Страницы

Saturday, 10 February 2018

«Նիդերլանդական Օրագիր»-5. Կարծիքներ ու բարեմաղթանքներ. Տեր ՏԱՐՈՆ քահանա ԹԱԴԵՎՈՍՅԱՆ

«Նիդերլանդական Օրագրի »5-ամյակի (փաստացի՝  9) կապակցությամբ  շնորհավորական ուղերձներ  ունեցանք Նիդերլանդահայ գրեթ  բոլոր համայնքներից  և բազմաթիվ  կառույցներից:  «Նիդերլանդական Օրագրին» շնորհավորել են Հաագայի, Մաստրիխտի, Նայմեխենի, Ամստերդամի, ՈՒտրեխտի, Ալմելոյի, Դեն Բոսի, Պյուրմերենդի և այլ քաղաքների հայ համայնքի ղեկավարներն ու անդամները: Արձագանքներ ունեցանք նաև Հայաստանից ու սփյուռքից, որոնց մի մասը ցանկանում ենք ներկայացնել մեր ընթերցողին:

Տեր ՏԱՐՈՆ քահանա ԹԱԴԵՎՈՍՅԱՆ
Ամստերդամի Սուրբ Հոգի եկեղեցու հոգևոր հովիվ
(Նիդերլանդներ)





«Նիդերլանդական Օրագրին» իմ ասելիք խոսքը ուզում եմ փոքր ինչ հեռվից բերել:
Դեռևս Ք.Ա. 6-րդ դարում Հերակլիտ անունով մի փիլիսոփա հայտարարեց, որ երկրի վրա և տիեզերքում, առհասարկ, ամեն ինչ հոսում է, ամեն ինչ փոխվում է: Այդ փոփոխություններն ու հոսքը ղեկավարվում և ուղություն է ստանում մի սխեմայով, որը հաստատվում է «լոգոսի»՝ «խոսքի» կողմից: Ըստ Հերակլիտի, Լոսգոսը՝ Խոսքը, կարգուկանոն է հաստատում և դրա շնորհիվ է, որ երկիրը գոյություն ունի ցայսօր:
Այս միտքը հետագայում Հովհաննես ավետարանիչը պիտի օգտագործեր հրեական և հունա-հռոմեական մշակույթի կրող իր ունկնդիրներին Քրիստոսի կերպարն ավելի հասկանալի դարձնելու համար և իր ավետարանը պիտի սկսեր հետևյալ տողերով. «Ի սկզբանէ էր Բանն (Խոսքը), Առ Աստուծ էր Բանն եւ Աստուծ էր Բանն»:
Այս երկու պարագային էլ խոսքը՝ լոգոսը, բացարձակություն է, նույնացվում է Աստծո հետ, բացարձակ Մտքի, բացարձակ Ինտելեկտի հետ:
Խոսքի հասարակ օգտագործողներս մեր կյանքում շատ ենք զգացել, թե ինչ ազդեցություն կարող է ունենալ դրա պարզ գործածությունն անգամ: Հիրավի ռուս մտավորականներից մեկն ասել է ՝ Խոսքը մարդկային ուժի զորավարն է: Խոսքն օգտագործվում է ամենուր և ամեն ասպարեզում: Խոսքը գլխավոր զենքն է նաև լրատվական դաշտի: Լրատվական դաշտում և լրագրողի ձեռքում է գտնվում մարդկային այդ զորավոր ուժը՝ խոսքը:
Սիրելի և հարգարժան Hay Azian, գլխավոր խմբագիր «Նիդերլանդական օրագիր» լրատվական կայքէջի, մենք մեզ ապահով ենք զգում և ուրախ ենք, որ այդ հզոր գործիքը գտնվում է Ձեր պես ազնիվ մարդու ղեկավարության ներքո:
«Նիդերլանդական օրագիրը»՝ հոլանդահայության հույզերի և նպատակների արտահայտիչը 5 տարեկան է ( թեև իր գործունեությունը սկսել է շուրջ 9 տարի առաջ): Շնորհավորում ենք Ձեզ և «Նիդերլանդական օրագրի» անձնակազմին հոբելյանական տարեդարձի կապակցությամբ:
Սոկրատեսն ասել է՝ խոսի՛ր, որպեսզի ես կարողանամ ճանաչել քեզ: Այս անցնող հինգ և ավելի տարիների ընթացքում դուք խոսեցիք, և մենք կարողացանք ճանաչել ձեզ: Անցնող տարիներին ականատես եղանք, թե ինչպես, սրտացավ վերաբերմունք դրսևորելով, կարողացաք հետևել հայկական տասնյակ միությունների կողմից իրականացվող բոլոր միջոցառումներին, հրապարակայնացնել և հանրության համար ավելի տեսանելի դարձնել մեր միությունների գործունեությունը և ցուցաբերել անկողմնակալ վերաբերմունք բոլոր կառույցների նկատմամբ: Ձեր առաքելության ողջ պատասխանատվության քաջ գիտակցությամբ՝ օգնել եք հոլանդահայ հասարակությանը, և ոչ միայն, տեղակ լինելու Հոլանդիայում հայկական միջոցառումների, հայությանը վերաբերող անցուդարձի մասին: Հատկապես ցեղասպանության հարյուրամյա տարելիցի միջոցառումները կարողացաք խոհեմ կերպով հասանելի դարձնել նաև հոլանդական հասարակությանը: Վստահ ենք, որ ապագայում ևս նույն ջանքով ու եռանդով պիտի շարունակեք Ձեր կարևոր ու պատասխանատու աշխատանքը: Համատեղ աշխատանքով մեր հայկական բոլոր կառույցների հետ հավատում ենք, որ պիտի շարունակենք արձանագրել մեր կյանքում նորանոր ձեռքբերումներ ու հաջողություններ:

Դարձյալ շնորհավորում եմ՝ մաղթելով «Նիդերլանդական Օրագրին» անխափան ընթացք և ամենայն բարիք:

No comments:

Post a Comment