Страницы

Tuesday, 20 June 2017

Բյուրակն Իշխանյանի նիդերլանդական հուշերը-6/ Մի քիչ խոսենք պրակտիկայից

Մի քիչ խոսենք պրակտիկայից
-6-
Սկիզբն այստեղ՝ 1/ 2/ 3/ 4/ 5

Ազատ և անհոգ օրերը վերջացան, ու Յոլանդան առավոտյան ժամը ութին ինձ ժամադրեց, որ գնանք հիվանդանոց: Վիկասն էլ էր եկել, բայց ոչ թե պրակտիկան սկսելու, այլ բժշկական հետազոտություններ անցնելու: Ես դրանց կարիքը չունեի. Երևանում ամեն ինչ արել-վերջացրել էի:
Սկզբում պոլիկլինիկա գնացինք, որ մեր բեջերը ստանանք: Մեզ լուսանկարեցին, իսկ քիչ անց մի քարտ տվեցին, որի վրա անվանս առաջին տառը, ազգանունս, կարգավիճակս ու նկարս էին տպված (ոչ թե փակցված): Մինչև հիմա աչքիս առաջ է այդ գորշ նկարը, որտեղ ես քնկոտ եմ ու նայում եմ անհայտ ուղղությամբ, իսկ հագիս մոխրագույն ժակետս է, որն ինձ ուղեկցում է բոլոր ճամփորդությունների ընթացքում:
Պոլիկլինիկան նման չէր այն կառույցին, որը ես պատկերացնում եմ այդ բառն արտասանելիս. գորշ միջանցքներ, նախկինում սպիտակ եղած խալաթներով գեր բժշկանմաններ, որոնք ամբողջ օրը սուրճ են խմում ու բամբասում, իսկ երբ որևէ մեկը գալիս է, զարմանում են ու ասում. «Գանգատներ չունես, չէ՞»: Եվ երբ պարզում են, որ, այնուամենայնիվ, հիվանդ ես, և քեզ «բժշկի թուղթ» կոչվածն է պետք, մի կողմ են քաշում ու, ասես ամաչելով (չնայած դա նրանցից շատ հեռու է) շշնջում. «Գումարային հարցեր կլինեն»: Իսկ երբ լուրջ տոնով պնդում ես, թե ժամանակավոր անաշխատունակության թերթրիկն անվճար է տրվում, խառնվում են իրար, սկսում համոզել, որ հիվանդ չես… Լավ, սա լրիվ ուրիշ պատմություն է, ու թող դրա մասին Հայաստան եկած օտարերկրացին պատմի, իսկ ես վերադառնամ Ամստերդամ…
Այստեղ պոլիկլինիկան լուսավոր է, գունազարդ: Այցելուներն այնքան շատ են, որ բժիշկները չեն հասցնում ճաշել: Չնայած դրան, բոլոր հիվանդներին անհատական պրոֆեսիոնալ մոտեցում են ցուցաբերում: Իսկ խալաթների մաքրության մասին չեմ ասում… Նրանք ամեն օր փոխում են:
Իսկ բեջը նաև քարտ էր: Մի հատուկ սարք կար, որի կոնկրետ տեղամասի վրա պահելու և կոճակը սեղմելու դեպքում կախիչով խալաթ էր հայտնվում: Ամեն օր պարտադիր պետք էր գալ, նորը վերցնել, իսկ հինը գցել կեղտոտ սպիտակեղենի համար նախատեսված սարքի մեջ, որը յուրահատուկ ձայն էր հանում, կանաչ լույս էր վառում ամեն անգամ խալաթ ընդունելիս: Իսկ եթե հանկարծ մի օր համարձակվեիր նորից նախորդ օրվանը հագնել, կտուգանվեիր:
Բացի դրանից, կրեդիտ քարտով կարելի էր գումար փոխանցել քարտի վրա, որով վճարելիս ճաշարանում զեղչեր էին գործում: Այն նաև բացում էր հիվանդանոցի ամենատարբեր դռներ, որոնք փակ էին սովորական մահկանացուների առաջ:
Կախարդական բեջը վերցնելուց հետո խալաթս ստացա, և Յոլանդան ինձ տարավ ղեկավարիս ներկայացնելու: Սակայն նա չկար: Քունս տանում էր: Սպասեցինք: Էլի չկար: Յոլանդան Վիկասին տարավ հետազոտությունների, իսկ ես որոշեցի գրադարանում սպասել:
Մոտ կես ժամ անց Յոլանդան եկավ: Ղեկավարն էլ էր արդեն ժամանել: Ծանոթացանք: Շատ բարեհամբույր կին էր երևում: Հետո իմացա, որ այնտեղ բոլորն են այդպիսին կամ գոնե շատ հաջող ձևացնում են: Մեզ բացատրեց, թե ինչպես պետք է գտնենք էնդոկրինոլոգիայի (մաքուր հայերենով՝ ներզատաբանության) բաժանմունքը և պրակտիկայի անմիջական ղեկավարիս: Պարզվեց՝ մի ամբողջ ամիս պոլիկլինիկայում եմ լինելու: Եթե դասընկերներիս ասեմ, որ պրակտիկաս ոչ թե հիվանդանոցում, այլ պոլիկլինիկայում է