Страницы

Thursday, 8 March 2018

մի հայ ընտանիքի գեղեցիկ կանանց գարնանային օրվա պատմություն

Գարնան առաջին օրը թակում է դուռը և իր հետ բերում կենարար զարթոնքի ու գեղեցկության շունչը: Այսօր արդեն տոն է՝ մարտի 8-ը: Ներկայացնեմ այս գեղեցիկ ու ժպտադեմ կանանց: Նիդերլանդների Ալմելո քաղաքի Հայ Առաքելական եկեղեցու «Սուրբ Մեսրոպ Մաշտոց» կիրակնօրյա դպրոցի տնօրեն Սվետլանա-Անժելա Անդրեասյանն է (լուսանկարում՝ կենտրոնում) իր նրբագեղ ու հմայիչ դուստրերի՝ Հասմիկի (լուսանկարում՝ ձախից) և Գայանեի (լուսանկարում՝ աջից) հետ:


Գայանա Հելդեր Վարդանյանը (աջից), 36 տարեկան է, ամուսնացած, երկու աղջնակների մայր է, աշխատում է որպես Նիդերլանդների հիմնարկների ցանցի և հեռախոսների ցանկի թվային տեղեկատվության համակարգում, աշխատանքի և աշխատողների որակի, բարելավման, նոր նախագծերի զարգացումների, ֆինանսների համար պատասխանատու բաժինների տնօրեն: Նաև զբաղվում է քաղաքականությամբ, VVD կուսակցության շարքում իր թեկնածությունն է առաջադրել տեղական մարմինների ընտրություններում և գոնե տարածաշրջանի հայերը մարտի 21-ին պետք է, որ քվեարկեն իրենց հայրենակցի օգտին:


Հասմիկ Վարդանյանը (ձախից), 29 տարեկան: Ավարտել է Ամստերդամի համալսարանը, այնտեղ էլ ստացել մագիստրոսի կոչումը: Կես տարի աշխատել է Նյու Յորքում՝ ՄԱԿ-ի գրասենյակում, հետո Նիդերլանդների «Օրմետ» հիմնարկության կողմից գործուղվում է Եվրոպական հիմնարկներ, որպես տարբեր ծրագրերի ղեկավար: Այս պահին կարևոր ծրագրի ղեկավար է Nike ֆիրմայի Եվրոպայի գլխավոր գրասենյակում :

Ինչ վերաբերվում է այս գեղեցիկ ու հմայիչ աղջիկների մորը՝ Սվետլանա-Անժելա Անդրեասյանին, կարծում եմ Նրան շատերն են ճանաչում: Նիդերլանդներում՝ հայտնի է նրա հիմնադրած «Ս. Անդրեսյան թարգմանչական գրասենյակը», շատերին է օգնել թարգմանչական գործում, նաև «Հոլլանդ-Արմենիա բարեգործական միության» նախագահն է:

Ամենից շատ Սվետլանա-Անժելա Անդրեասյանին (Svetlana Andresian) գիտեն որպես մանկավարժի:
Սեփական դուստրերից ու թոռնիկներից բացի Սվետլանան առանձնակի սիրով է կապված հարազատ դպրոցի սաներին: Նա 15 երկար ու ձիգ տարիներ դասավանդում է հայաշատ Ալմելո քաղաքի Հայ Առաքելական եկեղեցու «Սուրբ Մեսրոպ Մաշտոց» կիրակնօրյա դպրոցում:
Դպրոցի նախկին տնօրեն, երջանկահիշատակ Մանուկ Մկրտչյանից հետո ստանձնել է կրթօջախի ղեկը և պատվով է կատարում իրեն վստահված աշխատանքը: Սվետլանան երջանիկ ու հպարտ է իր աշակերտներով: Առկա է առաջընթացը: Դպրոցը հիմնվել է 2003թ. նոյեմբերի 27-ին: Դպրոցի հիմնական նպատակը հայեցի դաստիարակությունն է , հայկական մշակույթը, լեզուն, պատմությունը և կրոնը ուսումնասիրելը : Սկզբնական շրջանում դպրոցում սովորել են 10-12 աշակերտ: Այժմ դպրոց են հաճախում 90-ից ավելի աշակերտ՝ 6 դասարաններով: Դպրոցը սերտորեն համագործակցում է Նիդերլանդների ու Հայաստանի դպրոցների հետ, գործում է 2012թ. ստեղծված Նիդերլանդներում գործող մեկօրյա դպրոցների հարթակի կազմում: 
«Հիմա մի դպրոց էլ մեծերի համար ենք բացել,-պատմում է Սվետլանան: 28 աշակերտ ունենք՝ 18- ից բարձր տարիքի: Ամեն երկուշաբթի՝ մեր ուսուցչուհիներից մեկի հետ, ժամը 19:00- 21:00-ը գրաճանաչության և բանավոր խոսքի զարգացման դասեր ենք պարապում : Մեծ հաճույքով գալիս և լավ սովորում են մեր տարեց աշակերտները»:

Ահա այս լուսանկարի չափ նույնքան պայծառ էր օտար ափերում ապրող մի հայ ընտանիքի գեղեցիկ կանանց գարնանային օրվա պատմությունը:
Hay Azian

Օգտվելով առիթից «Նիդերլանդական օրագիրը» շնորհավորում է Նիդերլանդներում և աշխարհում ապրող, աշխատող, արարող ու իրենց ընտանիքի հոգսերը հոգացող մեր մայրերին ու քույրերին, տատիկներին' գարնան զարթոնքի տոնի, մարտի 8-ի կապակցությամբ:

No comments:

Post a Comment