Страницы

Friday, 27 July 2018

Շոգ ամառ Նիդերլանդներում




Սաստիկ շոգեր են պատուհասել Նիդերլանդներին: Այդ մասին իրենց ֆեյսբուքյան  էջերում մտահոգություն են հայտնել Նիդերլանդներում բնակվող մեր հայրենակիցները: Ստորև  ներկայացնում ենք նրանց տեսակետները.



Չկարծեք թե միայն հայաստանում է աննախադեպ շոգ եղանակ: Վաղը Նիդերլանդներում գրանցվելու է +38՝ այսօր եղել է 36-ից բարձր : Չորային ամառը հատում է բոլոր ռեկորդները: Թերևս վերջին 100 տարիների ռեկորդը գերազանցվում է: Խոտերը չորացել են, ծառերը ջրազրկվել ու խեղճացել են, բերքը չորանում է: Կարտոֆիլի ու սոխի դաշտերը պարզապես ջուր են աղերսում: Շատ տեղերում բույսերը չորացել են: Սխալված չեմ լինի, եթե ասեմ, որ Նիդերլանդների համար աննախադեպ, արդեն երեք ամսից ավելի տեղումներ չեն եղել:
Համենայն դեպս Նիդերլանդների Զելանդ կոչվող՝ մշտապես կանաչի մեջ թաղված մարզի համար սա անսովոր երևույթ է:


Ara Shahbazian 
1976 թվից նման երաշտ չի եղել։ Եթե այսպես շարունակվի, կարող են վտանգավոր հետևանքներ լինել։ Ողջ Հոլանդիայում 1,5 - 2,0 մետր փորես, ջուր դուրս կգա... Այսինքն բոլոր շենքերի ու շինությունների, այդ թվում ծովը պահող ամբարտակների հիմքերի տակ ջուր է։ Եթե երկար ժամանակ անձրև չի լինում, ստորգետնյա ջրի մակարդակն իջնում է ու առաջանում են դատարկ տարածքներ, որոնք կարող են շինությունների ծանրությանը չդիմանալ։ Իսկ եթե, Աստված չանի, ամբարտակները ի վիճակի չլինեն ծովի դեմն առնել, հետևանքների մասին մտածելն իսկ ահավոր է...

ԼԵԶՎԻ ԿՈՄԻՏԵԻ ՖԵՅՍԲՈՒՔՅԱՆ ԷՋԸ՝ «Նիդերլանդական օրագրի» մասին


ՀՀ կրթության և գիտության նախարարության նորաստեղծ լեզվի կոմիտեն (նախագահ՝ Դավիթ Գյուրջինյան) աստիճանաբար աշխուժացնում է իր գործառնությունը: Քայլերից մեկը՝ սոցիալական ցանցերով ամուր կապերի հաստատումն է ընթերցողների հետ: Բազմահազար օգտատերեր այդ կապը տեսնում են նաև լեզվի կոմիտեի  ֆեյսբուքյան էջի միջոցով ( «Լեզվի կոմիտե / Language Committee»): Օրըստօրե ավելանում են էջ այցելողների թիվը:
Թե որքա՞ն այն հետաքրքիր և ուսուցողական է` պարզապես պետք է այցելել էջ ու կարդալ: 
ՄԵզ համար հաճելի անակնկալ էր, որ լեզվի կոմիտեի ֆեյսբուքյան էջը՝ բավական գեղեցիկ ներկայացրել էր «Նիդերլանդական օրագրը»:
Այն ներկայացնում ենք մեր ընթերցողների ուշադրությանը:



«Նիդերլանդական օրագիր» 
Հոլանդիայում հայ մշակույթի զարթոնքը սկսվել է 16-րդ դարից: Ամստերդամում 1666 թ. առաջին անգամ տպագրվեց հայերեն Աստվածաշունչը։ Այսօր շուրջ 20000 հայություն ունեցող հոլանդահայ համայնքը տարեցտարի ինքնակազմակերպվում է, մշակում ու կյանքի կոչում ազգային ինքնության պահպանման բազում ծրագրեր։
Այսպիսի նպատակ հետապնդող նախագիծ է հայկական «Նիդերլանդական օրագիր» էլեկտրոնային թերթը, որի հիմնադիրն ու գլխավոր խմբագիրը Աշոտ Կնյազյանն է։ Գրական, մշակութային, հասարակական, քաղաքական ուղղվածություն ունեցող համացանցային օրագրի նպատակն է Նիդերլանդների հայ համայնքներում ստեղծել լրատվական միացյալ դաշտ` նպաստելով աճող սերնդի հայեցի դաստիարակությանը, գրական, հայրենասիրական հայացքների ձևավորմանը:
«Նիդերլանդական օրագիրը» մաքուր և գրագետ հայերենով ընթերցողին է ներկայացնում հոլանդահայ կյանքին, մշակութային անցուդարձին վերաբերող նյութեր:
Էլեկտրոնային պարբերականն ակտիվ համագործակցում է նաև հայաստանյան լրատվամիջոցների հետ, տալիս ու ստանում հետաքրքրական նյութեր՝ այսպիսով Հայաստանում ապահովելով հոլանդահայերի ներկայացվածությունը, իսկ Հոլանդիայում՝ Հայաստանի առօրյան ու պետական առաջնահերթությունները։
Պարբերականը չի ֆինանսավորվում որևէ կառույցի կողմից և միայն հիմնադրի ուժերով փորձում է միավորել նիդերլանդահայության ջանքերը։
Ձեզ ենք ներկայացնում պարբերականի կատարած մի ուշագրավ վիճակագրություն. «Նիդերլանդական օրագիրը» պատրաստել և տարածել է 800-ից ավելի հայալեզու հոդված, որոնցից յուրաքանչյուրն ընթերցվել է 300-ից մինչև 15 000 անգամ: Անցնող 5 տարիներին` սկսած 2012թ. մայիսից, օրագրի բոլոր նյութերը ընթերցվել են ավելի քան 2 միլիոն անգամ:

Tuesday, 24 July 2018

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը Նիդերլանդներում հանդիպել է նաև տեղի հայազգի բժիշկներին


Լուսանկարում՝  Հայկական բժիշկների AMIC խմբի նախաձեռնած հանդիպումը ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հետ (աջից):

    23 հուլիսի,2018 ԱՄՍՏԵՐԴԱՄ: Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը, ով աշխատանքային այցով եղել է Ամստերդամում, մասնակցել Է «Արևելյան Եվրոպայում և Կենտրոնական Ասիայում ՄԻԱՎ վարակի և ուղեկցող հիվանդությունների դեմ պայքարին ուղղված քաղաքականության վերաբերյալ նախարարական երկխոսություն» թեմայով միջազգային նախարարական համաժողովին՝ ներկայացրել է Արևելյան Եվրոպայում և Կենտրոնական Ասիայում ՄԻԱՎ վարակի և դրա հետ համակցված հիվանդությունների հակազդման պայքարի արդյունքների վերաբերյալ ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի դեմ պայքարում Հայաստանի փորձը, անելիքներն ու ձեռքբերումները:  նա նաև ժամանակ է գտել հանդիպել  տեղի հայ բժիշկների մի խմբի (այդ մասին քիչ հետո):

 Հիշյալ սեմինարին մասնակցել են նաև տարածաշրջանի 9 երկրի նախարարներ և փոխնախարարներ: Նրանք ներկայացրել են իրենց երկրների փորձն ու խնդիրները: Հստակեցվել է ԱՀԿ-ի եվրոպական տարածաշրջանում ՄԻԱՎ վարակի դեմ պայքարի գործողությունների հետագա քայլերն ու դրանց ֆինանսավորման մեխանիզմները:  Հայ նախարարը կարևորել է երկխոսության անցկացումը այն իրավիճակում, երբ Արևելյան Եվրոպայում և Կենտրոնական Ասիայում արձանագրվել է ՄԻԱՎ վարակի նոր դեպքերի աճ: Արսեն թորոսյանի հավաստմամբ Հայաստանում իրավիճակը վերջին 5 տարվա ընթացքում կայուն է եղել:

 ՀՀ առողջապահության կայքի փոխանցմամբ՝ Արսեն Թորոսյանն առանձին հանդիպում է ունեցել ԱՀԿ եվրոպական տարածաշրջանային գրասենյակի ղեկավար Ժուժաննա Յակաբի հետ։ Համատեղ քննարկվել են ընթացակարգային մի շարք ծրագրեր, հայաստանյան առողջապահական համակարգում սպասվող փոփոխություններին ԱՀԿ մասնագետների օժանդակությունը և այլ հարցեր։ Համագործակցությունը կլինի շարունակական:Օգտակար քննարկումները  կշարունակվեն ԱՀԿ երևանյան գրասենյակի միջոցով, ինչպես նաև առաջիկայում Հռոմում կայանալիք ԱՀԿ նախարարական համաժողովի անցկացման ժամանակ: ԱՀԿ եվրոպական տարածաշրջանային գրասենյակի ղեկավարը սիրով է ընդունել նախարար Ա. Թորոսյանի Հայաստան հրավիրելու առաջարկը:

Այժմ նախարարի ու նիդերլանդահայ բժիշկների հանդիպման մանրամասների  մասին:

