The Netherlands Diary/Նիդ.օրագիր

The Netherlands Diary/Նիդ.օրագիր
The Netherlands Diary

Saturday, 29 July 2017

  Manuk Mkrtchyan (1962-2017)




Հրաժեշտի ու երախտիքի խոսքեր Ալմելոյի կիրակնօրյա դպրոցի տնօրեն պարոն  Մանուկ Մկրտչյանին
Մանուկ Մկրտչյանը ծնվել է 1962թ. Գյումրի (Լենինական) քաղաքում:
1985թ. ավարտել է տեղի մանկավարժական ինստիտուտի բանասիրական ֆակուլտետը: Ավարտելուց հետո երկու տարի ծառայել է Խորհրդային բանակում: 1987-88թվ. աշխատել է հայրենի քաղաքի թիվ 8 դպրոցում: Ահավոր երկրաշարժը ուղղումներ է մտցնում Մանուկ Մկրտչյանի կենսագրական կյանքում: 1988-91թթ նրան տեսնում ենք Ռուսաստանի Տուապսեի շրջ. հայ երեխաների համար բացված ժամանակավոր հատուկ դպրոցում' հայոց լեզվի, գրականության և պատմության ուսուցչի պաշտոնում: 1991-ից տեղափոխվում է Տուապսեի շրջանի Թերզիյան գյուղ, աշխատանքի է անցնում սկզբում որպես հայոց լեզու և գրականություն, հայ ժողովրդի պատմություն առարկաների ուսուցիչ, այնուհետև, որպես դպրոցի տնօրեն: Աշխատանքին զուգընթաց 2003թ ավարտում է Ռուսաստանի Դաշնության Որոնեժ քաղաքի գյուղատնտեսական ակադեմիայի անտառային տնտեսության հեռակա բաժինը: Տուապսեի տարածաշրջանի հայկական մշակութային ինքնավարության փոխնախագահն էր:
2005 թվականին տեղափոխվում է Նիդերլանդներ: 2006թ մինչև կյանքի վերջը աշխատել է Ալմելոյի Գրիգոր Լուսավորիչ Եկեղեցու Մեսրոպ Մաշտոց կիրակնօրյա դպրոցում. 2008թվականից. որպես տնօրեն: 2010 դասավանդել է Նիդերլանդների կրթական համակարգում' տարրական դպրոցում, որպես տարբեր առարկաների ուսուցիչ:
Մանուկ Մկրտչյանը արժանացել է Նիդերլանդների կրթական համակարգի և ՀՀ սփյուռքի նախարարության բազմաթիվ պարգևների, արժանացել է «Մեսրոպ Մաշտոց » մեդալի' ճանաչվելով «Մայրենիի դեսպան»: Համահայկական մրցանակաբաշխությունում իր ղեկավարած դպրոցն արժանացել է լավագույն կրթօջախ կոչման:
Մանուկ մկրտչյանը տիրապետում էր 4 լեզուներ հայերեն, ռուսերեն, հոլանդերեն, անգլերեն: Ամուսնացած էր, ունի 2 երեխա:
____________________

Մանուկ Մկրտչեանի ընտանիքին,
Նիտերլանտների հայ համայնքին,

Խոր ափսոսանք ապրեցինք, երբ տեղեկացանք Նիտերլանտների Ալմելօ քաղաքի Հայ Առաքելական եկեղեցու կիրակնօրեայ դպրոցի տնօրէն Մանուկ Մկրտչեանի վաղաժամ վախճանի մասին:
Տասնեակ տարիներ ապրելով Հայրենիքից հեռու` անմնացորդ նուիրուեց հայութեանը եւ ծառայեց ի նպաստ բազմաթիւ խնդիրների յաղթահարման` իր նշանակալի նպաստը բերելով նաեւ հայապահպանութեանը եւ Հայաստան-Սփիւռք գործակցութեան զարգացմանն ու ամրապնդմանը:
Նա ճանչուած ու յարգուած էր որպէս մարդ ու որպէս հմուտ մանկավարժ, ում կատարած հայանպաստ եւ հասարակական գործունէութիւնն աննկատ չմնաց նաեւ Հայրենիքում, որի համար Սփիւռքի նախարարութեան կողմից արժանացաւ «Մայենիի դեսպան» պատուաւոր մետալին:
Բարի ու հայրենասէր հայորդու կերպարը եւ թողած հետքը միշտ վառ կը մնայ նրան ճանաչողների յիշողութիւններում:
Մեր խորին ցաւակցութիւնն ենք յայտնում Մանուկ Մկրտչեանի ընտանիքի անդամներին, հարազատներին, գործընկերներին, մտերիմներին եւ ողջ նիտերլանդահայութեանը:
Ցաւով`
ՀՐԱՆՈՅՇ ՅԱԿՈԲԵԱՆ
ՀՀ սփյուռքի նախարար
_____________________

