The Netherlands Diary/Նիդ.օրագիր

The Netherlands Diary/Նիդ.օրագիր
The Netherlands Diary

Thursday, 10 August 2017

Բյուրակն Իշխանյանի նիդերլանդական հուշերը / 3. Եվ հասնում ենք Ամստերդամ 4. Ուտրեխտը խոշորացույցով

byurakn.jpg
2-րդ մաս-3,4
2-րդ մասի պատմությունների սկիզբն այստեղ ՝
1/ 2


Բյուրակն Իշխանյանը ծնվել է 1986 թ․ Մոսկվայում։ Մեծացել է Երևանում՝ լրագրողների ընտանիքում։ Սովորել է Երևանի պետական բժշկական համալսարանում, մասնագիտացել է հոգեբուժության մեջ։ ՈՒսումնառության պրակտիկան անցկացրել է Հոլանդիայում, ապա 2011-ին Էրազմուս մունդուս կրթաթոշակային ծրագրով մեկնել է Եվրոպա՝ կլինիկական լեզվաբանություն մասնագիտությամբ սովորելու։ Ավարտելուց հետո աշխատել  է Նուբարաշենի հոգեբուժարանում և դասավանդել մանկավարժական համալսարանում, կարճ ժամանակ անց մեկնել է Դանիա՝ Կոպենհագենի համալսարանում հոգեբանություն և նյարդալեզվաբանություն մասնագիտությամբ ասպիրանտուրայում սովորելու։
Ներկայումս բնակվում է Դանիայի մայրաքաղաքում։ Մասնագիտական գործունեությունից բացի նաև գրում է պատմվածքներ, զբաղվում բլոգերությամբ և կատարում թարգմանություններ։

_____________________________
3. Եվ հասնում ենք Ամստերդամ
Մորս մորաքրոջ աղջկա՝ Անուշի հետ պայմանավորվել էի երեկոյան յոթից հետո: Ավելի շուտ հասա, որ վայելեմ քաղաքը, թեև անտանելի հոգնած էի:

Քայլում եմ դեպի կենտրոնական կայարանի հետևի կողմը ու զգում, որ ամեն մի մանրուք սարսափելի ծանոթ է: Յուրաքանչյուր խանութի հետ ինչ-որ փոքրիկ հիշողություն է կապված, որի մասին «Գրքանմանում» չեմ էլ գրել:

Հասնում եմ իմ սիրած տեղը ու հարմար տեղավորվում: Հակասական զգացողություն է առաջանում. մերթ թվում է՝ առաջին անգամ եմ այստեղ, մերթ՝ որ միշտ Ամստերդամում եմ ապրել ու ամեն օր եկել, նստել կենտրոնական կայարանի հետևում:

Ու երեկը նորից ջնջվել է, անհետացել: Երևանն իմ ժամանակի զգացողության մեջ չի տեղավորվում. այն երեկ չէր, ոչ էլ մի շաբաթ կամ մի ամիս առաջ, այլ ժամանակի մի ուրիշ, զուգահեռ կտորում: Եվ ինձ համար երեկ դառնում է երկու տարի առաջը, երբ գրեթե ամեն օր ես կենտրոնական կայարանի հետևում էի: Գուցե այդքան հարազատ է մնացել նաև նրա համար, որ վերջին երկու տարիների ընթացքում մտովի կամ երազներում հաճախ եկել եմ այս կողմերը, նստել, երազել:

Եվ ես գտնվում էի աշխարհում իմ սիրած վայրերից մեկում: Անջատվել էի: Ո´չ գրելու ցանկություն ունեի, ո´չ կարդալու: Գրկել էի պայուսակս ու վայելում էի ջրի ներկայությունը: Քամի կար, ու կտրուկ տարբերվում էր կայարանի մյուս կողմի անտանելի տոթից:

Եթե չիմանայի, որ Անուշենց պետք է գնամ, գուցե հավերժ այնտեղ նստեի: Աշխարհում չկա մի ուրիշ այնպիսի վայր, որ այդքան խաղաղություն տա ինձ, որքան Ամստերդամի կենտրոնական կայարանի հետևի կողմը:

...Անուշի բնակարանը գտա առանց դժվարության, բայց տանը չէր: SMS եմ գրում: Պատասխան չկա: Ի՞նչ անել: Վերադառնա՞լ Ուտրեխտ, թե՞ գրել Թեդոյին, որն իր տունն առաջարկել էր, եթե Ամստերդամում գիշերելու տեղ չունենայի: Իսկ գուցե պե՞տք էր սպասել: Շենքում հաստատ չէ: Խեղդվում էի: Ամստերդամի մուտքերի առանձնահատկություններից մեկն էլ այն է, որ շնչելու օդ չկա:

Դուրս եկա: Լավ էր՝ շենքի մոտ խաղահրապարակ կար, իսկ այնտեղ՝ նստարան. կարող էի նստած սպասել: Արդեն երեկո էր, ու շոգն էլ կոտրվում էր: Մի քիչ էլ, ու նույնիսկ ժակետ հագնելու կարիք կլիներ:

Ինչքա՞ն սպասել: Չէ, Անուշը հո չի՞ փախչելու. պիտի ի վերջո տուն գա, չէ՞: Իսկ եթե մեկնել է քաղաքից դու՞րս: Այդ դեպքում մինչև ուշ գիշեր էլ սպասեմ, չի գա, ու Թեդոյի մոտ գնալու կամ Ուտրեխտ վերադառնալու համար ուշ կլինի:

Մորս SMS եմ գրում. գուցե զանգի Անուշին:

Ի՞նչ եմ անելու: Աչքերս արդեն լցվում են: Կողքի մուսուլման կանայք անընդհատ ինձ են նայում: Հասկանու՞մ են՝ ինչ է կատարվել:

Քիչ անց... Անուշը քայլում է դեպի ինձ.
- Ի˜նչ լավ ա՝ չես գնացել:
Պարզվում է՝ նրա SMS-ները չեն հասել ինձ: Կորչի ռոումինգը:

Աննըմարին՝ Անուշի դուստրը, մեքենայից դուրս է թռչում, գալիս, ինձ փաթաթվում: Ծանոթանում եմ Անուշի սևամորթ ընկերուհու՝ Էլլայի հետ:


4. Ուտրեխտը խոշորացույցով

Մի շիշ կոլա, «Գրքանմանս», և ես իջել եմ ջրանցքի ափ, հարմարվել նստարանին: Հետևում եմ կեղտոտ կանաչ ջրերին, մեջը լիքը տերևներ ու մի քանի բադ՝ կտուցները պոչերին: Ժամանակ առ ժամանակ նավեր են անցնում: Ցուրտ է, քամի կա: Պատսպարվել եմ ծառերի տակ, իսկ դրանք լիքն են: Աղավնիները չեն վախենում մոտենալուց:
Ինչքան ճամփորդել եմ, չեմ տեսել մի այնպիսի քաղաք, որը բնությունից այնքան կտրված լինի, ինչքան Երևանը:
***
Այստեղ ես ընդհատեցի և տուն եկա: Չէ´, չհոգնեցի, ասելիքս չփոխվեց: Ուղղակի ինչ-որ բան ճլրթաց տետրիս վրա ու ոտքիս: Մի քանի վայրկյան անց հասկացա, որ ինչ-որ մեկը վերևից ծրտեց: Պայուսակս բացեցի, որ անպետք թուղթ գտնեմ, որովհետև անձեռոցիկ չէի վերցրել հետս (ինչպիսի˜ անհեռատեսություն): Պոկեցի Դոմից վերցրածս բուկլետի վերջին էջն ու սրբեցի: Բայց օգուտը մեծ չէր: Տետրիս համար այնքան չէի անհանգստանում, որքան շալվարիս: Իսկ կողքի նստարանի գարեջուր խմող սիրուն տղան թաքուն ինձ էր նայում ու ծիծաղում: Չէ´, չէի կարող դիմանալ. պետք է հեռանալ:

Լավ, անցնենք Ուտրեխտին...

Պարզվում է՝ քաղաքը շատ ավելի փոքր է, քան ես պատկերացնում էի: Սկզբում մտածում էի՝ կենտրոնին մոտ եմ ապրում, բայց երբ երեկ Էլլան մեքենայով բերեց ինձ, պարզվեց՝ քաղաքի ծայրից էլ հեռու չեմ:

Զբոսանքը սկսվեց Դոմից. հսկայական եկեղեցի է, դիմացը՝ աշտարակ:




Տղաները դրա հետ կապված մի ծիծաղելի պատմություն պատմեցին: Մանրամասները կճշտեմ ու դա էլ կգրեմ: (բայց արդեն ոչինչ չեմ հիշում):

Մտանք համալսարանի ակադեմիական մասնաշենք: Դուրս գալիս է Ուտրեխտի հնության ու նորի համադրումը: Այս շենքը բավական հին էր, ու թեև ներսը լավ նորոգված էր, նրա հնությունը պահպանել էին: Իսկ այն տունը, որտեղ ապրում եմ, ինչքան ուժ ունի, ժամանակակից է:

Ակադեմիական մասնաշենքում կար մի դահլիճ, որտեղ տեղի են ունենում թեզերի պաշտպանություններն ու գիտական աստիճանների շնորհումները: Այնտեղ փակցված էին համալսարանի բոլոր ռեկտորների յուղանկարները, իսկ դրանք, շարված լինելով մի քանի շարքով, գրավում էին ամբողջ երեք պատ: Չորրորդին էլ թագուհու նկարն էր:



Թեկուզ Ուտրեխտը փոքր է, այնտեղ ամեն մի անկյունում մի հետաքրքիր բան կա:


.



.

Տղաները պատմեցին կաթոլիկների և բողոքականների պատերազմների, իսպանացիների տիրապետության և անգամ մարմնավաճառների մասին:
- Որտեղ տեսնում եք կարմիր լույս, նշանակում է՝ տարածքում մարմնավաճառներ կան: Այստեղ Ամստերդամի նման չէ. ընդամենը մի փոքրիկ փողոց է: Ամստերդամում կարելի է նաև կապույտ լույս տեսնել: Դա նշանակում է, որ ապակու հետևի կինը տղամարդ է:

«Պաշտոնական» պտույտից հետո, որի ժամանակ քչերի, ավելի ճիշտ՝ միայն մի հոգու հետ մի քիչ շփվեցի, անցա իմ մեն-մենակ, մտքերի ուղեկցությամբ զբոսանքին: Քայլեցի Hemingway կոչվող սրճարանի մոտով, հիացա մի փոքրիկ արձանով, որի մասին տղաներն այդպես էլ ոչինչ չասացին և որի մոտով մի քանի անգամ անցել էի, վերադարձա ու մոտիկից ուսումնասիրեցի:

Ապարատս միացրի ու նկարեցի: Հետո տեսա անունը. Աննա Ֆրանկ, իսկ փոքրիկ պատվանդանի տակ՝ չորացած ծաղիկներ:


Ուտրեխտ ասելով շատերը հասկանում են հենց Դոմը, իսկ ես փոքրիկ Աննա Ֆրանկին ու Hemingway կոչվող սրճարանը պիտի հիշեմ: 


Շարունակելի...

No comments:

Post a Comment