 Հանդիպումը Հայաստանի նորանշանակ առողջապահության նախարարի հետ տեղի է ունեցել Հայկական բժիշկների AMIC խմբի նախաձեռնությամբ : Նիդերլանդահայ բժիշկներով ու բուժաշխատողներով համալրված AMIC-ի նպատակն է՝ փորձել խթանել աշխարհում առողջապահության ոլորտի հայ մասնագետների կարողությունները, ստեղծել նրանց միջեւ հաղորդակցության ու համագործակցության հնարավորություններ: Բնականաբար, նաև կապ հաստատել Մայր Հայրենիքի առողջապահության ոլորտի աշխատողների հետ, փոխանակել փորձն ու կիսվել գաղափարներով:

 Այս կապակցությամբ նախարարի ու խմբի անդամների միջև տեղի ունեցավ անկաշկանդ ու անկեղծ քննարկում՝ նիդերլանդահայ բժիշկների խմբի հնարավոր ներգրավվածությունը հայաստանյան առողջապահական համակարգի փոփոխություններին մասնակցելու համար:    Ինչպես «Նիդերլանդական օրագրին» փոխանցեց Նիդերլանդների Թագավորությունում երիտասարդ ու շնորհալի նիդերլանդահայ բժիշկ Գոռ Խաչիկյանը՝ շատ օգտակար ու արդյունավետ հանդիպում է տեղի ունեցել:  Նիդերլանդահայ բժիշկները` նախ տպավորված են, որ նախարարը սուղ ժամանակն օգտագործել է իրենց հետ հանդիպում ունենալու համար: Նա ծանոթացել ու լսել է խմբի անդամներին, որոնք պատմել են իրենց ոլորտների գործունեության փորձի մասին: Ապա նախարար Արսեն Թորոսյանն է անդրադարձ կատարել, մատնանշել՝ թե ինչ վիճակում են գտնվում հիվանդանոցներն ու առողջապահության ողջ համակարգը:

Նախարարը հավաստիացրել է, որ կարճ ժամանակամիջոցում ամեն բան անելու են համակարգը առողջացնելու, ոտքի կանգնացնելու համար: Իրենց հերթին հոլանդահայ բժիշկները հավաստիացրել են, որ կանեն իրենցից կախված քայլերը՝ օգնելու և նպաստելու ոլորտի զարգացմանը: Մասնավորապես Գոռ Խաչիկյանը, ով շտապ, առաջին օգնության բժիշկ է, պատրաստակամություն է հայտնել լինել Հայաստանում ու իր ասպարեզի փորձն ու կարողությունները փոխանցել հայ մասնագետներին: Խաչիկյանը կարևորել է առողջապահական ճկուն, աշխատող համակարգ ստեղծելու խնդիրը: Այնպիսի համակարգ, որ անկախ իրավիճակից դիմակայի մարտահրավերներին ու անխափան աշխատի:

Նախարարը վերհաստատել է, որ սփյուռքի մասնագետների յուրաքանչյուր նախաձեռնություն արժանանալու է թե' իր, և թե նոր կառավարության ուշադրությանը:

«Կարող եմ փաստել, որ սփյուռքի մեր հայրենակիցների` փոփոխություններին անմիջականորեն մասնակցելու պատրաստակամությունը շատ մեծ է, և մենք պետք է քայլեր ձեռնարկենք այդ պատրաստակամությունը նյութականացնելու ուղղությամբ»,- ընդգծել է Արսեն Թորոսյանը։



Էդգար Վահանյան

Hay Azian

«Նիդ.օրագրի» թղթակիցներ

Monday, 23 July 2018

Ուխտագնացություն դեպի Մաստրիխտի Սուրբ Սերվատիուս եկեղեցի


2018թ. հուլիսի 21-ին Հերհուխովարդի ծխական համայնքը, համագործակցելով Մաստրիխտի Սուրբ Կարապետ եկեղեցու վարչության հետ, կազմակերպեց անմոռանալի մի ուխտագնացություն հայ հոգևորական Սուրբ Սերվատիուսի դամբարան, որ գտնվում է Մաստրիխտի համանուն եկեղեցում: Ուխտագնացներին դիմավորեցին, ուղեկցեցին և քաղաքի մասին հետաքրքիր բացատրություններ տվեցին Սուրբ Կարապետ եկեղեցու անդամներ՝ պարոն Վազգեն Սարգիսը և Արմանդ Կարաօղլանը: Շրջագայության ընթացքում նրանք առավել նախանձախնդրությամբ ներկայացրեցին հայկական հետքերը Մաստրիխտում, պատմեցին Սուրբ Սերվանտիուսի կյանքի, քաղաքում նրա հիշատակի տոնակատարությունների մասին: Ներկայացրեցին այն ուշադրությունն ու հարգանքը, որ վայելում է հայկական համայնքը Լինբուրգի  մարզում: Նշանակալից է, որ 2018թ մայիսին քաղաքապետարանի կողմից պաշտոնապես համայնքին ևս հանձնվեց Սուրբ Սերվատիուսի դամբարանի պահպանության պատիվը: Այնուհետև Սուրբ Կարապետ եկեղեցում տեղի ունեցավ ջերմ հյուրընկալություն տանտերերի կողմից և հուշանվերների փոխանակություն: Օրվա վերջում ուխտագնացները եղան երեք պետությունների սահմանակետում՝ աշտարակի բարձրությունից վայելելով սահմանակից երկրների գեղատեսիլ համապայնապատկերը:
 Հերհուխովարդի ծխական համայնքի վարչությունը  բոլոր ուխտագնացների կողմից Իր խորին շնորհակալությունն է հայտնել Սուրբ Կարապետ եկեղեցու վարչությանը՝ մասնավորապես պարոն Վազգեն Սարգսին, Արմանդ Կարաօղլանին, վարչության նախագահ Լևոն Սարգսին և եկեղեցու մյուս անդամներին համագործակցության և ջերմ ընդունելության համար՝ հուսալով որ սերտ համագործակցությունն ու փոխադարձ այցելությունները կլինեն շարունակական՝ ի շահ  համայնքների ու  միասնության  ամրապնդման:
Ընդհանրապես  խրախուսելի է , երբ  տարբեր  քաղաքների հայ  համայնքները  համագործակցում են  միմյանց  հետ, ծանոթանում միմյանց գործունեությանն ու փորձին, շփվում , մտերմանում միմյանց հետ:



















«Իմ Հայաստան» խորագրով ցերեկույթ Ալմելոյի հայկական դպրոցում

Նիդերլանդների Ալմելո քաղաքի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» հայկական եկեղեցում գործող «Սուրբ Մեսրոպ Մաշտոց» կիրակնօրյա դպրոցի 14-րդ ուսումնական տարվա ավարտական ցերեկույթը այս տարի նվիրված էր մեր նոր ու հին հայրենիքին։ Օրվա թեման էր՝ «Իմ Հայաստան»։ Ցերեկույթին ներկա էր Ֆրանսիայից ժամանած Հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Վահան եպիսկոպոս Հովհաննիսյանը,-այս մասին «Նիդերլանդական օրագրին» հայտնել է Սվետլանա Անդրեսյանը:
Ներկաները երկար կհիշեն այդ օրվա հայրենասիրական միջոցառումը. կարմիր, կապույտ, ծիրանագույնով, Հայաստանին բնորոշ բոլոր խորհրդանիշերով զարդարված տոնական դահլիճը, երեխաների հայրենաշունչ ելույթները։ Տպավորիչ էր նաև ավագ խմբերի աշակերտների նկարչական աշխատանքների «Հայաստանն իմ աչքերով» թեմատիկ ցուցահանդեսը։
Ցերեկույթի ընթացքում աշակերտները ներկայացրին Հայաստանը, հայրենիքի նկատմամբ ունեցած սերը խոսքերի, երգերի, պարերի միջոցով։ Նրանք ցուցադրեցին հայկական ուտեստների պատրաստման եղանակներ։ Ինչպես միշտ, ներկաներին բավականություն պատճառեց «Զարթոնք» պարային համույթի ելույթը։ Հայոց լեզվի 50-ժամյա դասընթացները հաջողությամբ ավարտած մեծերի խմբի անդամները ստացան մասնակցության հավաստագրեր։
Դպրոցի դասարաններից մեկն անվանակոչվեց դպրոցի նախկին տնօրեն, արժանահիշատակ Մանուկ Մկրտչյանի անունով։ Ուսուցչուհի Թամարա Հակոբյանի պատրաստած հայկական խորհրդանիշներով ձևավորված համեղ տորթը կտրելուց հետո, երեխաները դուրս եկան բակ և դեպի երկինք ուղարկեցին կարմիր կապույտ ծիրանագույն փուչիկները։ Ցերեկույթն ավարտվեց հյուրասիրությամբ և երգիչ Հակոբ Յաղլջյանի հայրենասիրական երգերի համերգով։
Հաջորդ օրը, դպրոցական տարվա վերջին կիրակին, դպրոցի աշակերտները, ուսուցիչները և ծնողները հավաքվեցին հետաքրքիր ժամանցային վայրում, որտեղ մինչ երեխաները խաղում էին, մեծերը պատրաստեցին հայկական ավանդական խորովածը։
Երրորդ՝ երկուշաբթի օրը, ուսուցիչների և ծնողական կոմիտեի անդամների մասնակցությամբ, տարեվերջյան հաշվետու ժաղովն էր և նոր ուսումնական տարվա ծրագրերի քննարկումը, որը նորից ավարտվեց խնջույքով։
Եկեղեցու վարչության նախագահ Օնիկ Գելիջին կիրակնօրյա դպրոցի անցած ուսումնական տարին գնահատեց որպես հաջողված տարի։ Հայրենիքից հեռու բնակվող հայի համար փոքր հայրենիք է հայկական եկեղեցին և դպրոցը։ Դպրոցի առաքելությունն է՝ մայրենի լեզուն, հայկական մշակույթն ու պատմությունը սերունդներին փոխանցելը, նրանց հայեցի դաստիարակելը։