Մանուկի հետ ծանոթացել էի 5 տարի առաջ: Հետո հանդիպում էինք միջհամայնքային միջոցառումների ժամանակ: Միմյանց հետ խոսելու թեմաները շատ էին: Հրաժեշտից առաջ չեինք հասցնում լիարժեք խոսել , քննարկել, ավարտին հասցնել մեր զրույցը: Բաժանվում էինք, կրկին հանդիպելու պատեհ առիթով: Սրան լրացնում էր նամակագրական կապը:
Բավականին հետաքրքիր նախագծեր էինք ծրագրել, դրանցից չնչինը իրականացվեց...չհասցրեցինք :
Արդեն ծանր հիվանդությունը իրենն էր անում: Մի միջոցառման ժամանակ, Ալմելոյի կիրակնօրյա դպրոցի ուսուցչուհի Սվետլանա Անդրեսյան
ի առաջարկով պայմանավորվեցինք դպրոցում տեսակցել Մանուկին' , զրուցել, ֆիլմ նկարահանել: Չէի մտածում, որ կարելի է կենտրոնանալ Մանուկի արած այդքան լավ գործերին: Պայմանավորվեցինք Ալմելոյում հանդիպել դեռ այս տարվա մարտին: Հարմար չեղավ, Մանուկը խնդրել էր մի փոքր սպասել, կազդուրվելու կարիքն ուներ...
Հետո ապրիլին ես ունեցա վիրահատություն ու կազդուրման կարիք:
Ճակատագրի հեգնանքով, թե նախախնամությամբ վերջերս' հուլիսի 20-ին, սրտիս հետ կապված խնդիրը կրկին սրվեց: Տուն վերադառնալուն պես մոտեցա համացանցին, կանխազգացողու՞թյուն ...ՈՒ երբ կապվեցի արտաքին աշխարհին' չարագուշակ գույժը ' իմանում եմ, որ ՄԵԶ ՀԵՏ ՉԷ ՄԱՆՈՒԿ ՄԿՐՏՉՅԱՆԸ:
Մանու'կ, հարգելիս, հասկանալի պատճառով ես հիմա չեմ կարող գալ Ալմելո քեզ հրաժեշտ տալու: Ներիր...Բացակա չդնես:
Ես դեռ հավատում և սպասում  եմ  մեր հանդիպմանը...

HAY AZIAN
«Նիդերլանդական օրագրի» հիմնադիր-խմբագիր
_________________________


Խորին ցավով տեղեկացանք Ալմելոյի կիրակնօրյա դպրոցի ուսուցիչ և տնօրեն պարոն Մանուկ Մկրտչյանի վաղաժամ մահվան լուրի մասին և անսպառ ափսոսանքով հոգիներս պարուրեց։ Մաստրիխտի «Ան» հայ համայնքը և «Սուրբ Կարապետ» եկեղեցին իր բոլոր անդամների անունից իր խորին ցավակցությունն է հայտնում պարոն Մանուկ Մկրտչյանի բոլոր հարազատներին և մտերիմներին ՝ սգալով մեր բոլորիս կողմից սիրված այդ հրաշալի մարդու և մեծ հայրենասերի անդառնալի կորուստը։ Իրոք աննկարագրելի է այն կորուստը, որը զգում է հիմա հոլանդահայ ողջ հասարակությունը և միայն ինքներս մեզ կարող ենք մխիթարել,որ մեր Մեծ հայն ու Մեծ մարդը Աստծո մոտ գտավ հանգրվան, իսկ նրա հոգու անմահության համար դեռ բազում տարիներ Նիեդրլանդների հայկական եկեղեցիներում զանգեր կղողանջեն՝ ի նշան նրա կենդանության և անմահ գործերի՝ ի նպաստ հայեցի կրթման և դաստիարակության ու հայապահպանման։
Աստված հոգիդ լուսավորի Մանուկ ջան և ինչպես քո անունն է կնքվել քեզ ի վերուստ՝ մանկան պես պարզ ու մաքուր ապրելու և մանուկներին կրթելու, այդպես էլ երկնքում կգտնես քո պարզությամբ և մաքրությամբ այն զարդարելու քո առաքելությունը։
Հանգչիր խաղաղությամբ Ամենահայ եղբայր։

