The Netherlands Diary/Նիդ.օրագիր

The Netherlands Diary/Նիդ.օրագիր
The Netherlands Diary

Thursday, 3 August 2017

Բյուրակն Իշխանյանի նիդերլանդական հուշերը / 1. Սկիզբը

00:41, ուրբաթ, 04 օգոստոսի, 2017 թ.
Բյուրակն Իշխանյանի նիդերլանդական հուշերը / 1. Սկիզբը
    
    

    
2-րդ մաս-1
Սկիզբն այստեղ՝ 0

     (1/ 2/ 3/ 4/ 5/ 6/ 7/ 8/ 9/ 10)
    
    
     Մեր ընթերցողների ուշադրությանն էինք ներկայացրել Բյուրակն Իշխանյանի Նիրերլանդների մասին գրառում-հուշերի առաջին մասը: Հեղինակի 11 գրառումները ներառում էր 2007 թվականի Ամստերդամում նրա մեկամսյա պրակտիկայի ժամանակաշրջանը: Լինելով անձնական բնույթի օրագրային գրառում-հուշապատում, պատմություններն այնուամենայնիվ բավականին հետաքրքրական էին:
     Բյուրակն Իշխանյանի livejournal -ում տեղադրված բլոգը, որտեղ բազմաթիվ այլ պատմությունների շարքում նաև նիդերլանդական կյանքի մասին այս հուշերն են, վերնագրված է այսպես՝ «Տաղտկալի՜, ձանձրալի՜ պատմություն
     Եվ ծագում է արևը...»

     Առաջին տողը խոշոր տառերով է: 2-րդ տողը «Եվ ծագում է արևը...» գրված է փոքր, աննշան տառերով:
Սա, մեր կարծիքով պատահական չէ՝ և հոգևիճակ է ընդգծում: Այնուամենայնիվ, գտնում ենք, որ ձանձրալի ու տաղտկալի թվացող մեր իրականությունում կա հույսի, լույսի ու կյանքի ջերմության փոքրիկ, բայց հզոր կետը ՝ Արևը, որ կյանքն ապրեցնող հզոր ուժ է:
Հեղինակը կիսվում, անկեղծանում է ընթերցողի հետ ՝ նրան ներքաշում իր ներաշխարհ՝ այդքան ծանոթ ու անծանոթ Նիդերլանդական իրականությունը: Այստեղ կյանքի, կենցաղի ու առօրյայի մասին պատմվող անգամ աննշան դեպքերն ու անցքերը, շնորհիվ հետաքրքիր ու անկեղծ պատումի գրավիչ ու հետաքրքրական է դառնում:
     Զուր չէ, որ ձևավորվել է ընթերցողների մոտ 4000-անոց ստվար խումբ, ովքեր հետևում և սպասում են Բյուրակն Իշխանյանի նիդերլանդների մասին ունեցած գրառումներին:
     Ինչո՞վ է այն հետաքրքիր ու արժեքավոր՝ արդեն ասել ենք:
    
     Այժմ ներկայացնում ենք հեղինակի 2009 թվականի Նիդերլանդների ՈՒտրեխտ քաղաքի ամառային դպրոցի, այնուհետև 2011-2013թթ. Խրոնինգեն քաղաքում ունեցած ուսումնառության տարիների նիդերլանդական օրագիրը, որը պակաս հետաքրքիր չէ...
     _________________________
    
    
Վեցը ութում
Վերջապես հասանք անցյալ տարվա հոլանդական պատմությանս: Էս մեկը մյուսներից շատ եմ սիրում: Երևի նրանից է, որ կարճ ժամանակում լիքը բան եղավ: Մի խոսքով, օրը մեկ-երկու հատվածով կներկայացնեմ:
    
     1. Սկիզբը
    
     Երկու տարի առաջ, երբ հուզմունքից չէի իմանում՝ ինչպես ավարտել Ամստերդամի պատմությունը, երբ բառեր չէի գտնում «Գրքանմանն» ամբողջացնելու համար, մտքովս չէր էլ անցնում, որ հաջորդ հանդիպումս այդքան մոտ կլինի:
    
     Ես նախատեսել էի, որ այս ամենը կգրեմ ինքնաթիռում, երբ քունս չափից դուրս շատ կտանի, բայց աթոռի ուղղահայացությունը թույլ չի տա աչքերս հանգիստ փակել, իսկ հարևանս այնքան անհետաքրքիր կլինի, որ ձանձրույթից կմեռնեմ և ուղեկցորդուհուն րոպեն մեկ կհարցնեմ, թե ինչքան ժամանակ է մնացել մինչև թռիչքի ավարտը: Այդ ժամանակ միակ բանը, որ կօգնի՝ ժամերն անցնեն, գրելը կլինի:
    
     Բայց որովհետև կոմպը չի աշխատում ինտերնետ մտնելու համար, իսկ ուղեղս չափից դուրս լարված է, որ կարողանամ գիրք կարդալ, որոշեցի փոքրիկ նախաբանս մինչև ինքնաթիռ նստելս հասցնել:
    
     Այս տարվա ճամփորդությունս մի տեսակ հապճեպ ստացվեց: Ի տարբերություն նախորդների, վեց ամիս առաջ չէի ծրագրել, քննություններ չէի հանձնել, հորիցս փող չէի ուզել, դեսպանատան հերթերում չէի խաշվել, դիմավորողներիս հետ չէի պայմանավորվել, որովհետև նրանք չկային:
    
