Զարմանալի ու հետաքրքիր տղա է Ֆրանսիայի Փարիզ քաղաքում բնակվող Իշխան Թովմասյանը:
Զարմանալին այն է, որտեղ եղել է Իշխանը, ում հետ շփվել է` սիրել ու հարգել են նրան: «Նիդերլանդական օրագիրը» մի քանի անգամ նրա մասին գրել է, և ոչ միայն մենք, նաև ֆրանսիական, ռուսական, հայկական լրատվամիջոցները...
Այդպես եղել է, երբ նա սովորել է քոլեջում, ապա Փարիզի Sciences Po ինստիտուտում, երբ փորձառնության էր անցել Ֆրանսիայում Հայաստանի դեսպանատանը: Հետո Ռուսաստանում, երբ ուսանել է արտաքին գործերի նախարարությանն առընթեր Մոսկվայի միջազգային հարաբերությունների ինստիտուտում (МГИМО)` միայն գովեստի խոսքեր ու համակրանք:
Քիչ առաջ էլ կարդացինք Իշխանի մասին հոդվածը «Հայերն այսօրում» ու հասկացանք, որ նա հետաքրքիր է իր հայ տեսակով, ում մեջ Հայաստանն է, որով նա ապրում է:
Հոդվածը ներկայացնում ենք ստորև:
______________
© Hayernaysor.am
Զարմանալին այն է, որտեղ եղել է Իշխանը, ում հետ շփվել է` սիրել ու հարգել են նրան: «Նիդերլանդական օրագիրը» մի քանի անգամ նրա մասին գրել է, և ոչ միայն մենք, նաև ֆրանսիական, ռուսական, հայկական լրատվամիջոցները...
Այդպես եղել է, երբ նա սովորել է քոլեջում, ապա Փարիզի Sciences Po ինստիտուտում, երբ փորձառնության էր անցել Ֆրանսիայում Հայաստանի դեսպանատանը: Հետո Ռուսաստանում, երբ ուսանել է արտաքին գործերի նախարարությանն առընթեր Մոսկվայի միջազգային հարաբերությունների ինստիտուտում (МГИМО)` միայն գովեստի խոսքեր ու համակրանք:
Քիչ առաջ էլ կարդացինք Իշխանի մասին հոդվածը «Հայերն այսօրում» ու հասկացանք, որ նա հետաքրքիր է իր հայ տեսակով, ում մեջ Հայաստանն է, որով նա ապրում է:
Հոդվածը ներկայացնում ենք ստորև:
______________
Հայաստան մեկնելն ի՞նչ է, որ չեմ կարող անել. ֆրանսահայ երիտասարդը որոշել է հայրենիք տեղափոխվել
«Հայերն այսօր»– Օգոստոսին, երբ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի տիկին Աննա Հակոբյանը Ֆրանսիա կատարած այցի ընթացքում հանդիպել էր հայկական համայնքի ներկայացուցիչների հետ, հավաքին ներկա երիտասարդներից մեկը՝ Իշխան Թովմասյան անունով, հարց էր ուղղել Աննա Հակոբյանին, թե Սփյուռքում ապրող երիտասարդներն ի՞նչ կարող են տալ, ինչպե՞ս կարող են օգտակար լինել Հայաստանին:
Ֆրանսահայ 25-ամյա երիտասարդի հարցը պատահական չէր: Նա ծրագրել է տեղափոխվել Հայաստան: Եթե առաջ Իշխանն ընդամենը մտածում էր այդ ուղղությամբ, Թավշյա հեղափոխությունից հետո հստակ որոշում է կայացրել. «Այսօր Հայաստանը պատմական շրջան է ապրում: Եթե հիմա իմ քայլը չանեմ, գիտեմ, որ հետո անպայման զղջալու եմ»: Երբ հակադարձում եմ, որ եթե չստացվի Հայաստանում աշխատանք գտնել կամ հաջողել, նա շատ վստահ պատասխանում է. «Չէ՞ որ ամեն քայլդ չէ, որ կարող է ստացվել: Իսկ երբ քո կատարած համարձակ քայլը Հայաստանին է վերաբերում, ավելորդ չէ փորձելը: Մտածում եմ, որ այսօր Հայաստանին ավելի շատ կարող եմ օգտակար լինել: Չգիտեմ, որ ոլորտում, բայց այդտեղ իմ կարիքն ավելի շատ կզգացվի այս պահին, քան Ֆրանսիայում»:
Իշխան Թովմասյանը ծնվել և մեծացել է Ռուսաստանում, մոտ 17 տարի է՝ բնակվում է Ֆրանսիայում: Ավարտել է Ֆրանսիայում և Եվրոպայում հայտնի Քաղաքական հետազոտությունների Փարիզի ինստիտուտը (Sciences Po): Բակալավրի որակավորումը ստացել է «Հասարակական գիտություններ և քաղաքագիտություն» մասնագիտությամբ, իսկ մագիստրատուրայում՝ «Մարդկային ռեսուրսների կազմակերպում և կառավարում»: Մեկ տարի փոխանակման ծրագրի շրջանակներում սովորել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությանն առընթեր Մոսկվայի միջազգային հարաբերությունների ինստիտուտում (МГИМО):
Ուսումն ավարտելուց հետո աշխատանքի է ընդունվել «Հերմես» ընկերության գլխամասային գրասենյակում՝ կադրերի ընտրության ու նրանց հետ տարվող աշխատանքների բաժնում:
Այն հարցին, թե ինչ կարող է տալ Սփյուռքում ապրող երիտասարդը Հայաստանին, Իշխանը պատասխանում է. «Հնարավոր է՝ դրսում կրթություն ստացած երիտասարդներն այնպիսի հմտություններ, ունակություններ կարող են ձեռք բերած լինել, որոնք այսօր Հայաստանում երիտասարդները չեն կարողանում ստանալ կամ շատ քիչ հնարավորություններ ունեն յուրացնելու: Նաև կարծում եմ, որ այսօր Հայաստանում նոր կադրերի պակաս է զգացվում: Հետևաբար, մեր սովորած գիտելիքները, ունակությունները ներդնելով միայն՝ կարող ենք Հայաստանին օգտակար լինել: Շատերը կարծում են, որ կարող են ապրել արտերկրում և հեռվից տարբեր ձևաչափերով օգտակար լինել Հայաստանին՝ բարեգործություն, ներդրումներ և այլն: Իսկ ես մտածում եմ, որ Հայաստանին առավել օգտակար կարող ես լինել միայն հայրենիք տեղափոխվելով: Այդ է պատճառը, որ ծրագրում եմ հաջորդ տարի տեղափոխվել Հայաստան: Դեռ հստակ չեմ կարող ասել, թե ինչպես: Պարզ է միայն այն, որ Հայաստանում կլինեմ: Ուսումս այս տարի եմ ավարտել: Առաջարկ ունեմ շարունակելու աշխատանքս «Հերմես»-ում, բայց Հայաստան գալու ցանկությունն ավելի մեծ է: Այդ ուղղությամբ արդեն որոշ քայլեր եմ ձեռնարկում: Քանի դեռ պատասխան չունեմ, հստակ ոչինչ ասել չեմ կարող»:
Անվիճելի է, որ Իշխանը (և նրա նման հազարավորները Սփյուռքում) հեռանկարային երիտասարդ է, լավ կրթություն է ստացել, ունի բարձր վարձատրվող աշխատանք, լավ ապագա Ֆրանսիայում: Ի՞նչը, սակայն, նրան չի գոհացնում, որ ուզում է Հայաստան տեղափոխվել: Նրա պատասխանը շատ պարզ է. «Այդ հարցն ինձ շատ են տալիս, հատկապես ծանոթներս են զարմանում: Ինչո՞ւ եմ նման որոշում կայացրել, որովհետև հեռվից Հայաստանի քաղաքականության, խնդիրների մասին խոսելը իրատեսական չէ: Եթե ուզում ես ինչ-որ բանով օգնել կամ թեկուզ հասկանալ, թե ինչ է կատարվում, պետք է տեղում լինես: Տեղում լինելով միայն՝ կարող ես ճիշտ որոշում ընդունել: Նման քայլը նաև խորքում մի քիչ հայրենասիրական տարրեր ունի: Իմ նախընտրած պատմական կերպարը Նժդեհն է: Եթե սիրում