Հարգանքներով Մաստրիխտի «Անի» հայ համայնք
____________________________


Հոգիս ցավով է ասպատակում, սրտիս այտերն են ևս մեկ անկրկնելի ու եզակի մարդու և հայի անդառնալի կուրուստը սգում։ Կյանքից անժամանակ հեռացավ մեր մաքրամաքուր հայն ու օտարության մեջ հայապահպանման մեծագույն կրողներից մեկը՝ Նիդերլանդների Ալմելո քաղաքի հայկական դպրոցի մայրենի լեզվի ուսուցիչն ու տնօրենը՝ Մանուկ Մկրտչյանը։ Աստված հոգիդ լուսավորի Մանուկ ջան և ինչպես քո անունն է կնքվել քեզ ի վերուստ՝ մանկան պես պարզ ու մաքուր ապրելու և մանուկներին կրթելու, այդպես էլ երկնքում կգտնես քո պարզությամբ և մաքրությամբ այն զարդարելու քո առաքելությունը։
Հանգչիր խաղաղությամբ Ամենահայ եղբայր։
Արտակ Մանուկյան
Մաստրիխտի կիրակնօրյա դպրոցի տնօրեն
_________________

Ազնիվ և առաքինի մարդ՝ օրինակելի հայ ուսուցիչ։ Ավաղ կորցրեցինք ամենաբարձր արժանիքներով նվիրյալի։ Հանգչի՛ր խաղաղությամբ սիրելի Մանուկ, քո գործով դու դեռ շատ երկար կապրես։
Մասիս Աբրահամյան
__________________
Ափսոս,իմ լավ գործընկեր,մաքուր,պարզ ու խորը մարդկային,կյանքը սիրող... Մինչև վերջին ճիգը պայքարեցիր,որ ապրես,որովհետև զգում էիր,որ պետք ես ոչ միայն քո երեխաներին,հարազատներին,այլ նաև բազմաթիվ ու բազմահազար մանուկներին ու երիտասարդներին,ում հայերենն ու հայեցին պետք է փոխանցեիր: Վերջին անգամ շատ երկար խոսեցինք,ինչպես միշտ, թեմաները շատ էին,բայց դեռ պլանավորել էիր Հայաստան գնալ,Սփյուռքի նախարարության կողմից կազմակերպվող 6-րդ համահայկական համաժողովին մասնակցեիր...Ննջիր հանգիստ,իմ շատ հարգելի,սիրելի Մանուկ ... Անարդար է ,անարդարացի է քո մահը,քո տեսակները պետք է երկար ապրեն...
Սվետա Աբրահամյան
ՄՀՀ կազմակերպության նախագահ, ՎԱՆ դպրոցի տնօրեն

__________________

 Հազար ափսոս... հրաշք մարդ, իմաստուն ուսուցիչ, նվիրված ընկեր...Աստված հոգին լուսավորի։ Դու ընդմիշտ մեր սրտերում կմնաս քո լուսավոր ժպիտով, քո ՄԱՐԴ տեսակով։ Հպարտ եմ, որ ճանաչել եմ քեզ հարգարժան Մանուկ։
Լուսինե Բարսեղյան
_________________


Շատ ցաւալի լուր մըն է ու անհաւատալի.Աստուած հոգին լուսաւորէ եւ ընտանիքին համբերութիւն տայ...
DirHov MG
_________________


Ալմելոյի հայկական եկեղեցում տեղի ունեցավ Մանուկ Մկրտչյանի  հուղարկավորությունը: Ալմելոյի հայկական  եկեղեցում հոգեհանգստի պատարագ տեղի ունեցավ : Բավական մարդիկ էին եկել հրաժեշտ տալու ուսուցչին, հային ու լավ մարդուն: Հայր Սերովբեն էր եկել Գերմանիայից: Տեր Մաշտոցի և Տեր Խաչատուրի հետ միասին պատարագ արեցին: Տեր Մաշտոցն իր սրտի խոսքն ասաց: Հետո Հայր Սերովբեն հրաժեշտի խոսք ասաց: Եկեղեցու վարչության, կիրակնօրյա դպրոցի, հայ համայնքի անունից ես շնորհակալական խոսք ասացի, հուզվել էի, կորուստն  անդառնալի է' ցավը բոլորիս:
Ալմելոյի գերեզմնատան հայկական մասում հողին հանձնեցինք Մանուկի աճյունը: Եկեղեցու մեծ սրահում  հոգեհաց տրվեց:
Հոգուդ լույս, Մանուկ:


Սվետլանա Անժելա Անդրեսյան

.

.

.

No comments:

Post a Comment