անցել, կծիծաղեն. նրանք էլ են այդ բառի տակ մոտավորապես նույն բանը պատկերացնում, ինչ ես: Ավելին, այս տարի որոշ կուրսերի ուսանողներ պետք է հենց պոլիկլինիկաներում պրակտիկա անցնեին: Պետք էր տեսնել, թե ինչ իրարանցում էր սկսվել, որպեսզի կարողանան հիվանդանոցներում տեղավորվել: Էլ չգիտեմ, թե հետո ինչ եղավ, բայց պետք է որ չհաջողվեր. նման հարցերը շատ խիստ էին: Ու չնայած դրան, կարող եմ ասել, որ ես շա՜տ բախտավոր էի, նույնիսկ ավելի, քան մնացած արտասահմանցի ուսանողները, որոնք հիվանդանոցում էին պրակտիկայի:
Ինձ ներկայացրին պրոֆ. Պաուլ Լիպսին: Հենց նա էր ինձ մի շաբաթ առաջ նամակ գրել ու հարցրել, թե կոնկրետ ինչն է ինձ հետաքրքրում: Հետո քարտուղարուհին՝ Ինեկեն, ինձ տարավ բժիշկ Կունենի մոտ, որն այդ պահին հիվանդներ էր ընդունում: Առաջին հայացքից նա ինձ դուր չեկավ, բայց հետո բաժանմունքում ամենաշատը նրան սիրեցի:
Ճաշի ժամանակ էլ էի բժիշկ Կունենի հետ: Ահագին զրուցեցինք դեսից-դենից, Հայաստանից, Հոլանդիայից:
Հիմա, երբ հետ եմ նայում, հասկանում եմ, որ սա այն քիչ «գործից դուրս» խոսակցություններից էր, որ ունեցա այնտեղի բժիշկների հետ այդ ամբողջ ամսվա ընթացքում: Ու ընդհանրապես, միակ օրն էր, երբ ճաշին մենակ չէի:
- Զանգը լսեցի՞ր,- հանկարծ հարցրեց:
- Չգիտեմ… Այստեղ զանգերը շատ են: Չեմ կողմնորոշվում, թե որը որտեղից է:
- Մի ականջս խուլ է. բարձր տոները չեմ լսում:
Ընդհանրապես, ես այնտեղ ամեն օր երեք-չորս այնպիսի հիվանդների էի տեսնում, ինչպիսիներին մեր հայ բժիշկներն իրենց ամբողջ կյանքում են երեք-չորս անգամ տեսնում: Զարմանքով հարցնում էի, թե արդյոք իրենց երկրում տարածված են դրանք: Պարզվում էր՝ ոչ: Ուղղակի Նիդեռլանդների տարբեր ծայրերից գալիս-հասնում էինայնտեղ, որովհետև մասնագիտացված կենտրոն էր:
Երբ հիվանդները ներս էին մտնում, պետք էր ոտքի կանգնել, ձեռք սեղմել և անուն-ազգանուն ասել: Սակայն այդ կարճ ակնթարթի ընթացքում հազիվ անունս էի հասցնում արտասանել, իսկ նրանք՝ երկուսն էլ: Ի՞նչ մեղք ունեմ, որ իմ անվան մեջ հոլանդական մեկ անուն և մեկ ազգանուն է տեղավորվում: Եվ ամենատխուրն այն է, որ այդ արարողությունն ընդամենը կեղծ քաղաքավարություն էր. վստահ եմ, որ ոչ ոք իմ անունը չէր լսում ու չէր հիշում: Գիտեմ, որ մինչև վերջին օրն էլ նույնիսկ բաժանմունքի բժիշկներից ոչ մեկն անունս չգիտեր: Ընդհանրապես, դա նրանց պետք էլ չէր, որովհետև բացի ճնշում չափելուց ու կշռելուց ուրիշ ոչինչ չէի անում, եթե չհաշվենք բժիշկ Էյկհոֆին, որը թույլ էր տալիս սիրտ լսել, վահանագեղձ շոշափել, անալիզների ուղարկել, անգամ դեղատոմս դուրս գրել: Եվ ես մի ամիս հետո մեկնելու էի: Աստված գիտի՝ նրանց նորից հանդիպելու՞ էի, թե՞ ոչ:
Նրանց (կեղծ) քաղաքավարությունն արդեն ազդում էր ներվերիս վրա, բայց դրանից օգուտ էլ էի քաղում: Իմ ներկայությամբ աշխատում էին միշտ անգլերեն խոսել. հոլանդերենն անքաղաքավարություն էր համարվում, որովհետև չէի հասկանում:
Հիվանդները, ինչ տարիքի էլ լինեին, հազվադեպ էին մենակ գալիս, եթե չհաշվենք մի հատուկ խմբի, որի մասին մյուս գլխում կխոսեմ: Ավելի հաճախ ներկայանում էին ամուսնու կամ կնոջ հետ, երբեմն՝ մոր, զավակների, այլոց հետ:
Մի անգամ մեկը եկավ անվասայլակին նստածի հետ: Որքան մեծ եղավ զարմանքս, երբ իմացա, որ հաշմանդամություն ունեցողն է «ուղեկցում» հիվանդին: Չեմ հասկանում. մենակ չգալը նույնպե՞ս քաղաքավարություն էր, թե՞ իրոք այդքան շատ էին սիրում միմյանց:

Բայց մի անգամ մի դեպք պարզապես ցնցեց ինձ։ Ներս մտան մայրը, հայրը և նրանց 20-ամյա որդին: Վերջինս հազիվ էր քայլում, շարժվում էր հատուկ սարքի օգնությամբ: Ինչպես հետո հասկացա, խոսել էլ չէր կարողանում:
Բժիշկը զննում էր, հարցեր էր տալիս, որոնց, բնականաբար, ծնողներն էին պատասխանում: Միայն մի քանի անգամ տղային դիմելուց հետո ստանում էին «այո» կամ «ոչ» պատասխանները:
- Նա խոսել չի կարողանում,- ականջիս ասաց հայրը,- դրա համար շատ դժվար է հասկանալ, թե ինչ է զգում:
Քիչ անց տղային կանգնացրեցին: Մայրը պինդ բռնել էր նրան, որ չընկնի:
- Նա չի կարող ինքնուրույն կանգնել,- շարունակեց հայրը,-միշտ որևէ մեկի օգնությունն է պետք:
Ես չեմ կարող նկարագրել, թե որքան սեր, հոգատարություն և ամրություն տեսա այդ ընտանիքում: Չգիտեմ՝ ինչ կտեսնեի, եթե երեխան առողջ լիներ։ Իսկ ի՞նչ է լինում, երբ նման երեխաներ Հայաստանում են ծնվում: Ամուսնալուծություն, մեղադրանքներ, հայհոյանքներ հարսի հասցեին, թե՝ «մեր գեները մաքուր են, էս ի՞նչ կեղտոտ գեներ ես բերել»:
Շարունակելի...

____________________________


Բյուրակն Իշխանյանը ծնվել է 1986 թ․ Մոսկվայում։ Մեծացել է Երևանում՝ լրագրողների ընտանիքում։ Սովորել է Երևանի պետական բժշկական համալսարանում, մասնագիտացել է հոգեբուժության մեջ։ ՈՒսումնառության պրակտիկան անցկացրել է Հոլանդիայում, ապա 2011-ին Էրազմուս մունդուս կրթաթոշակային ծրագրով մեկնել է Եվրոպա՝ կլինիկական լեզվաբանություն մասնագիտությամբ սովորելու։ Ավարտելուց հետո աշխատել  է Նուբարաշենի հոգեբուժարանում և դասավանդել մանկավարժական համալսարանում, կարճ ժամանակ անց մեկնել է Դանիա՝ Կոպենհագենի համալսարանում հոգեբանություն և նյարդալեզվաբանություն մասնագիտությամբ ասպիրանտուրայում սովորելու։
Ներկայումս բնակվում է Դանիայի մայրաքաղաքում։ Մասնագիտական գործունեությունից բացի նաև գրում է պատմվածքներ, զբաղվում բլոգերությամբ և կատարում թարգմանություններ։

No comments:

Post a Comment