Wednesday, 18 July 2018

Մեկնարկելու է «ներՈւԺ» երիտասարդական բիզնես-ծրագիրը

Սիրելի հայրենակիցներ,
Սփյուռքի նախարարությունը FAST և IDEA հիմնադրամներիԴիլիջանի միջազգայինդպրոցի (UWC) և Impact Hub Yerevan-իհետհամատեղ մեկնարկում է «ներՈւԺ» ծրագիրը:
Եթե դու սփյուռքում բնակվող 18-35 տարեկան հայ երիտասարդ եսունես բիզնես գաղափարապա մասնակցի՛ր «ներՈւԺ» ծրագրինհաղթի՛ր և ստացի՛ր մինչև 15 մլն դրամ աջակցություն՝ Հայաստանում իրականացնելու քո սթարթափծրագիրը:
Ծրագրի վերաբերյալ մանրամասներին ծանոթանալուինչպես նաև մասնակցելու համարառաջարկում ենք դիտել տեսանյութն ուայցելել ծրագրի պաշտոնական կայքը՝ http://neruzh.am/:
[ENG] The Ministry of Diaspora is starting a programme called "Neruzh" cooperating parallelly with the foundations FAST and IDEA, UWC Dilijan and Impact Hub Yerevan.
If you are an Armenian young person between the ages of 18-35 living in the Diaspora and you have business ideas, then be part of the programme "Neruzh", win and get support up to 15 mln AMD in order to to fulfil your startup project in Armenia.
For more details about the programme and also, in order to participate in the programme, we suggest you to watch this video and visit the official web page of the programme: http://neruzh.am/.
Karen AVANESYAN

Head of Departement
Armenian Communities of Europe,
Ministry of Diaspora RA

-- 

Monday, 16 July 2018

Նաիրի Հախվերդյանի սցենարով գրված ֆիլմն արժանացել է վարչապետի մրցանակին

«Ոսկե ծիրան» ամենամյա միջազգային կինոփառատոնին Հայաստանի վարչապետի մրցանակին արժանացավ «Սինե Միտք» ծրագրի երկու  ֆիլմեր: Դրանցից մեկը  ռեժիսոր Լուսինե Սարգսյանի «Վարորդը» ֆիլմն էր: Այն ներկայացրեց սցենարիստ Նաիրի Հախվերդյանը։  Սա Նաիրիի  առաջին լիամետրաժ խաղարկային ֆիլմի համար գրված սցենարն է , իսկ Լուսինե Սարգսյանն արդեն  երեք ֆիլմ է նկարահանել։   «Նիդերլանդական  օրագրի» ընթերցողներին հայտնում ենք, որ  Նաիրի Հախվերդյանը նիդերլանդահայ  կազմակերպությունների ֆեդերացիայի նախագահ Մաթո Հախվերդյանի և իրավաբան Ինգա Դրոստի դուստրն է, ով նաև իր հետաքրքիր հոդվածներով հանդես է գալիս նիդերլանդական մամուլում:
 Նաիրի Հախվերդյանի սցենարը վերաբերվում է կնոջ կերպարին:
Ֆիլմում  ներկայացված է կինը, որտեղ ցույց է տրվում նրա ներքին  ապրումները՝ հոգեբանական վիճակը,  ազատության ու պայքարելու  կերպը, ներքին  մղումն ու ցանկությունը: Միառժամանակ կնոջ ներքին հոգեկան տագնապներով լի իրավիճակը, ներքին վախերը։  Ի վերջո կինը իր մեջ գտնվող իրարամերժ էմոցիաները կարողանում է կառավարել: Ֆիլմը վերջանում է այն խոսքերով, որ այդ պահից հերոսուհին իր ձեռքն է վերցնում կյանքի ղեկը և  հստակ այն կառավարում է: Ճիշտ է, բավական սիմվոլիկ է մրցանակային գումարը՝ 2000 ամերիկյան դոլար, բայց ոգևորող է ու խթանիչ դեր ունի: Դե գումարն էլ ինչ որ փուլի կարող է ծառայել, ասենք թարգմանության, ֆիլմը այլ տեղեր ներկայացնելու, կամ ճանապարհածախսերի վրա:

«Վարորդը» ֆիլմը ներկայացնում է սցենարիստ-պրոդուսեր Նաիրի Հախվերդյանը

Հիշեցնենք, որ «Ոսկե ծիրան» փառատոնը հիմնվել է ՀՀ մայրաքաղաք Երևանում 2004-ին: Այն հիմնել են «Ոսկե ծիրան» կինոյի զարգացման հիմնադրամը, Կինոգետների և կինոլրագրողների հայկական ասոցիացիան` ՀՀ արտաքին գործերի նախարարության, ՀՀ մշակույթի նախարարության և Մշակույթի զարգացման բարեգործական հիմնադրամի աջակցությամբ: «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի նշանաբանն է` «Քաղաքակրթությունների ու մշակույթների խաչմերուկ»: Այն նաև Հայաստանի պատմության արտացոլումն է, որը դարեր շարունակ մրցակցող աշխարհաքաղաքական ուժերի համար բռնկման կետ է հանդիսացել: Փառատոնը հատկապես ողջունում է այնպիսի ֆիլմեր, որոնցում ներկայացված են զանազան էթնիկ, ազգային խմբեր, տարբեր կրոններ, սովորական և հայտնի մարդկանց առօրյա կյանքը, նրանց հոգսերն ու ուրախությունները: Փառատոնի նպատակն է ստեղծել համընդհանուր մարդասիրական սկզբունքներին համապատասխանող կինոյի մթնոլորտ և կինոդաշտ։
 «Ոսկե ծիրան» 15-րդ հոբելյանական փառատոնի հիմնական մրցանակակիրներն ու  հաղթողներն են.
Միջազգային խաղարկային մրցույթ անվանակարգում «Ոսկե ծիրան» մրցանակը տրվեց ռեժիսոր Ռոման Բոնդարչուկին՝ ​«​Հրաբուխ​»​ ֆիլմի համար, «Արծաթե ծիրան»-ը՝ Ժերմինալ Ռոոյի ​«​Ֆորտունա​»​ ֆիլմին։
Միջազգային վավերագրական ֆիլմեր անվանակարգում «Ոսկե ծիրան» մրցանակի արժանացավ Շևաուն Միզրահի ​«​Հեռավոր Համաստեղություն​» ֆիլմը, «Արծաթե ծիրան» մրցանակի՝ Այնարա Վերայի ​«Կհանդիպենք վաղը, եթե Աստված տա» ֆիլմը։
«Ժյուրիի հատուկ հիշատակում» մրցանակը տրվեց ​ռեժիսոր Վախթանգ Կունցև-Գաբաշվիլին՝ «​Հստակ աշխարհ​» ֆիլմի համար։
«Հայկական համայնապատկեր» հատուկ ծրագրի լավագույն ֆիլմ ճանաչվեց Անահիտ Աբադի «Եվա» ֆիլմը, իսկ «Հայկական համայնապատկեր»-ի լավագույն դեբյուտային ֆիլմը Արթուր Սահակյանի «​Քամու հետ​»​-ն է։
Հրանտ Մաթևոսյանի անվան մրցանակը լավագույն սցենարի համար տրվեց ​ ռեժիսոր Աբուֆազլ Սաֆարին՝ «Մայրամուտի Բեռնատարը​»​ ֆիլմի համար։
Սոս Սարգսյանի անվան մրցանակը լավագույն դերակատարման համար տրվեց Շանթ Հովհաննիսյանին՝ ​«Եվա​»​ ֆիլմում մարմնավորած կերպարի համար։
«Հայկական համայնապատկեր» ծրագրի լավագույն սփյուռքահայ կինոգործիչ ճանաչվեց Առնո Խայաջանյանին։

Saturday, 14 July 2018

Նիկոդիմոս Եսայու Ամատունու մասին

Անհրաժեշտ ճշգրտումներ Նիկոդիմոս Ամատունու կենսագրության մեջ.
Նոր բացահայտումներ


Նիկոդիմոս Եսայու Ամատունի (Ռուս. Аматуни Никодим Исаевич) 