ես Նժդեհին, չես կարող չսիրել Հայաստանը: Իսկ սիրելով Հայաստանը՝ ուզում ես ինչ-որ կերպ քո քայլն անել, քո լուման ներդնել, այսպես ասած, քո հայրենիքը ոտքի կանգնեցնելու համար: Շատերն ասում են՝ սխալ քայլ եմ անում, բայց ես լավատես եմ: Շատ մարդիկ ցանկություն ունեն, սակայն հնարավորություն չունեն: Երջանիկ եմ, որ այսօր ունեմ ո´չ միայն ցանկություն, այլև հնարավորություն: Եվ հետո, երբ տարբեր գրքեր ես կարդում և տեղեկանում, որ օրինակ՝ ինչ-որ մի ժամանակ մեկն այսինչ բանն է արել Հայաստանի համար, շատ հաճախ իր կյանքն է զոհել, Հայաստան մեկնելն ի՞նչ է, որ ես չեմ կարող անել: Պահ է գալիս, որ անկախ քո ունեցածից ու զբաղեցրած դիրքից, դու քեզ օտար ես զգում այն երկրում, որտեղ ապրում ես»:
Հայաստան մեկնելն ի՞նչ է, որ ես չեմ կարող անել. Իշխանի խոսքերը դեռ երկար ժամանակ հնչում էին ականջումս: Բայց չէ՞ որ շատերը հեռանում են Հայաստանից՝ շատ հաճախ այրելով բոլոր կամուրջները: Իրենց ծննդավայրը, հայրենիքն այնքան է օտարանում նրանց համար, որ կարճ ժամանակ անց անգամ դադարում են հայերեն խոսել: Իշխանն ինձ զարմացրեց, նաև ուրախացրեց ո´չ միայն Հայաստան տեղափոխվելու ոգևորությամբ: Նա ծնվել և ապրում է Սփյուռքում, տիրապետում է 5 լեզվի, բայց նաև վարժ խոսում է հայերեն, կարողանում է գրել ու կարդալ: Իշխանի պնդմամբ՝ դաստիարակության հարց է, եթե ծնողները խիստ են լինում՝ ստացվում է. «Մեր տանն արգելված է այլ լեզվով խոսելը, ինչը և մեզ են պարտադրել: Ծնողներս ասում են, որ դրսում միևնույնն է, օտար լեզվով խոսելու եք, տանն է միայն, որ հայերենը պետք է պահեք: Այդ է պատճառը, որ հայերեն եմ խոսում, դժվարությամբ, բայց կարողանում եմ նաև կարդալ և գրել: Ցավոք, հակառակ օրինակներն էլ կան, երբ Հայաստանում ծնված, մեծացած երիտասարդները 3-4 տարի դրսում ապրելով՝ այլևս հայերեն չեն խոսում: Հայերենն իմ մայրենին է, ինչպե՞ս կարող եմ չխոսել: Եվ ընդհանրապես, լեզուն առաջին հատկանիշն է հայ լինելու, հայ մարդ զգալու: Եթե դու մայրենիով չես խոսում, ինչքան ուզում ես մշակույթին, պատմությանը տիրապետիր, միևնույնն է, լեզվով է շատ բան փոխանցվում: Մայրենիի հանդեպ սերը ծնողներիցս եմ ժառանգել: Ես տիրապետում եմ մի քանի լեզուների, սակայն հայերենն ուրիշ հարթակում է ինձ համար: Մյուս կողմից էլ, բոլոր ընտանիքներում չէ, որ ժամանակ կամ հնարավորություն կա տան պայմաններում լեզուն փոխանցել: Այդ է պատճառը, որ Սփյուռքում կարևոր են ամենօրյա, կիրակնօրյա դպրոցները»:
Իշխանն այնքան կարևորեց ծնողների դերն իր դաստիարակության հարցում, որ հետաքրքիր էր իմանալ, թե արմատներով որտեղից են նրանք: Պարզվեց, որ մայրիկի կողմը Դաշտային Ղարաբաղից են, սակայն վաղուց Ռուսաստան են տեղափոխվել: Հայրիկի նախնիները Մուշից, Ղարսի գաղթել են Ապարանի շրջան, թեև Իշխանի հայրիկը շատ երիտասարդ տարիքում Ռուսաստան է տեղափոխվել: Երբ հարցնում եմ՝ ծնողներն ինչպես են ընդունել Հայաստան