Страницы

Wednesday, 21 March 2018

Մի՜ կրկնեք սխալ, որ երբևէ չամաչեք ինքներդ ձեզնից․․․


Օտարության մեջ գտնվող ամեն մի հայ Մայր Հարենիքից զատված մի պտղունց հողն է, որ երբեք այնպես պարարտ չի լինի ինչպես Հայաստանում, Հայրենիքից հեռացած և պանդխտության ճամփան բռնած ամեն մի հայ ծիրանենու այն սերմն է, որ օտար հողում , օտար արևի ցրտաբեր շողերի տակ երբևէ չի ծաղկի, և ի վերջո օտար լեզվի դռները թակող ամեն մի հայ իր Մայր լեզվի տաճարը կքանդի, եթե չխոսի հայերեն, առավել ևս հայոց լեզուն չսերմանի իր զավակների ու սերունդների մեջ։ Հիմա, երբ Հայաստանն ալրամաղի նման դատարկվում է, և հայոց հասկերն օտար հողում են գլուխ բարձրացնում՝ փորձելով ծաղկել, մեր ազգայինի և հայեցիի պահպանման սուրբ գործընթացն առավել քան արդիական է և մտահոգեցնող։ Փառք Աստծո, որ այսօր  սփյուռքում  անգամ կան  բազմաթիվ հայկական դպրոցներ ու կրթօջախներ՝ մեր ոսկեծամիկ լեզուն սերունդներին ուսանելու: Ավաղ, ծնողների մեծ մասը նախընտրում է իր շաբաթօրյա, կամ կիրակնօրյա հանգիստն անցկացնել մեծամասամբ գինարբուքների և խնջույքների մեջ՝ մի կողմ դնելով իր երեխաների՝ հայեցի կրթման և դաստիարակման գործընթացը, հաճախ արտաբերելով, թե ինչ անհրաժեշտություն կա հայոց այբուբենը իմանալու, հայերեն կարդալ և գրելու, երբ առավելագույնը տարին մեկ անգամ են արձակուրդներին այցելում Հայաստան՝ տեսարժան վայրերը վայելելու համար։
Ինքս ինձ չտարանջատելով որևէ մեկից՝ հաճախ եմ ինքս ինձ հարցնում.  «Մի կերպ զավակներիս կկարողանամ հայեցի կրթել և դաստիարակել, բայց առավելագույնը մեկ սերունդ, հետո կքաղեմ իմ անտարբերության պտուղներն ՝օտարամոլ բարքերով ու սովորույթներով, սրբատյաց և նեռամոլ  ավանդույթներով զետեղված»։
Եվ գուցե մի օր , ամոթի զգացումով և սեփական անձի նկատմամբ զայրույթով լցվեմ,երբ որևէ մեկը հեգնանքով ինձ արտաբերի. «Դու ի՜նչ բանաստեղծ, կամ հայագետ, երբ զավակներդ հայոց լեզվին չեն տիրապետում...»
Հա, մոռացա ասել և կոչ անել Նիդերլանդների Լիմբուրգի մարզի և նրան հարակից շրջանների հայությանը, որ արդեն վաղուց Մաստրիխտի  «Անի» հայ համայնքում գործում է կիրակնօրյա հայկական դպրոց*), որտեղ Ձեր զավակները կարող են անվճար թե՜ հայոց լեզուն սովորել, և թե՜ կրոնի դասերի հաճախել։
Մի՜ կրկնեք  սխալ, որ երբևէ չամաչեք ինքներդ ձեզնից․․․

Հարգանքներով՝ Արտակ Մանուկյան

*)-Նիդրրլանդների գրեթե բոլոր  հայաշատ վայրերում գործում են հայկական  կիրակնօրյա դպրոցներ, որոնք ընդգրկված են  միասնական  Հարթակում,-ծանոթ. ՆԻԴ.ՕՐԱԳՐԻ


No comments:

Post a Comment