     Մայիսի վերջերին, երբ Ամստերդամի ամառային դպրոցից մերժում ստացա, առանց երկար-բարակ մտածելու դիմեցի Ուտրեխտ, թեկուզ դրանից առաջ մտածել էի Ամստերդամի չստացվելու դեպքում Իսպանիա գնալ: Անգամ երբ նամակ եկավ, որ ընդունվել եմ, էլի տատանվում էի. արժե՞ գնալ: Ու նորից պահի ազդեցության տակ հանեցի կրեդիտ քարտս, վճարեցի:
    
     Հիմա, երբ հետ եմ նայում, զգում եմ, որ մեկ շաբաթվա համար իսկապես շատ թանկ եմ վճարել: Դրա համար պետք է հասցնեմ քաղել ամեն ինչ, քամել ամեն մի վայրկյանը, որ մի շաբաթը մեկ ամսվա արժեք ստանա: Հենց այդ պատճառով ամեն ինչ նախապես պլանավորել եմ. ժամ առ ժամ, րոպե առ րոպե, դասեր քաղել իմ նախորդ ճամփորդություններից:
    
     Եթե բացեք ուսապարկս, մեջը լիքը տեղեկատվություն կգտնեք. քարտեզներ, տպագիր e-mail-ներ, հեռախոսահամարներով ու տարբեր նշումներով մի ֆրանսիական բլոկնոտ, որից Պիկասոն ու Հեմինգուեյն էլ են օգտագործել: Մեջը մատիտով եմ գրում, որ անպետք նյութերը կարողանամ ջնջել, հնացածը՝ թարմացնել, որ բլոկնոտս երբեք չվերջանա և ուղեկցի ինձ իմ բոլոր ճամփորդությունների ընթացքում: Թիթիզություն:
    
     Այս տետրի նախորդ էջերը երևի հերիք են հասկանալու համար, թե որքան շատ եմ սիրում Ամստերդամը: Գիտե՞ք, թե ինչքան անհամբեր եմ:
    
     Այնպես եմ ծրագրել ճամփորդությունս, որ մտքիս մեջ մի հազար անգամ գնացել-եկել եմ, հանդիպել եմ բոլոր նախատեսված մարդկանց, զրուցել նրանց հետ, հայտնվել նախատեսված բոլոր վեց քաղաքներում, նստել Ամստերդամի կենտրոնական կայարանի հետևում ու զմայլվել ջրով, բադերով, խաղաղությամբ, լուսանկարել, գրել, ծանոթացել մի սիրուն տղայի հետ ու ասել, որ շտապում եմ. Ichthus-ի ժողովուրդն ինձ սպասում է:
    
     Մի պահ ստիպված եղա գրելս դադարեցնել, որովհետև հանկարծ հիշեցի, որ երկու կարևոր բան մոռացել եմ. հոլանդերեն-ռուսերեն և իսպաներեն-հայերեն բառարաններս: Դրանցից առաջինը երկու տարի առաջ նվեր ստացա, երբ Դավոն, որը Ուտրեխտում ամառային դպրոց էր գնացել այն ժամանակ, երբ ես էլ Ամստերդամում էի, ծննդյանս օրը տվեց ինձ ու նշեց, որ սիրում է անպետք բաներ նվիրել:
    
     Անգամ այս պահին այն բավական անպետք է, որովհետև Հոլանդիայում բոլորն անգլերեն խոսում են, ու բառարանից օգտվելու կարիք հաստատ չի լինի: Պարզապես խորհրդանշական նվեր է, ու մի տեսակ ուզում եմ հետս վերցնել:
    
     Իսկ իսպաներեն-հայերենը վերցնում եմ, որովհետև հույս ունեմ, որ այնտեղ կլինեն նաև իսպանախոս ուսանողներ, և ես կկարողանամ լեզուս մարզել: Ասում եմ, չէ՞, այս ճամփորդությունից պետք է քաղեմ ամեն ինչ, անգամ իսպաներենի փորձառություն:
Շարունակելի...
    
     ____________________
     Բյուրակն Իշխանյանը ծնվել է 1986 թ․ Մոսկվայում։ Մեծացել է Երևանում՝ լրագրողների ընտանիքում։ Սովորել է Երևանի պետական բժշկական համալսարանում, մասնագիտացել է հոգեբուժության մեջ։ ՈՒսումնառության պրակտիկան անցկացրել է Հոլանդիայում, ապա 2011-ին Էրազմուս մունդուս կրթաթոշակային ծրագրով մեկնել է Եվրոպա՝ կլինիկական լեզվաբանություն մասնագիտությամբ սովորելու։ Ավարտելուց հետո աշխատել է Նուբարաշենի հոգեբուժարանում և դասավանդել մանկավարժական համալսարանում, կարճ ժամանակ անց մեկնել է Դանիա՝ Կոպենհագենի համալսարանում հոգեբանություն և նյարդալեզվաբանություն մասնագիտությամբ ասպիրանտուրայում սովորելու։
     Ներկայումս բնակվում է Դանիայի մայրաքաղաքում։ Մասնագիտական գործունեությունից բացի նաև գրում է պատմվածքներ, զբաղվում բլոգերությամբ և կատարում թարգմանություններ։

No comments:

Post a Comment