տեղափոխվելու որոշումը, Իշխանը ծիծաղելով պատասխանում է. «Ինչպես և բոլոր ծնողները, մի քիչ անհանգիստ են: Նրանք այնքան էլ դեմ չեն, համարում են, որ սա իմ ընտրությունն է: Չէ՞ որ հասուն մարդ եմ և կարող եմ ինքնուրույն որոշում ընդունել: Բայց եթե ասեմ, որ չեմ գնում, մնում եմ Ֆրանսիայում, նրանք էլ ավելի ուրախ կլինեն»: Այնուհետև շարունակում է, որ իր որոշմամբ շատերին է վարակել: Մի փոքր էլ զարմանում է, որ իր հետ համակարծիք են հատկապես իր այն ընկերները, որոնք Հայաստանի հետ որևէ կապ չեն ունեցել. «Նրանք հայրենիքում չեն ծնվել, մեծացել, այնտեղ հարազատներ չունեն: Բայց ավելի են ոգևորված, քան նրանք, որոնք իրենց կյանքի որոշ հատվածն անցկացրել են Հայաստանում»: Երբ հետաքրքրվում եմ՝ որն է պատճառը, Իշխանը պատասխանում է. «Ինձ թվում է, երբ հեռվում ես մեծանում, ավելի շատ ես գնահատում այդ ամենը: Օտար երկրում մեծանալով, այլ մշակույթներին առավել ծանոթ լինելով՝ քեզ համար նրանք, միևնույնն է, իդեալ չեն ձևավորում: Դու միշտ ձգտում ես քեզ հարազատ ինչ-որ բանի, թեկուզ այդ ինչ-որ բանը քեզ անծանոթ է»:
Զրույցն ավարտելուց առաջ Իշխանից հետաքրքրվում եմ, թե ինչի կարիք է զգում Ֆրանսիայում, որը կարող է գտնել միայն Հայաստանում: Նա մի պահ լռում է, հետո պատասխանում. «Հետաքրքիր հարց է: Ամեն ինչի՝ սկսած ուտելիքից, օդից, մարդկանցից: Հայաստանում ուրիշ մշակույթ է, քեզ հոգեհարազատ ես զգում այդ մշակույթի հետ: Կարծում եմ, ես այսօր շատ բախտավոր եմ, որ կարող եմ այսպիսի որոշում ընդունել: Այսպես հանգիստ եմ խոսում, որովհետև ինչ-որ առումով ապահովված եմ: Եթե որևէ բան այնպես չստացվի, կարող եմ վերադառնալ Ֆրանսիա: Բայց այդ ապահովվածությունն ինձ չի ոգևորում: Այո´, այստեղ ես կարող եմ հանգիստ, ապահով կյանքով ապրել: Լավ աշխատավարձ եմ ստանում, շատերը զարմանում են՝ ոնց կարող եմ այդ աշխատավարձից հրաժարվել և գալ Հայաստան: Այն պատճառով, որ ամեն ինչ կյանքում հարաբերական է: Գումարը, ֆինանսները քեզ չեն կարող երկարաժամկետ ինչ-որ տեղ պահել: Մի ուրիշ ձգտում պետք է լինի: Մեկը հայրենասիրություն կարող է համարել, մյուսը՝ կարոտ, արյան կանչ, տարբեր անուններ կարող ենք տալ, բայց հաստատ ինչ որ մի բան կա, որը քեզ ձգում է մի երկիր, որը հայրենիք են անվանում»:
Ավարտում եմ Իշխանի հետ զրույցը, մտածելով, որ հայրենասիրություն բառը շոշափելի է դառնում նաև նման պարզ ու անկեղծ խոսքերի տողատակում: Չգիտեմ, երբ Իշխանը կգա Հայաստան, կհաջողի այստեղ, թե՝ ոչ: Մի բան հստակ է. Հայաստանի հետ այն աներևույթ կապը, որն արդեն ունի իր մեջ, բավական է, որ չկորցնի իր տեսակն ու իր երկրին օգտակար լինելու պատրաստակամությունը: Եվ ամենևին էլ կարևոր չէ, Հայաստանում է ապրում, Ֆրանսիայում, թե մեկ այլ հեռավոր երկրում: Կարևոր է, որ նա իր մեջ արդեն կրում է մի փոքրիկ Հայաստան:
Լուսինե Աբրահամյան
-------------------
13/09/2018 © Hayernaysor.am
No comments:
Post a Comment