Մեզանում անտեսված ազնվականության դասը

Դարեր ի վեր Հայոց պետականության կորստի, այնուհետև օտար տիրակալների քմահաճ, զավթողական վերաբերմունքի պայմաններում հատկապես մեծ հարված հասցվեց հայ ազնվական դասին, շատ գերդաստաններ պարզապես կանգնեցին վերացման եզրին, նրանց մի մասից խլվեցին ունեցած իրավունքներն ու արտոնությունները, մյուսները չենթարկվելով անարդարությանը պարզապես հանգրվան գտան օտարության մեջ: Շատ քիչ ազնվական տոհմերի ներկայացուցիչներ կարողացան իրենց մենաշնորհն ու դիրքը մինչև վերջ օգտագործել՝ ընդհուպ բոլշևիկների Խորհրդային երկրի ստեղծումը, որով էլ խաչ քաշվեց և վերացվեց անգամ ԱԶՆՎԱԿԱՆ բառի գործածությունը: Ամատունի և մյուս հայտնի տոհմերի շատ անվանի զավակներ, հավատարմորեն ու անձնուրաց մինչև կյանքի վերջ ծառայեցին իրենց ժողովրդին: Թեև բոլշևիկների տիրապետությունը վերջ դրեց ազնվականության դասի գոյությանը՝ թեև նրա որոշ ներկայացուցիչներ, արդեն իրենց տիտղոսը պաշտոնապես՝ իրենց ազգանունից առաջ չեն կրել, բայց և այնպես շարունակել են իրենց նախնիների ավանդույթները, շարունակել են մեծ ներդրում ունենալ գիտական, քաղաքական, գրական և այլ շրջանակներում : Ցավոք, նրանց մասին քչից-շատից ավելի հիշում են Ռուսաստանում և հարևան Վրաստանում, քան մեզ մոտ՝ Հայաստանում: Առաջին անգամ հայ իրականության մեջ, ուզում եմ ընթերցողի ուշադրությանը ներկայացնել դեռևս նրանց համար անհայտ, բայց իր գործունեությամբ  բավական հայտնի մի անուն`  իշխան Նիկոդիմոս Եսայու Ամատունի:

Նիկոդիմոս Եսայու Ամատունի (Ռուս. Аматуни Никодим Исаевич) Իշխան, Ամատունիների ազնվական տոհմից՝  նրա   ազգակիցների իշխանական տիտղոսը ևս մեկ անգամ  վերահաստատվել է  1784 թ. վրաց Հերակլ Երկրորդ թագավորի  հրովարտակով, ապա 1826 թ. Ռուսաստանի Նիկոլայ Առաջին ցարի հրամանով: Պետական, քաղաքական, հասարակական գործիչ, Իսկական պետական խորհրդական (IV – действительный статский советник), ցարական Ռուսաստանի 4-րդ դասի պաշտոնյա, հատուկ  հանձնարարությունների գծով հանձնակատար, զբաղեցրել է ցարական Ռուսաստանի կայսերության արդարադատության, ֆինանսների, առևտրի և արդյունաբերության նախարարությունների, Ծովային առևտրի և նավահանգստային ենթակառուցվածքները համակարգող տնօրինության, Կարմիր Խաչի միավորման գլխավոր տնօրինության  պատասխանատու պաշտոններ, եղել է  Գերագույն Խորհրդի Պետրոգրադյան հատուկ հանձնաժողովի Հասարակության բաժնի մշտական անդամ, Հոկտեմբերյան հեղափոխությունից հետո , եղել է սպիտակ գվարդիականների թիմում: Ղրիմում ընդգրկվել է բոլշևիկյան իշխանությունից դեռևս զերծ Ռուսաստանի Հարավային կառավարության կազմում:

1920թ.Սպիտակ բանակի վերջնական ձախողումից ու բոլշևիկների լիակատար իշխանության գալուց հետո, Ամատունին արտագաղթել է Ֆրանսիա: Նա այնտեղ շարունակել է իր հասարակական քաղաքական ակտիվ գործունեությունը՝ մասնակցել ռուսական մի քանի հասարակական կառույցների հիմնադրմանը և գործունեությանը: Մասնավորապես Ալեքսանդրա Ֆյոդորովնա կայսրուհու հիշատակին նվիրված ընկերության(1927), ռուսական դատական գործիչների միության, Սանկտ Պետերբուրգի համալսարանի նախկին ուսանողների միության ստեղծմանը(1935) , եղել է Կարմիր Խաչի Ընկերության Ռուսաստանի Գլխավոր վարչության անդամ (1941-1942), հանդես է եկել հիշողություններով, գրի առել դրանք:

Հայկական հանրությանը անհայտ, բայց բավականին հայտնի մարդը



Դժբախտաբար իրականություն է, որ հայ հասարակայնությանը հայտնի էլ չէ նրա անունը, մասամբ էլ՝ կորսված սոցիալիստական կեղծ ժամանակաշրջանի վակումի ու թանձր վարագույրի պատճառով: Նրա մասին, անգամ հայկական հանրագիտարաններում և պատմական աղբյուրներում ոչինչ չկա:  Որպեսզի ընթերցողը կարողանա մոտավոր պատկերացում կազմել՝ թե ո՞վ է Նիկոդիմոս Ամատունին, ասենք, որ  նա՝  հայ եկեղեցական, գրական կյանքում հայտնի, «Հայոց բառ ու բան» բառարանի և այլ աշխատությունների հեղինակ Սահակ Վարդապետ Ամատունու հորեղբոր տղան է, այն ժամանակ բավական հայտնի, Օշականի ավագ քահանա տեր Եսայու որդին`  մի  մարդ, որի   եռանդուն նախաձեռնությամբ հիմքից վերականգնվեց Օշականի եկեղեցու շենքը:


Սահակ Վարդապետ Ամատունին՝ «Հայոց բառ ու բան» բառարանի հեղինակը: Ժամանակին  հեղինակը գիրքը նվիրել է Նիկոդիմոս Ամատունուն:



Հիշյալ հոդվածի հեղինակ՝ Վահան Ամատունին` իր պապի եղբորորդի, Օշական գյուղի  60-ականների ավագ քահանա` Վազգեն Ամատունու հետ:Նիկոդիմոս Ամատունին նրանց պապի հորեղբոր և պապի եղբոր տղան է:


Նիկոդիմոս Ամատունու մասին  իմացել և լսել եմ մանկուց, ուրախ ու հպարտ  եմ, որ նրա ազգականն եմ ու նրա անունը, գործն ու մարդկային հատկանիշները ուժերիս ու աջակիցներիս ջանքերով բացահայտելու եմ՝ ափսոս միայն այսքան ուշացումով, երբ ավելի վաղ շատ վկայություններ   կարելի կլիներ հայթայթել:  Միակ տեղեկություններ հավաքելու աղբյուրը նրա հարազատներն էին: Մտահաղացումը կար,  լրագրող աշխատած տարիներին պետք է հանդիպեի Նիկոդիմոսի եղբոր թոռանը՝ Օշականի միջնակարգ դպրոցի ուսուցիչ՝ Իշխան Ամատունուն: Նա խոստացել էր  հարուստ  տեղեկություններ ու փաստեր տրամադրեր Նիկոդիմոս Ամատունու մասին: Ցավոք վաղաժամ մահը, այնուհետև խորհրդային երկրի փլուզումը տասնամյակներով հետ պահեց նպատակի իրագործումից: Միայն տարիներ անց, երբ ինտերնետում ժլատ կենսագրական տեղեկություններ հայտնվեց Նիկոդիմոս Ամատունու մասին, հնարավորություն ունեցա հանդիպել երջանկահիշատակ Իշխան Ամատունու որդուն՝ Գարեգին Իշխանի Ամատունուն: Նրա տրամադրած Նիկոդիմոս Ամատունու և Տեր Եսայի քահանայի ընտանիքի լուսանկարները անկրկնելի են ու արժեքավոր:   Եթե հայ շրջանակներում չգիտեն թե ով է Նիկոդիմոս Ամատունին, ապա նրա անունը թեև ժլատ, բայց շրջանառվում էր վրացական և ռուսական աղբյուրներով: Հակիրճ շեշտվում է նրա ծննդյան, մահվան վայրերն ու տարեթվերը, զբաղեցրած դիրքը…


Երբ անհրաժեշտ է տեր կանգնել սեփական արմատներին

Գարեգին Իշխանի Ամատունին իր նախնիների լուսանկարների հետ

Արդեն տարիներ առաջ առիթ եղել է Նրա կենսագրական որոշ տվյալներ ճշգրտելու և օտար աղբյուրներում իրենց վերագրվող մեր իշխանի ազգային պատկանելիությունը վերականգնելու հնարավորությունը:

Առաջին անգամ նրա մասին կարդացի վրացական nobility.pro կայքում, որտեղ ի թիվս վրաց այլ իշխանների՝ առանց լուսանկարի, հիշատակվում էր նաև Նիկոդիմոս Ամատունու անունը՝ ծնված 3.05.1865, Թիֆլիս քաղաքում:
Անմիջապես կապվեցի կայքը համակարգողի հետ, որի անունը Լևան էր և հայտնեցի, որ  Նիկոդիմոս Ամատունին ազգությամբ հայ իշխան է և ծնվել է Օշական գյուղում, որպես ապացույց ուղարկեցի՝ ներկայումս իրենց կայք էջում տեղադրված և հետագայում վիքիպեդիա հանրագիտարանում շրջանառվող Նիկոդիմոս Ամատունու լուսանկարը: Լևանը խոստացավ, որ նամակը կփոխանցի կայքի տնօրենին՝ Յուրի Կոստանտինի Չիկովանուն, որը նույնպես ազնվական տոհմից է: Ի պատիվ Չիկովանու՝ նա տեղադրեց լուսանկարը, ճիշտ է ծննդյան տարեթիվն ու վայրը անփոփոխ թողեց, բայց լուսանկարի վերևում ավելացրեց որոշ փոփոխություններ՝մասնավորապես, որ նա ծնվել է Օշական գյուղում:

Հետո Նիկոդիմոս Ամատունու անունը՝ արդեն որպես ռուս իշխան՝ թեև որոշ տեղերում նշվում էր նրա հայազգի լինելը, հանդիպեցի ցարական Ռուսաստանի գրեթե բոլոր հանրագիտարաններում և պաշտոնյաների կատալոգային ցուցակներում, նույնիսկ գիտական աշխատություններում: Հետաքրքիր աշխատության հեղինակ է ազգագրագետ Սերգեյ  Դմիտրիևը իր՝  «Իշխան Ն.Ե.Ամատունին և նրա արշավախումբը Պարսից ծոցում (1904-1907 թթ.)»  2011թ. հրապարակած ուսումնասիրությամբ: Այստեղ բացահայտվում են Նիկոդիմոս Ամատունու  այդ ժամանակաշրջանի կենսագրական տվյալներ: Ափսոս, որ Սանկտ Պետերբուրգի ռուսական ազգագրական թանգարանի Միջին Ասիայի և Կովկասի բաժնի առաջին կարգի գիտաշխատող , պատմական գիտությունների թեկնածու, ազգագրագետ Սերգեյ  Դմիտրիևը անակնկալ կերպով՝  2013 թվականին, պատմական տեղանքի ուսումնասիրման ժամանակ,   անհետանում  է Ղազախստանի տափաստաններում: մինչև օրս նրա մասին տեղեկություն չկա:

Այլապես Նիկոդիմոս Ամատունու մասին ավելին իմանալու  համար՝ մեծ կլիներ նրա հետ անձնական փոխհարաբերություններ հաստատելու և համագործակցելու խնդիրը:

Դմիտրիևը գիտնականներին մատնացույց էր անում՝  լուրջ ուսումնասիրության ենթարկել Նիկոդիմոս Ամատունու գործունեությունը, նա Ամատունուն դասում էր այն արևելագետ-տեսաբանների շարքին, ովքեր թեև այս բնագավառում հատուկ աշխատություններ չեն թողել, բայց բացառիկ պրակտիկ գործունեություն են ծավալել, հսկայական ներդրում են ունեցել  Մերձավոր Արեւելքում Ռուսաստանի ազդեցության մեծացմանը:

Ներկայիս Ռուսաստանի ազգագրական թանգարանը, որտեղ աշխատել է Դիմիտրիևը, նախկինում կոչվել է` իմպերատոր Ալեքսանդր 3-րդի ռուսական թանգարան: Այստեղ են պահվում Նիկոդիմոս Ամատունու Պարսից ծոց կատարած արշավանքի ամենատարբեր ցուցանմուշները՝  այդ թվում Նիկոդիմոս Ամատունու  սեփական 250 նմուշի առարկաներ, որոնք  այսօր էլ ցուցադրվում են :

Մեզ համար ոչ պակաս արժեքավոր է 1996թ. Մոսկվայում հրատարակված «Ռուսական կայսրության ազնվական տոհմերը» («Дворянские Роды Российской Империи» том 4) գիրքը:
«Ռուսական կայսրության ազնվական տոհմերը» («Дворянские Роды Российской Империи» том 4) գրքից:

 Գրքի 4-րդ հատորը  հետագա հիմք հանդիսացավ լրացուցիչ ուսումնասիրությունների համար: ՈՒշագրավն այստեղ ներկայացվող Ամատունիների տոհմածառն է, որը խստիվ համընկնում է Օշականում ամատունիների մոտ գտնվող տոհմածառին՝ տարբերությամբ, որ Նիկոդիմոս Ամատունին ներկայացված է ուղիղ ժառանգական գծով՝ Հայրը Եսային, պապը՝ Ղազարը, վերջինիս հայրը՝ Գասպարը: Գրքի մեջ ճյուղավորումներով ներկայացրած է Գասպարի եղբոր` Սարգիսի տոհմածառը: Վերջինս էլ հիմք է դրել Թիֆլիսում ապրող Ամատունիների ճյուղին, որը պակաս կարևոր չէ հետազոտման առումով:  Ամատունիների արժանի զավակների մասին պատմելիս, անշուշտ հիմք կընդունենք այս գծագիրը:

Անհրաժեշտ ճշգրտումներ Նիկոդիմոս Ամատունու կենսագրության մեջ 
Նիկոդիմոս Ամատունու ծնողները՝ Մարգարիտը և Տեր Եսային

Այժմ որոշ էական ճշգրտումներ Նիկոդիմոս Ամատունու կենսագրական տվյալներում: Նախ՝ անվան շուրջ որոշ բացատրություն: Աստվածաչնչում հանդիպող անուն է: Ռուսերեն գրվում է՝ Никодим: Հենց այս ձևով էլ՝ князь Никодим Аматуни, կամ Аматуни Никодим Исаевич ձևն առանց որևէ խնդրի շրջանառվում է  ռուսական տարբեր աղբյուրներում: Ինչպես տեսնում եք՝ հայրանունը ռուսերեն գրությունում ևս փոփոխված է: Հայերեն ոչ թե Исаевич, այլ՝ Եսայու: Տոհմածառի հայկական շատ անուններ այս սկզբունքով փոփոխվել են: Այսպես. Ազարբեկը՝  Ազարյա, Հովհաննեսը՝ Իվան, Սարգիսը՝ Սերգեյ, Ղազարը՝ Լազար և այդպես շարունակ:

Հունարեն ծագմամբ այս անունը՝ Νικόδημος , նշանակում է «հաղթանակած ժողովուրդ»:  Էականը սակայն նա է, որ հայերեն Աստվածաշնչում անվան վերջին` ի տառը գրվում է՝ ե, այսինքն՝  ոչ  թե Նիկոդիմ կամ Նիկոդիմոս, այլ՝  Նիկոդեմոս: Այս վերջին տարբերակով է Վիքիպեդիայում գրվել Նիկոդիմոսի անունը: Փաստն այն է, որ Օշականի ավագ քահանա Եսայի տեր Ամատունին իր որդուն անվանակոչել է,  ոչ թե Նիկոդեմոս, այլ՝ Նիկոդիմոս:
Նախքան ապացույց ներկայացնելը ճշտենք նրա բնակության վայրն ու տարեթիվը ևս, այնուհետև իմ այսքան տարիների ձեռք բերած համեստ տեղեկություններով կպատմեմ Ամատունի ազգանունը կրող ու մեզ անհայտ իսկական մտավորականի կյանքի մյուս դրվագների մասին:

Ռուսական, վրացական ու  նաև ֆրանսիական  գրեթե բոլոր աղբյուրները վկայում են, որ Նիկոդիմոս Ամատունին ծնվել է  1865թ մայիսի 3-ին Թիֆլիսում և մահացել 1946թ. մարտի 4-ին Փարիզում:

 Հետաքրքիր է, որ  նրա  մասին  ուսումնասիրություն կատարած Ռուսաստանի Սանկ Պետերբուրգի ազգագրական թանգարանի Միջին Ասիայի և Կովկասի բաժնի գիտաշխատող, պատմական գիտությունների թեկնածու Սերգեյ Վասիլևիչ Դմիտրիևը «Իշխան Ն.Ե.Ամատունին և նրա արշավախումբը Պարսից ծոցում (1904-1907 թթ.)» աշխատության մեջ գրել է, որ Նիկոդիմոս Իսայևիչ Ամատունին, հայ Առաքելական եկեղեցու հավատքի հետնորդ, ծնվել է 1862 թվականի մայիսի 3-ին: Ինչպես տեսնում եք, տարբերվող տարեթիվ: Հետաքրքրականը նաև այն  է, որ գիտնականը չի նշել ծննդյան վայրը: Այն, որ Նիկոդիմոս Ամատունին Օշականում է ծնվել և այդ  մասին  ժամանակին անհերքելի  կենդանի վկայություններ եմ  լսել  մեր  բարեկամ-ազգակիցներից, կասկած չի հարուցում: Հենց այս փաստն էլ հանգիստ չտվեց երկարատև հետազոտություն կատարել  Հայաստանի  պետական արխիվում՝ մնում էր  պարզել նրա ծննդյան տարեթիվը՝  ճիշտ է, թե՞  սխալ: Հայաստանի ազգային արխիվում բազմաթիվ օրերի պրպտումներից հետո, 1842-1879թվականների Օշականի եկեղեցու չափաբերական մատյանում՝  1859 տարեթվի  ներքո՝ գրված  Օշական գյուղի մյուս քահանա  Յոհակիմ  Մելիքյանի ձեռամբ, հետևյալ  արձանագրությանը հանդիպեցինք.

