Страницы

Saturday, 1 July 2017

15 տարի հոգածության կարիք ունեցող երեխաների կողքին


       

Տարիներ առաջ՝ ի ծնե, կամ ձեռք բերովի հիվանդություն ունեցող երեխաների բժշկական օգնության  կարիքները հոգալու համար, մի խումբ սրտացավ հոլանդացիներ  ու  նրանց հետ նաև մեր հայրենակից Սուրեն  Քառյանը, հիմնադրեցին «Ռաֆայել» (Rafaël ) հիմնադրամը: Նախաձեռնության հեղինակը՝  Նիդերլանդներում ճանաչված  հրատարակչություններից մեկի տնօրեն, երջանկահիշատակ  Ֆրանս վան Հելեմոնդն էր , ում հաջողել էր իր շուրջն համախմբել  ևս  յոթ գթասիրտ  համախոհների: Իրենց օգնությունն առաջարկած այս սրտացավ ու անշահախնդիր մարդիկ ձեռնամուխ եղան «Ռաֆայել» հիմնադրամի կազմկոմիտեի ստեղծմանը, որում ընդգրկվեցին այնպիսի փորձառու համակիրներ, ովքեր են՝ Եվրապարլամենտի նախկին անդամ Յ.Վ.Բերտենսը, Telegraaf մեդիա հրատարակչության գլխավոր տնօրեն Հ.Մ. Էյնկենբոմը, Լիմբուրգի մարզի նախկին թագուհու հանձնակատար Յ.Կրեմերսը, նախկին քաղաքապետեր Ս.Նոյթենսն ու Ե.Տոները, ներկայիս այլ պաշտոնեաներ:
 Այս մտահաղացումն իրագործվեց   2002 թվականին , երբ Հոլանդիայի Լիմբուրգի մարզից Հայաստանով հետաքրքրված մի խումբ  նախկին պաշտոնյաներ՝   մտահոգ հիվանդ երեխաների ճակատագրով, պարզապես, այց կատարեցին Հայաստան՝ ծանոթանալու բուժօգնության կարիք ունեցող հիվանդ երեխաների ճակատագրին ու ապրելակերպին:
«Ռաֆայելն» իր գործունեությունը ծավալեց սկզբում Հայաստանի հյուսիսային մարզերում, այնուհետև նաև  այլ շրջաններում:
Արձանագրվեց հետագա քայլեր կատարելու ծրագիրը: Առկա խնդիրները շատ էին ՝   բուժհիմնարկների շենքային անմխիթար ու  նորոգման կարոտ վիճակ,  բուժսարքավորումների թերի հագեցվածություն, անհրաժեշտ դեղորայքի պակաս: Բացեր, որոնք պետք է կարգավորվեին: Հատկապես   խոցելի վիճակում էին որբ և սոցիալապես անապահով ընտանիքների  հիվանդ  երեխաները, երբ նրանց համար  մատչելի չէր անգամ  դեղորայքի ձեռքբերումը:
Հայաստանյան տպավորություններն ազդակ  հանդիսացան Նիդերլանդներ վերադառնալուն պես ձեռնամուխ լինել Rafaël  կազմակերպության հիմնադրմանն ու գրանցմանը: Ինչու՞ Ռաֆայել, քանի, որ նա երեխաներին օգնող բժշկության Հրեշտակապետն է: Ստեղծվեց  կանոնադրություն, բացվեց բանկային հաշիվ, հիմնվեց կայք էջ, որտեղ մանրամասը տեղեկություններ զետեղվեց հիմնադրամի գործունեության, մուտք գործած ու ծախսված դրամական  միջոցների մասին:Կայքում մեկ առ մեկ ամրագրված են 15 տարիների հաշվետվությունները, այցելությունները վավերագրող լուսանկարներն  ու տեսաերիզները: Այս ամենից բացի՝ Նիդերլանդերենով, բավական նուրբ ու  պատշաճ ներկայացված է Հայաստանը, նրա պատմությունն ու այսօրվա իրավիճակը:


Անցնող 15 տարիներին Ռաֆայելի տնօրեն Սուրեն Քառյանը, կազմակերպության  անդամների հետ ՝ Հայաստան այցելելիս,  եղել է այնտեղ, որտեղ  իրավմամբ   իրենց  օգնության  կարիքն է  զգացվել:
Դեռ՝ 2002 թվականին, Հայաստան առաջին այցելության  ժամանակ, 4 հիվանդ երեխայի  դեղորայքի գնման համար, նշանակվեց ամենամսյա 15 Եվրո դրամական օգնություն: Այսօր, նմանատիպ երեխաների թիվն հասնում է 66-ի, իսկ ամենամսյա օգնությունը՝ 20-ական ևրոյի: Այս և այլ նախագծերի իրականացման համար անձնական նվիրատվություններից բացի, կազմակերպվել են բարեգործական համերգներ, ցուցահանդես-վաճառք:
 Հիմնադրամի միջոցներով ՝ շատ երեխաներ  բժշկական հետազոտման  են  ենթարկվել, որի  արդյունքում կատարվել են խիստ անհրաժեշտ  վիրահատություններ: «Ռաֆայելը» նաև բազմաթիվ  այլ նախագծեր է իրագործել: Դրանք եղել  են՝ հիվանդ երեխաների ամառային  հանգստի կազմակերպումից, մինչև բնակարանային պայմանների բարելավումը, մանկական այգիների ու խաղահրապարակների հիմնումը, տարբեր բուժհիմնարկներ  օպտիկական և այլ անհրաժեշտ սարքավորումների առաքումը: Անգամ գիրք է գրվել «Մոռացված երկիր Հայաստանը»  վերնագրով՝ հայտնի լուսանկարիչ Նիկո Բաստենսի լուսանկարներով:
«Ռաֆայել» հիմնադրամի  անդամները համեստորեն համարում են, որ իրենց 15 տարիների աշխատանքը կաթիլ է՝ օվկիանոսի ջրերում:
Սակայն դժվարին այդ ժամանակահատվածը հաղթահարած, «Աստծո բժշկության» Ռաֆայել հրեշտակապետի հետ «առնչություն»  ունեցած բոլոր բուժված ու կազդուրված հայ երեխաների համար այն  եղել է լիարժեք կյանք տանող լուսավոր ճանապարհ ...
Այսօր էլ «Ռաֆայելը» շատ ծրագրեր ունի իրագործելու Հայաստանում:

Hay Azian
«Նիդերլանդական Օրագիր»

Լուսանկարում ՝ «Ռաֆայել» հիմնադրամի ղեկավար կազմը:(լուսանկարը ՝ «Ռաֆայելի» հիմնադրամի կայքէջից):

No comments:

Post a Comment