանայ թիֆլիզահայ կեանքին, կը մտերմանայ այն ժամանակուան հայ գրողներուն, կ՚ընկերանայ գրող, թատերագէտ, դերասան Պետրոս Ադամեանին: Թատերական յայտնի գործիչ Նափոլէոն Ամատունին յետագային իր դուստրը՝ Եւկենիան կնութեան կու տայ Նիկոդիմոսին: Մինչ այդ վերջինս, ուսումը կրկին շարունակելու ձգտումով, այս անգամ կը մեկնի Փեթերսպուրկ:
Այստեղ ուսանելուն եւ աշխատելուն զուգընթաց՝ եռանդուն հաղորդակցութիւն եւ մտերմութիւն կ՚ունենայ այն ժամանակներու գրեթէ բոլոր ակնառու մտաւորականներուն, պետական ու քաղաքական դէմքերուն հետ…
1889 թուականին կ՚աւարտէ Փեթերսպուրկի կայսերական համալսարանի իրաւաբանական բաժինը եւ կը ստանայ իրաւունքի գիտական աստիճան:
1890 թուականին աշխատած է դատական մարմիններէն ներս, նշանակուած է կառավարութեան ծերակոյտի քրէական վարչութեան մէջ եւ ունեցած է ոչ միանձնեայ քարտուղարի պետական աստիճան՝ 10-րդ դասի պաշտօնեայի կարգավիճակ:
16 Փետրուար 1893 թուականին եղած է Եքաթերինպուրկի մարզական դատարաններու դատական քննիչ (դատախազ):
1895 թուականին Ամատունին 9-րդ դասի պետական տիտղոսային խորհրդական էր:
Աշխատած է նաեւ Սարատովի մարզական դատարաններու դատական քննիչ (դատախազ), սեփական հարցմամբ նշանակուած է Քամենեց-Պոտոլսքի մարզական դատարանի դատական քննիչ:
1903 թուականի օգոստոսին առեւտրական նաւագնացութեան գլխաւոր կառավարիչին՝ մեծն իշխան Ալեքսանտր Միխայիլովիչին հրամանով նշանակուած է Ռուսաստանի նորաստեղծ Առեւտրական ծովագնացութեան եւ նաւահանգիստներու գլխաւոր վարչութեան չորրորդ կարգի յատուկ յանձնարարութիւններու պետ:
1904 թուականին անոր շնորհուած է պետական ոչ միանձնեայ խորհրդականի կարգավիճակ, եւ ան նշանակուած է դէպի Պարսից ծոց եւ շրջակայ շրջաններ Առեւտրական ծովագնացութեան եւ նաւահանգիստներու գլխաւոր վարչութեան կողմէ հանդերձաւորուող նաւային արշաւախումբի ղեկավար:
1905 թուականի օգոստոսէն մինչեւ 1906 թուականի ապրիլը, Ամատունին, որպէս Առեւտուրի նախարարի յատուկ յանձնակատար, գլխաւորած է նոյն ուղղութեամբ իր երկրորդ գաղտնի արշաւը դէպի Պարսից ծոցի նաւահանգիստներ եւ դրացի գաւառներ՝ յոյժ կարեւոր ռազմավարական նշանակութիւն ունեցող այս տարածքաշրջանի առեւտրական յարաբերութիւնները Ռուսաստանի հետ կարգաւորելու նպատակով:
1906 թուականին իշխան Նիկոդիմոս Ամատունի նշանակուած է առեւտուրի եւ արդիւնաբերութեան նախարարութեան Ռուս-դանուբեան Շոգենաւագնացութեան վարչութեան ղեկավար կազմին մէջ:
1907 թուականին իշխան Նիկոդիմոս Ամատունիին շնորհուած է պետական խորհրդականի աստիճան:
1908-1909 թուականներուն ան հետեւած է Ռուսաստանի գետային նաւատորմի աշխատանքներու բնականոն գործունէութեան, մասնաւորապէս դանուբեան նաւահանգիստներ կապի միջոցներու ապահովման աշխատանքներուն. կարգաւորած է ռուսական շոգենաւային ընկերութեան առեւտրային նաւերու աշխատանքն ու ուղեւորութիւններուն ճշգրիտ ժամկէտը: Նաւատորմը նոր նաւերով համալրած է: Ան է, որ Ռուսաստանի համար բացայայտած է այս նաւերուն առեւտրային նշանակութիւնը:
1909 թուականին անոր վստահուած է «Կայսր Նիքոլայ Բ.» շոգենաւին մէջ կազմակերպուած ռուսական արտադրութեան ապրանքներու ծփացող ցուցահանդէսին ղեկավարումը՝ Մերձաւոր Արեւելքի երկիրներու նաւահանգիստներ այցելութեան համար:
