2018թ. հուլիսի 21-ին Հերհուխովարդի ծխական համայնքը, համագործակցելով Մաստրիխտի Սուրբ Կարապետ եկեղեցու վարչության հետ, կազմակերպեց անմոռանալի մի ուխտագնացություն հայ հոգևորական Սուրբ Սերվատիուսի դամբարան, որ գտնվում է Մաստրիխտի համանուն եկեղեցում: Ուխտագնացներին դիմավորեցին, ուղեկցեցին և քաղաքի մասին հետաքրքիր բացատրություններ տվեցին Սուրբ Կարապետ եկեղեցու անդամներ՝ պարոն Վազգեն Սարգիսը և Արմանդ Կարաօղլանը: Շրջագայության ընթացքում նրանք առավել նախանձախնդրությամբ ներկայացրեցին հայկական հետքերը Մաստրիխտում, պատմեցին Սուրբ Սերվանտիուսի կյանքի, քաղաքում նրա հիշատակի տոնակատարությունների մասին: Ներկայացրեցին այն ուշադրությունն ու հարգանքը, որ վայելում է հայկական համայնքը Լինբուրգի մարզում: Նշանակալից է, որ 2018թ մայիսին քաղաքապետարանի կողմից պաշտոնապես համայնքին ևս հանձնվեց Սուրբ Սերվատիուսի դամբարանի պահպանության պատիվը: Այնուհետև Սուրբ Կարապետ եկեղեցում տեղի ունեցավ ջերմ հյուրընկալություն տանտերերի կողմից և հուշանվերների փոխանակություն: Օրվա վերջում ուխտագնացները եղան երեք պետությունների սահմանակետում՝ աշտարակի բարձրությունից վայելելով սահմանակից երկրների գեղատեսիլ համապայնապատկերը:
Հերհուխովարդի ծխական համայնքի վարչությունը բոլոր ուխտագնացների կողմից Իր խորին շնորհակալությունն է հայտնել Սուրբ Կարապետ եկեղեցու վարչությանը՝ մասնավորապես պարոն Վազգեն Սարգսին, Արմանդ Կարաօղլանին, վարչության նախագահ Լևոն Սարգսին և եկեղեցու մյուս անդամներին համագործակցության և ջերմ ընդունելության համար՝ հուսալով որ սերտ համագործակցությունն ու փոխադարձ այցելությունները կլինեն շարունակական՝ ի շահ համայնքների ու միասնության ամրապնդման:
Ընդհանրապես խրախուսելի է , երբ տարբեր քաղաքների հայ համայնքները համագործակցում են միմյանց հետ, ծանոթանում միմյանց գործունեությանն ու փորձին, շփվում , մտերմանում միմյանց հետ:
No comments:
Post a Comment