«Եսայի Ղազարյան Ամատունի, օրինավոր կինը Մարգարիտ Գևորգի՝ ծնեց զավակ արու, ի հայոց դավանության»  նշված է օրը՝ մայիսի 15, մկրտման օրը՝ 25: Գրանցված է մանկան անունը՝ Նիկոդիմոս, կողքի սյունակում գրված է՝ կնքահայրը «Նախիջևանից Գաբրիել տեր Աբրահամյան, վկա՝ տանուտեր Մկրտիչ տեր Մեսրոպյան»:

1842-1879թվականների Օշականի եկեղեցու չափաբերական մատյանի ձեռագրերը(ՀԱԱ,ֆ.47,ց.1,գործ773)
 


Այսպիսով՝  Նիկոդիմոս Ամատունու ճշգրիտ ծննդյան տարեթիվն է, ոչ թե 1865-ը, կամ 1862-ը, այլ՝ 1859 թվականի մայիսի 15-ը, նոր տոմարով՝ ճիշտ մայիսի 3-ը (ՀԱԱ,ֆ.47,ց.1,գործ773): Դժվար է կռահել, ինչու՞ է փոխվել Նիկոդիմոս Ամատունու ծննդյան վայրն ու տարեթիվը, միգուցե՞  ուսումնառության, կամ այլ նկատառումներով այդպես հարմար է եղել:

Մյուս փոքրիկ թյուրիմացությունը, որ պարզել ենք՝ կապված է նրա ծառայողական պաշտոնական դասին: Մասնավորապես հայկական վիքիպեդյայում և հետին թվով մի հուշագրությանը կցված ծանուցագրում՝  Ն.Ամատունուն վերջնականորեն ներկայացրել են Ռուսական կայսրության հինգերորդ կարգի իսկական պետական խորհրդական:  Իհարկե, նա ժամանակին՝ սկսած 1890թ. անցել է ծառայողական տարբեր աստիճաններով, այդ թվում եղել է 5-րդ կարգի պետական խորհրդական՝  1907-1911թվականներին: Պետք է նկատել, որ «պետական խորհրդականից» հետո, նրան շնորհվել է՝ «ԻՍԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԱԿԱՆ», ուրեմն՝ 5-րդ դասը դարձել է՝ 4-րդ: Ավելացնենք, որ միայն 4-րդ դասի խորհրդականներին էին  հասու պետական այնպիսի պարգևների հանձնում, ինչպիսիք են  Սուրբ Վլադիմիրի և Սուրբ Ստանիսլավի  շքանշանները, որով Ամատունին պարգևատրվել է 1915-16թթ: Ի դեպ, 4-րդ կարգի խորհրդականներին՝ ըստ օրենքի, փոխանցվել է ազնվականության ժառանգական իրավունք: Բացի այդ, համացանցում արդեն  հասանելի են բավական արխիվային նյութեր, որտեղ Նիկոդիմոս Ամատունու անվան դիմաց նշված է «իսկական խորհրդական» պետական աստիճանը, որն էլ դասվում է 4-րդ կարգին:

Նիկոդիմոս Ամատունու  մասին  մենք բավական հետաքրքիր տեղեկություններ ենք հավաքել՝ հենվելով ճշգրիտ աղբյուրներին:

Այդ մասին մենք այս հոդվածում կանդրադառնանք հակիրճ՝ հետագայում հրապարակելու պայմանով:

Այն ժամանակ, երբ ցարական պետության կենտրոնաձիգ քաղաքականությունը օրենքներ էր մշակում ռուսական ազդեցության գոտին ընդլայնելու և  հակառակը՝  սահմանափակելու այլ ազգերի ինքնագիտակցության դրսևորումները, երբ  այդ նպատակով փակվում էին ազգային դպրոցները, Նիկոդիմոս Ամատունին՝ հայրենի Օշական գյուղում, նոր ու շքեղ չորսդասյա գեղեցիկ դպրոցի կառուցման նախաձեռնողն ու նվիրատուն  էր: Հայ իրականության մեջ սա բացառիկ երևույթ էր:
Օշականի դպրոցի շենքը (կառուցված՝1914թ.)

Նրան հաճախ թույլատրում էին անթույլատրելին, քանզի  նա ցարական պետության համար անում էր անկարելին : Ցարական պետությունը որտեղ նրան գործուղեր, ինչ աշխատանք  հանձնարարեր՝ Ամատունին պատվով էր կատարում:  Նրան գործուղում էին այնտեղ, որտեղ տվյալ ոլորտը կարգի պետք է բերվեր և գերակա էր պետական շահերի համար: Այդ էր պատճառը, որ նա աշխատանքային 20 տարվա ընթացքում պետական 14-րդ դասի ծառայողից՝ հասավ 4-րդին՝ «կոլեգիական ռեգիստրատորից» մինչև «պետական իսկական խորհրդականի»՝ այն ժամանակվա պետական քաղաքականությունը ինքնուրույն մշակող պետական պաշտոնյայի. այն դեպքում, երբ «պետական խորհրդականից»՝ «իսկական պետական խորհրդական» դառնալու  համար  10 տարի է անհրաժեշտ: Ամատունին այդ ճանապարհն անցավ 4 տարում: Ի դեպ այս կարգն ստացողը ընդմիշտ ժառանգում էր ազնվական տիտղոս, որն արդեն վաղուց ուներ Ամատունին: Ամատունու  մեզ հայտնի աշխատանքային  դրվագների ու առանձին դետալների մասին առանձին-առանձին մենք կպատմենք մեր ընթերցողին: Կհամոզվեք թե ինչպիսի կազմակերպվածությամբ ու սրտացավությամբ է կարգի  բերել  իրեն վստահված  ասպարեզը: Միևնույն ժամանակ Նիկոդիմոս Ամատունին անհանդուրժող էր  կարգազանցներին և ուներ ազգային բարձր արժանապատվություն: Այս առնչությամբ, 1913 թ. Հայաստանում եղած ժամանակ,  հետաքրքիր միջադեպ է գրանցվում Նիկոդիմոս Ամատունու և  Երևանի նորանշանակ փոխնահանգապետ, Կոլեգիալ խորհրդական, իշխան Ալեքսեյ Չեգոդաևի միջև: Փոխնահանգապետը չի էլ պատկերացնում Ամատունու ազգային պատկանելիությունը և իր շանը արմյաշկա կանչելով՝ վիրավորում է վերջինիս ազգային ինքնասիրությունը: Արդյունքում ապտակ է ստանում Ամատունուց և գործը քննելուց հետո՝ զրկվում է պաշտոնից:

Նիկոդիմոս Ամատունին հավատում էր, որ ցարական Ռուսաստանը թուրքերից հետ էր վերցնելու  Հայաստանի մնացյալ մասը: Այդ ուղղությամբ, ցարի  ու նրա բարձր շրջապատում, միշտ շոշափվում էր այդ հարցը: 1914 թ-ի նոյեմբերին Թիֆլիս ժամանած Նիկոլայ II-ը Գևորգ Ե կաթողիկոսի հետ քննարկել է պատերազմից հետո Արևմտյան Հայաստանի 6 նահանգների և Կիլիկիայի տարածքներում ստեղծվելիք ինքնավար Հայաստանի ծրագիրը:
1916 թվականի ռուսական և հայկական ուժերի հաղթանակը Երրորդ թուրքական դաշտային բանակի դեմ կասկած չէր հարուցում: Այդ ժամանակ իշխան Նիկոդիմոս Ամատունին Կարմիր Խաչի միավորման գլխավոր տնօրինության հյուսիս արևմտյան Ճակատի դաշտային Պահեստի պատասխանատու ղեկավարի պաշտոնից՝ 1916 թվականին նշանակվել էր Գերագույն Խորհրդի Պետրոգրադյան հատուկ հանձնաժողովի Հասարակության բաժնի մշտական անդամ, ավելի սերտ հարաբերություն ուներ ցարական ընտանիքի հետ և հետևում էր իրադարձությունների զարգացմանը: Նրա հորեղբոր որդիներից մեկը՝ Գառնիկ Ավագի


Նիկոդիմոս Ամատունու հորեղբոր որդին՝ իմ պապը, Գառնիկ Ավագի Ամատունին (ձախից) 1916թ. ռուսական բանակում:


Ամատունին, որն այդ տարիներին ցարական ռուսաստանի բանակի կազմում էր, շատ առիթներով է բարեկամներին ու իր ընկերներին պատմել, որ թուրքերը մեծամասամբ չեն էլ դիմադրել  իրենց, իսկ 1917թվականին ռուս-հայկական զորամիավորումները պարզապես հրաման տվող չեն ունեցել և զինվորներից շատերը ինքնակամ լքել են ծառայությունը: Ցավոք, ժամանակները բարենպաստ չդասավորվեցին: 1917 թ. ձմռանը Ռուսաստանում տեղի ունեցած բոլշևիկների հեղափոխությունը կանգնեցրեց Ռուսական բանակի առաջխաղացումը՝ Արևմտյան Հայաստանում, ապա և քայքայեց Ռուսաստանի կովկասյան բանակը։
Օսմանյան III դաշտային բանակը օգտվելով ժամանակի ընձեռած հնարավորությունից 1917-1918 թթ. ընթացքում հետ բերեց բոլոր այն տարածքները, որոնք կորցրել էր ռուսական և հայկական զորքերի հետ 1916 թ. մարտերում։ Ավելին՝   արդեն անխուսափելի պարտության եզրին կանգնած օսմանյան կայսրության զորքերը գրավեցին Կարսը, որը ռուսները ազատագրել էին դեռ 1877 թվականին:

Բոլշևիկներին այդպես էլ  Նիկոդիմոս Ամատունին  չկարողացավ  ներել,  նա կանգնեց սպիտակների  կողքին:

1917թ բոլշևիկների իշխանության գալուց հետո՝ քաղաքացիական պատերազմի տարիներին Ն.Ի. Ամատունին Ռուսաստանի հարավում Վրանգելի հետ մասնակցում է սպիտակգվարդիականների շարժմանը:
Մինչև վերջ ձգտում է պայքարել ու երկիրը զերծ պահել բոլշևիկյան հեղափոխության անկասելի տիրապետությունից:
1920թ. Կարճ ժամանակ ընդգրկվում Ռուսաստանի Հարավային կառավարության կազմում, մասնակցում ֆինանսական և տնտեսական համագումարին:


Նիկոդիմոս Ամատունու հուշաքարը (Փարիզին մերձակա Սենտ Ժենեվև դը Բուա քաղաքի գերեզմանատուն)


Կյանքի վերջին ժամանակահատվածում ապրել է Փարիզին մերձակա Սենտ Ժենեվև դը Բուա քաղաքի ռուսական տանը: Մահացել է 1946 թվականի մարտի 4-ին և թաղվել Սենտ Ժենեվև դը Բուա քաղաքի գերեզմանատանը՝  բոլշևիկյան կարգերին չհարմարված բազմաթիվ ականավոր ռուս մտավորականների, զինվորական, քաղաքական, մշակութային գործիչների կողքին: Եղբոր թոռան՝ իշխան Ամատունու և նրա որդի Գարեգինի հավաստմամբ, նա իր  ունեցվածքը նվիրաբերել է Հայկական Բարեգործական Ընդհանուր Միությանը : Ցավոք նրա շիրմաքարը բարվոք վիճակում չէ և սպասում է իր  բարերարին:








Նիկոդիմոս Եսայու Ամատունի (ճշգրտված կենսագրությունը)


Նիկոդիմոս Եսայու Ամատունին

Նիկոդիմոս Եսայու Ամատունի

Նիկոդիմոս Եսայու Ամատունին ծնվել է 1859 թվականի մայիսի 3-ին (15-ին) ռուսական կայսերության Երևանի նահանգի Օշական գյուղում: Սկզբնական կրթությունն ստացել է ծննդավայրում, Օշական գյուղում՝ հոր ավագ քահանա Տեր Եսայու մոտ։ Չբավարարվելով նախնական կրթությամբ, հակառակ ծնողների կամքին, անակնկալ հեռանում է գյուղից և մեկնում Թիֆլիս՝ միանում դեռ 1784 թ. վրաց Հերակլ Երկրորդ թագավորի, ապա և ռուսաց Նիկոլայ Առաջին ցարի հրովարտակներով ազնվականի տիտղոսը վերաշնորհված, Թիֆլիսում ծանրակշիռ հեղինակություն վայելող իր ազգականներին: Ապացուցելով Օշականի և Թիֆլիսի ամատունիների գենետիկ ազգակցական տոհմային կապը վերականգնում է իր իշխանաց տիտղոսը:
Նիկոդիմոս Ամատունին սովորում և ավարտում է Ներսիսյան դպրոցը: Այստեղ նա ծանոթանում է թիֆլիսահայ կյանքին, մտերմանում է այն ժամանակվա հայ գրողների հետ, ընկերություն է անում գրող,թատերագետ, դերասան Պետրոս Ադամյանի հետ: Նիկոդիմոս Ամատունին ուսումը կրկին շարունակելու ձգտումով, այս անգամ մեկնում է Պետերբուրգ:
Այստեղ` սովորելուն և աշխատելուն զուգնթաց ակտիվ շփվում և մտերմանում է այն ժամանակների ակնառու գրեթե բոլոր մտավորականների, պետական ու քաղաքական դեմքերի հետ՝ բանասեր, պատմաբան Ալեկսեյ Շախմատովի, իրավաբան, ակադեմիկոս Անատոլի Կոնիի, գրողներ Մաքսիմ Գորկու, Լև Տոլստոյի, Ի.Ս. Տուրգենևի, Ֆ.Մ. Դոստոևսկու, Ն.Ա. Նեկրասովի, Վ.Գ. Կորոլենկոյի, Վլադիմիր Սոլովյովի,պատմաբան, ճանապարհորդ, ազգագրագետ Պավել Ռովինսկու և շատ, շատերի հետ:

ՈՒսանողական տարիներին Ն.Ամատունին (1886 թ ) ընդգրկվում է ռուսական քաղաքական, հասարակական գործիչ Դմիտրի Իվանովիչ Շախովսկոյի «Եղբայրություն» («Братства») միավորման մեջ, «Братства»-ն համալրում էր Պետերբուրգի համալսարանում սովորող և ավարտած երիտասարդ մտավորականներին , որոնց թվում էին այնպիսի ակնառու դեմքեր ինչպիսիք էին գրող, աշխարհագրագետ Վ.Կ.Ագաֆոնովը, գրող, հրատարակիչ Բ.Բ.Գլինսկին, պատմաբան ակադեմիկոս Մ.Ա.Դյակոնովը, ակադեմիկոս Վ.Վ. Վերնադսկի և շատ ու շատ ուրիշներ:

1889թվականին ավարտել է Պետերբուրգի կայսերական համալսարանի իրավաբանական ֆակուլտետը և ստացել իրավունքի գիտական աստիճան:

1890 թ. Հունվարի 30-ին աշխատել է դատական մարմիններում (уголовно кассационный департамент) նշանակվել է կառավարության սենատի քրեական վարչությունում և ունեցել է կոլեգիալ քարտուղարի պետական աստիճան՝ 10-րդ դասի պաշտոնեայի կարգավիճակով:

1893 թ. Փետրվարի 16-ից եղել է Եկատերինբուրգի մարզային դատարանների դատական քննիչ (դատախազ):

1895 թվականին Ամատունին 9-րդ դասի պետական տիտուլյար խորհրդական է:

1896 թ. ապրիլի 30-ից ` Վիտեբսկի , 1898 թվականի մայիսի 26-ի հրամանով աշխատել է Սարատովի մարզային դատարանների դատական քննիչ (դատախազ):
1901 թ. ամուսնացել է իր ազգականուհու` թատերական հայտնի գործիչ Նապոլեոն Ամատունու դստեր՝ Եվգենյայի հետ:
1903 թ. ապրիլի 17-ի հրամանով, սեփական հարցմամբ նշանակվել է Կամենեց-Պոդոլսկի մարզային դատարանի դատական քննիչը:

1903 թ.օգոստոսի 11-ի առևտրային նավագնացության գլխավոր կառավարիչի` մեծն իշխան Ալեքսանդր Միխաելովիչի հրամանով նշանակվել է Ռուսաստանի նորաստեղծ Առևտրային Ծովագնացության և Նավահանգիստների (ԱԾՆ)գլխավոր վարչության որպես VI կարգի հատուկ հանձնարարությունների գծով պետ :

1904 թվականին շնորհվել է պետական կոլեգիական խորհրդականի կարգավիճակ և նշանակվել է դեպի Պարսից ծոց և շրջակա շրջաններ Առևտրային Ծովագնացության և Նավահանգիստների (ԱԾՆ)գլխավոր վարչության կողմից հանդերձավորվող նավի արշավախմբի ղեկավար:

1905 թ. Օգոստոսից մինչև 1906 թ. Ապրիլը, Ամատունին, որպես Առեւտրի նախարարի հատուկ հանձնակատար գլխավորել է նույն ուղղությամբ իր երկրորդ գաղտնի արշավը դեպի Պարսից ծոցի նավահանգիստներ եւ հարեւան գավառներ` հույժ կարևոր ստրատեգիական նշանակություն ունեցող այս ռեգիոնի առևտրային հարաբերությունները Ռուսաստանի հետ կարգավորելու նպատակով:
1906 թվականին իշխան Ն. Ամատունին նշանակվել է առևտրի և արդյունաբերության նախարարության Ռուս-Դանուբյան Շոգենավագնացության (ՌԴՇ) վարչության ղեկավար կազմում (կենտրոնը` Պետերբուրգ):

1907թ իշխան Նիկոդիմոս Ամատունուն շնորհվել է պետական խորհրդականի(статский советник) աստիճան:

1908-1909 թթ. Ամատունին հետևել է Ռուսաստանի գետային նավատորմի աշխատանքների բնականոն գործունեությանը, մասնավորապես դանուբյան նավահանգիստներ, կապի միջոցների ապահովման աշխատանքներին, կարգավորել է ռուսական շոգենավային ընկերության առևտրային նավերի աշխատանքն ու ուղևորությունների ճշգրիտ ժամկետը: Նավատորմը համալրել է նոր նավերով: Բացահայտել է այս նավերի առևտրային նշանակությունը’ Ռուսաստանի համար:

1909 թ. վստահվել է «Իմպերատոր Նիկոլայ 2-րդ » շոգենավում կազմակերպված ռուսական արտադրության ապրանքների լողացող ցուցահանդեսի ղեկավարումը՝ Մերձավոր Արևելքի երկրների նավահանգիստներ այցելության համար:

1910 թվականին Ամատունուն այս անգամ վստահվել է 1911թ Թուրինի (Իտալիա) միջազգային ցուցահանդեսի ռուսական բաժնի կոմիսարի պատասխանատու պարտավորությունը:




1911 թվականին Ամատունին ստացել է պետական իսկական խորհրդականի աստիճան:

1913թ. թվականին եղել է Հայաստանում: Նրա միջնորդությամբ ու նախաձերնությամբ հիմնադրվել է ծննդավայր Օշական գյուղի դպրոցը, այդ տարիների համար եզակի մի երևույթ, երբ ցարական կառավարությունն ամեն ջանք ներդնում էր ռուսական ազդեցության ամրապնդման և հայկական դպրոցների վերացման համար: Նախորդող տարիներին և ոչ մի անգամ չի դադարել գործել եկեղեցում գործող ծխական դպրոցը, որի ավագ քահանան էր իր հայրը՝ Եսայի Ամատունին, իսկ եղբայրը՝ Գարեգին Եսայի Ամատունին եղել մի քանի գյուղերի ղեկավար (գլավնի) և դպրոցի հոգեբարձուների խորհրդի նախագահը: Նիկոդիմոսի հորեղբոր տղան, բառարանագետ ՝ Սահակ վարդապետ Ամատունին ևս, իր ուժերին ներածի չափով, նպաստել է Օշականի նորակառույց դպրոցի կառուցմանը, իսկ Նիկոդիմոս Ամատունին դպրոցի շենքի կառուցման ոչ միայն գլխավոր նախաձեռնողն էր, այլև ամենախոշոր բարերարը:

1914թ. Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին Կարմիր Խաչի միավորման գլխավոր տնօրինության հրամանով նշանակվել է հյուսիս արևմտյան Ճակատի դաշտային Պահեստի պատասխանատու ղեկավար:


Կարմիր Խաչի դաշտային պահեստների ղեկավարների համագումարում: Լուսանկարում Կարմիր խաչի պահեստների խորհրդի եւ համագումարի նախագահ Գոֆմեյստեր (միապետական պալատի 3-րդ դասի աստիճան) իսկական պետական խորհրդական Բ.Կ.Օրդինը(1): Անմիջապես նրա կողքին է նստած Կարմիր Խաչի Հյուսիս-Արևմտյան շրջանի պահեստի ղեկավար, Իսկական պետական Խորհրդական, իշխան Ն.Ի.Ամատունին(4), Խորհրդի նախագահի ուղեկից-օգնական, իսկական պետական խորհրդական, պրոֆեսոր Կոմս Օ.Վ. Պետերսենը(2):Կ.Խ-ի Դաշտային պահեստների հյուսիսային շրջանի ղեկավար, գեներալ Վ.Ս.Լվովը(5), Հարավ-Արևմտյան շրջանի ղեկավար, եգերմեյստեր (3-րդ դասի աստիճան), պետական իսկական խորհրդական Վ.Դ. Եվրեինովը(3), Հարավային շրջանի ղեկավար, պետական խորհրդական Ի.Յ.Էզաուն(7), Կովկասի շրջանի ղեկավար Ա.Յ. Միլլերը(6) Պետրոգրագյան պահեստի ղեկավար Ա.Ա.Սմիրնովը ( , Մոսկվայի պահեստի ղեկավար, պետական խորհրդական Ա.Դ.Վինոգրադովը(9), Կովկասի շրջանի պահեստի Տրապեզոնի բաժանմունքի վարիչ Վ.Վ.Զախարովը (10)


1916 թվականին նշանակվել է Գերագույն Խորհրդի Պետրոգրադյան հատուկ հանձնաժողովի Հասարակության բաժնի մշտական անդամ:
1917թ բոլշևիկների իշխանության գալուց հետո՝ քաղաքացիական պատերազմի տարիներին Ն.Ի. Ամատունին Ռուսաստանի հարավում Վրանգելի հետ մասնակցում է սպիտակգվարդիականների շարժմանը:
Մինչև վերջ ձգտում է պայքարել ու երկիրը զերծ պահել բոլշևիկյան հեղափոխության անկասելի տիրապետությունից:
1920թ. Կարճ ժամանակ ընդգրկվում Ռուսաստանի Հարավային կառավարության կազմում, մասնակցում ֆինանսական և տնտեսական համագումարին:

1920թ.Սպիտակ բանակի վերջնական ձախողումից ու բոլշևիկների լիակատար իշխանության գալուց հետո, Ամատունին արտագաղթել է Ֆրանսիա: Նա այնտեղ շարունակել է իր հասարակական քաղաքական ակտիվ գործունեությունը՝ մասնակցել ռուսական մի քանի հասարակական կառույցների հիմնադրմանը և գործունեությանը: Մասնավորապես Ալեքսանդրա Ֆյոդորովնա կայսրուհու հիշատակին նվիրված ընկերության(1927), ռուսական դատական գործիչների միության, Սանկտ Պետերբուրգի համալսարանի նախկին ուսանողների միության ստեղծմանը(1935) , եղել է Կարմիր Խաչի Ընկերության Ռուսաստանի Գլխավոր վարչության անդամ (1941-1942), հանդես է եկել հիշողություններով, գրի առել դրանք:
Կյանքի վերջին ժամանակահատվածում ապրել է Փարիզին մերձակա Սենտ Ժենեվև դը Բուա քաղաքի ռուսական տանը, որին կից գործել է ռուսական եկեղեցին: Մահացել է 1946 թվականի մարտի 4-ին և թաղվել Սենտ Ժենեվև դը Բուա քաղաքի գերեզմանատանը՝ բազմաթիվ ականավոր ռուս մտավորականների, զինվորական, քաղաքական, մշակութային գործիչների կողքին:

Պարգևներ

1914 թվականից կրել է 1899թ.հունիսի 24-ի բարձրագույն մարմնի սահմանած Կարմիր Խաչի կրծքանշան:


Նիկոդիմոս Եսայու Ամատունի

1915 թ Ամատունին պարգևատրվել է Սուրբ Վլադիմիրի երրորդ աստիճանի շքանշանով:
1916 թ հունիսի 22-ին արժանացել է Սուրբ Ստանիսլավի առաջին կարգի շքանշանի՝ պատերազմական իրավիճակում Ռուսական Կարմիր Խաչի միավորումում կատարած աշխատանքի համար :
Պարգևատրվել է Ալեքսանդր Երրորդ կայսեր հիշատակի արծաթե մեդալով:
Պարգևատրվել է Ռոմանովների Տան 300 ամյակի բրոնզե մեդալով :
Տիրոջ Սուրբ Գերեզմանի Ճշմարիտ Խաչ միաբանության անդամ է :
Քաղաքացիական արժանիքների համար պարգևատրվել է Բուլղարական երրորդ կարգի շքանշանով:

Վահան Ամատունի
Hay Azian
«Նիդերլանդական օրագիր»







Ամատունիների իշխանական տոհմի մասին այս նախագծի հեղինակն է «Նիդերլանդական օրագիրը»:
Լուսանկարներն ու հոդվածաշարը հրապարակվում են առաջին անգամ: Հեղինակային իրավունքը պատկանում է՝  «Նիդերլանդական օրագրին»: Գրավոր հղումը՝ պարտադիր է:
ՈՒշադրություն
Հայ ազնվական Ամատունի տոհմի մասին պատմող այս նախագծը նպատակ ունի սփյուռքի և Հայաստանի մեր ընթերցողներին ծանոթացնել հայ ազնվական դասին, բացահայտել նրանց մասին գրված ու ավելի շատ չգրված էջերը, վեր հանել հայ ժողովրդի պատմության պայծառ էջերն ու պատմել մեր անվանի զավակների մասին: Նախագծի իրականացման համար պահանջվում է ժամանակ և միջոցներ` տեղային ու արխիվային ուսումնասիրությունների համար: Առանձին ուսումնասիրություններ ծախսատար են (օրինակ` Նիկոդիմոս Ամատունու մասին, ծնվել է Օշականում, ապրել և աշխատել է Վրաստանում, Ռուսաստանում : Նրա աճյունը գտնվում է Փարիզում` ամփոփված է ռուս նշանավոր գործիչների կողքին:

Ամատունիների իշխանական տոհմի մասին  «Նիդերլանդական օրագրի» նախագծի այլ հոդվածները

Ամատունիների շառավիղները

Նիկոդիմոս Եսայու Ամատունու մասին

Ազգագրագետ Սերգեյ Դմիտրիևը և Իշխան Նիկոդիմոս Ամատունու մասին նրա աշխատությունը

Իշխան Նիկոդիմոս Ամատունու կենսագրությունից (1903-1913)

Օշականի Ամատունիները և նրանց ավանդը տեղի դպրոցի ու եկեղեցու կառուցման գործում

Իշխան Նիկոդիմոս Ամատունու առնչությունը ռուսական ազգագրական թանգարանի հետ

Ազգագրագետ Սերգեյ Դմիտրիևը և Իշխան Նիկոդիմոս Ամատունու մասին նրա աշխատությունը

Նիկոդիմոս Ամատունին Բենուայի հուշերում

Սահակ վարդապետ Ամատունի. նոր էջեր կյանքի տարեգրությունից

Սահակ վարդապետ Ամատունու գերեզմանը վանդալիզմի ենթարկված

Ե՞ՐԲ Է ՄԱՀԱՑԵԼ ՍԱՀԱԿ ՎԱՐԴԱՊԵՏ ԱՄԱՏՈՒՆԻՆ

Արձագանք` «Սահակ վարդապետ Ամատունու գերեզմանը վանդալիզմի ենթարկված» հոդվածին

Սերունդներն այլևս կհիշեն որտեղ է թաղված Կոմիտասի առաջին ուսուցիչ Սահակ Ամատունին

Ամատունու նախաձեռնած «լողացող ցուցահանդեսը» «Իմպերատոր Նիկոլայ 2-րդ» շոգենավի վրա

Թեմային առնչվող այլ նյութեր`
Պոլսո «Ժամանակ» թերթը «Նիդերլանդական օրագրի» նախագծին գործակից

Թումանյանը, Կոմիտասն ու Սահակ Ամատունին

Այսօր իշխան Նիկոդիմոս Ամատունու մահվան տարելիցն է
Հոդվածի այլ հղումներ.

ԺԱՄ (ռուս.)