Նրանք դեռևս անցյալ տարվանից են ցանկացել ծրագրին մասնակցել, բայց քանի որ սահմանված կարգով կրտսեր քրոջ` Նազելիի տարիքը չի համապատասխանել, եղբայրները սպասել են նրա տասներեք տարեկանը բոլորելուն: Եվ, ահա, նրանք այս տարի բռնել են «Արի տան» ճամփան:
Խաչիկ Ֆրանկյան–Ապրելով օտար երկրում` մեզ հնարավորություն է տրված լիովին բացահայտելու Հայաստանն ու կապվելու հայկական հողին: Վստահ եմ` «Արի տուն» ծրագրին մասնակցելուց հետո առավել հայրենասեր կդառնամ, կարժևորեմ հայի ինքնությունս և ընկերական շրջապատս կընդլայնեմ:
Հայաստան առաջին անգամ 2003 թվականին եմ եկել, դրական փոփոխություններն, իրոք, նկատելի են. ժամանցի և զբոսանքի վայրերն են շատացել, իսկ Երևանն ավելի բարեկարգ է դարձել: Հայաստանի տեսարժան, պատմամշակութային վայրերից հատկապես շատ եմ սիրում Սևանա լիճը, Գառնու տաճարն ու Գեղարդի վանքը: Տեղյակ եմ, որ «Արի տուն» ծրագրի շրջանակներում այցելելու ենք վերոնշյալ վայրեր, որի համար շատ ուրախ եմ:
Ալմելոյում համախմբված հայկական համայնք է գործում, հայանպաստ տարբեր միջոցառումներ են կազմակերպվում, տոները նշվում:
Շատ եմ սիրում Սուրբ Ծնունդը, երբ ընտանիքով գնում ենք հայկական Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի՝ մասնակցելու պատարագի և մոմ վառելու:
Ավետսիս Ֆրանկյան–Ալմելոյում շախմատի խմբակ եմ հաճախում: Հոլանդիայում կայացած շախմատի մրցույթներին մի քանի անգամ հաղթող եմ ճանաչվել:
Նպատակս է շախմատում գրանցած հաջողություններով նպաստել աշխարհում Հայաստանի առավել ճանաչմանը և ցույց տալ, որ հայերը խելացի, տաղանդավոր մարդիկ են:
Եղբորս ու քրոջս հետ մեծ ուրախությամբ եմ եկել մասնակցելու «Արի տուն» ծրագրին, հուսով եմ`մեր սպասելիքները կարդարանան և վառ տպավորություններով տուն կվերադառնանք:
Նազելի Ֆրանկյան–Մեր ծնողներն ամեն ինչ անում են, որպեսզի միշտ Հայաստանին մեզ մոտ զգանք, տանը հայերեն խոսենք: Հայկական բոլոր տոները նշում ենք: Տոնական օրերին մեր սեղանը ավանդական ուտեստներն են զարդարում, որոնց պատրաստման գործում ես նույնպես մասնակցություն եմ ունենում:
Նիդերլանդներում փորձում եմ օրերս հետաքրքիր դարձնել, որի բաղկացուցիչ մասն էլ հայ ընկերներիս հետ զբոսանքի դուրս գալն է կազմում:
«Արի տուն» ծրագրին մասնակցելով՝ կբարելավեմ հայոց լեզվի իմացության մակարդակը, նոր ծանոթություններ կհաստատեմ և կայցելեմ այն բոլոր վայրերը, որոնք մինչ այժմ համացանցի միջոցով եմ միայն տեսել:
Զրույցի ընթացքում երեխաները խոր ափսոսանք են հայտնել իրենց տնօրենի' Նիդերլանդների Ալմելո քաղաքի Հայ Առաքելական եկեղեցու Մեսրոպ Մաշտոց կիրակնօրյա դպրոցի մանկավարժ Մանուկ Մկրտչյանի մահվան առիթով` նշելով, որ նրանից շատ բան են սովորել. «Մեր հուշերում նա միշտ կմնա որպես հայրենասեր մարդ: Երախտապարտ ենք նրան` մեզ հայոց լեզուն սովորեցնելու համար»-ասել են «Արի տուն» ծրագրին մասնակցած Նիդերլանդների Ալմելո քաղաքի դպրոցականները:
No comments:
Post a Comment