1910 թուականին Ամատունիին այս անգամ վստահուած է 1911 թուականի Թուրինի (Իտալիա) միջազգային ցուցահանդէսի ռուսական բաժինի լիազօրի պատասխանատու պարտականութիւնը:
1911-ին Ամատունի ստացած է պետական վաւերական խորհրդականի աստիճան:
Ան 1913 թուականին եղած է Հայաստանի մէջ: Անոր միջնորդութեամբ ու նախաձեռնութեամբ հիմնադրուած է իր ծննդավայր Օշական գիւղի դպրոցը։ Այդ տարիներուն համար եզակի երեւույթ մըն էր, երբ ցարական կառավարութիւնը ամէն ջանք կը գործադրէր ռուսական ազդեցութեան ամրապնդման եւ հայկական դպրոցներու վերացման համար: Անոր յաճախ կը թոյլատրէին անթոյլատրելին, քանզի ան ցարական պետութեան համար կ՚ընէր անկարելին: Ցարական պետութիւնը, ուր որ զայն գործուղէր, ինչ աշխատանք որ յանձնարարէր՝ Ամատունին պատուով կը կատարէր: Զայն կը գործուղէին այնտեղ, ուր տուեալ ասպարէզը կարգի պէտք է բերուէր եւ գերակայ էր պետական շահերուն համար:
Նախորդող տարիներուն գործելէ չէ դադրած եկեղեցիին ծխական դպրոցը, որուն աւագ քահանան էր իր հայրը՝ Եսայի Ամատունին, իսկ եղբայրը՝ Գարեգին Եսայի Ամատունին եղած է քանի մը գիւղերու ղեկավար եւ դպրոցի հոգաբարձուներու խորհուրդին նախագահը: Նիկոդիմոսի հօրեղբօր որդին, բառարանագէտ Սահակ Վարդապետ Ամատունին եւս, իր ուժերու ներածին չափ, նպաստած է Օշականի նորակառոյց դպրոցին. իսկ Նիկոդիմոս Ամատունի դպրոցի շէնքին կառուցման ոչ միայն գլխաւոր նախաձեռնողն էր, այլեւ՝ ամենամեծ բարերարը:
1914 թուականին՝ Առաջին աշխարհամարտի տարիներուն, Նիկոդիմոս Ամատունի Կարմիր խաչի միաւորման գլխաւոր տնօրէնութեան հրամանով նշանակուած է հիւսիս-արեւմտեան ճակատի դաշտային Պահեստի պատասխանատու ղեկավար:
Երբ 1917 թուականին մեծամասնականները (պոլշեւիկ) իշխանութեան գլուխ եկած են, քաղաքացիական պատերազմի տարիներուն Նիկոդիմոս Ամատունին Ռուսաստանի հարաւին մասնակցած է ընդդիմադիրներուն՝ ճերմակ բանակայիններու շարժումին:
Մինչեւ վերջ ան ջանացած է պայքարիլ ու երկիրը զերծ պահել համայնավարական յեղափոխութեան անկասելի տիրապետութենէն:
1920-ին կարճ ժամանակ մը ընդգրկուած է Ռուսաստանի Հարաւային կառավարութեան կազմին մէջ, մասնակցած է նիւթական եւ տնտեսական համագումարներու:
1920 թուականին Ճերմակ բանակի վերջնական ձախողումէն ու մեծամասնականներու լիակատար իշխանութեան գալէն ետք, Ամատունին արտագաղթած է Ֆրանսա: Հոն շարունակած է իր հասարակական, քաղաքական աշխոյժ գործունէութիւնը՝ մասնակցած է ռուսական մի քանի հասարակական կառոյցներու հիմնադրման:
Իր ունեցած բարձրագոյն պարգեւներուն մէջ կը նշուի, որ 1914 թուականէն կրած է 24 յունիս 1899 թուականի բարձրագոյն մարմինին սահմանած Կարմիր խաչի կըրծ-քանշանը:
1915 թուականին Ամատունին պարգեւատրուած է Սուրբ Վլատիմիրի երրորդ աստիճանի շքանշանով:
1916 թուականին արժանացած է Սուրբ Սթանիսլաւի առաջին կարգի շքանշանին՝ պատերազմական իրավիճակի ժամանակ Ռուսական Կարմիր խաչի միաւորման մէջ կատարած աշխատանքին համար:
Պարգեւատրուած է Ալեքսանտր Գ. կայսեր յիշատակի արծաթէ մետայլով:
Պարգեւատրուած է նաեւ Ռոմանովներու Տան 300-ամեակի պրոնզէ մետայլով:
Տիրոջ Ս. Գերեզմանի Ճշմարիտ Խաչ միաբանութեան անդամ է:
Քաղաքացիական արժանիքներուն համար պարգեւատրուած է Պուլկարական երրորդ կարգի շքանշանով:
Իր կեանքի վերջին ժամանակահատուածին Նիկոդիմոս Ամատունի ապրած է Փարիզի մերձակայ Սեն Ժընեւիեւ տը Պուա քաղաքի ռուսական տան մէջ: Մահացած է 4 մարտ 1946 թուականին եւ յուղարկաւորուած է Սեն Ժընեւիեւ տը Պուա քաղաքի գերեզմանատան մէջ՝ համայնավարական կարգերու չյարմարող բազմաթիւ ականաւոր ռուս մտաւորականներու, զին-ւորական, քաղաքական, մշակութային գործիչներու կողքին:
Եղբօր թորան՝ Իշխան Ամատունիի եւ անոր որդիին՝ Գարեգինի հաւաստմամբ, ան իր ունեցուածքը նուիրաբերած է Հայկական բարեգործական ընդհանուր միութեան (ՀԲԸՄ): Դժբախտաբար, անոր շիրմաքարը բարւոք վիճակի մէջ չէ, եւ կը սպասէ բարերարի մը խնամքին:
ԱՆՈՒՇ ԹՐՈՒԱՆՑ
Հինգշաբթի, Սեպտեմբեր 20, 2018
Ամատունիների իշխանական տոհմի մասին այս նախագծի հեղինակն է «Նիդերլանդական օրագիրը»:
Լուսանկարներն ու հոդվածաշարը հրապարակվում են առաջին անգամ: Հեղինակային իրավունքը պատկանում է՝ «Նիդերլանդական օրագրին»: Գրավոր հղումը՝ պարտադիր է:
ՈՒշադրություն
Հայ ազնվական Ամատունի տոհմի մասին պատմող այս նախագծը նպատակ ունի սփյուռքի և Հայաստանի մեր ընթերցողներին ծանոթացնել հայ ազնվական դասին, բացահայտել նրանց մասին գրված ու ավելի շատ չգրված էջերը, վեր հանել հայ ժողովրդի պատմության պայծառ էջերն ու պատմել մեր անվանի զավակների մասին: Նախագծի իրականացման համար պահանջվում է ժամանակ և միջոցներ` տեղային ու արխիվային ուսումնասիրությունների համար: Առանձին ուսումնասիրություններ ծախսատար են (օրինակ` Նիկոդիմոս Ամատունու մասին, ծնվել է Օշականում, ապրել և աշխատել է Վրաստանում, Ռուսաստանում : Նրա աճյունը գտնվում է Փարիզում` ամփոփված է ռուս նշանավոր գործիչների կողքին:
Ամատունիների իշխանական տոհմի մասին «Նիդերլանդական օրագրի» նախագծի այլ հոդվածները
Ամատունիների շառավիղները
Նիկոդիմոս Եսայու Ամատունու մասին
Ազգագրագետ Սերգեյ Դմիտրիևը և Իշխան Նիկոդիմոս Ամատունու մասին նրա աշխատությունը
Իշխան Նիկոդիմոս Ամատունու կենսագրությունից (1903-1913)
Օշականի Ամատունիները և նրանց ավանդը տեղի դպրոցի ու եկեղեցու կառուցման գործում
Իշխան Նիկոդիմոս Ամատունու առնչությունը ռուսական ազգագրական թանգարանի հետ
Ազգագրագետ Սերգեյ Դմիտրիևը և Իշխան Նիկոդիմոս Ամատունու մասին նրա աշխատությունը
Նիկոդիմոս Ամատունին Բենուայի հուշերում
Սահակ վարդապետ Ամատունի. նոր էջեր կյանքի տարեգրությունից
Սահակ վարդապետ Ամատունու գերեզմանը վանդալիզմի ենթարկված
Ե՞ՐԲ Է ՄԱՀԱՑԵԼ ՍԱՀԱԿ ՎԱՐԴԱՊԵՏ ԱՄԱՏՈՒՆԻՆ
Արձագանք` «Սահակ վարդապետ Ամատունու գերեզմանը վանդալիզմի ենթարկված» հոդվածին
Սերունդներն այլևս կհիշեն որտեղ է թաղված Կոմիտասի առաջին ուսուցիչ Սահակ Ամատունին
Թեմային առնչվող այլ նյութեր`
Պոլսո «Ժամանակ» թերթը «Նիդերլանդական օրագրի» նախագծին գործակից
Թումանյանը, Կոմիտասն ու Սահակ Ամատունին
Այսօր իշխան Նիկոդիմոս Ամատունու մահվան տարելիցն է
Հոդվածի այլ հղումներ.
ԺԱՄ (ռուս.)
No comments:
Post a Comment