Страницы

Thursday, 15 June 2017

Բյուրակն Իշխանյանի նիդերլանդական հուշերը-5/ Ծովը




Ծովը
-5-
Սկիզբն այստեղ՝   1/ 2/ 3/ 4

Ծովը լավ բան է: Ինչու՞ Հայաստանը չունի: Չէ՛, երևի լավ է, այլապես ծովափին կփոխարինեին շարան-շարան սրճարանները, սրա-նրա օբյեկտները կամ էլ կփորձեին ծովի մակերեսը փակել, որ ավտոճանապարհներ կառուցեն։
- Ու՞ր կհասնեմ, եթե այսպես լողալով գնամ,- հետաքրքրվեց ինդոնեզացի Անդին:
- Կխեղդվես,- ասաց Յոլանդան:
- Չէ՛, լուրջ:
- Դե սա Հյուսիսային ծովն է, որն էլ կապվում է Ատլանտյան օվկիանոսի հետ: Մյուս կողմում Ամերիկան է:
- Փաստորեն, ծովն արևմուտքում է:
Կիրակի առավոտյան քնել էի ուզում, բայց Յոլանդայի զանգն ինձ արթնացրեց: Առաջարկում էր պիկնիկից հետո ծովափ գնալ: Ես անմիջապես համաձայնեցի ու նորից քնեցի:
Ընդհանրապես, Ամստերդամում հեշտ է ուշանալ: Ես՝ քնկոտս, բացառություն չէի: Թվարկեմ պիկնիկից ուշանալուս պատճառները, դուք որոշեք, թե որոնք էին ինձնից կախված, որոնք՝ Ամստերդամից:
Նախ, տնից ուշ դուրս եկա: Հետո մի ավտոբուս բաց թողեցի, որը, չգիտես ինչու, մեր կանգառում չկանգնեց: Իսկ կիրակի օրերն ավտոբուսները կես ժամը մեկ են գալիս: Տեղն էլ չգիտեի, ստիպված էի փնտրել: Այգին գտնելուց հետո անգամ մերոնց չէի տեսնում. այն շա՜տ մեծ էր, Աննային միանալ չէր լինում, իսկ մյուսների համարները չունեի:
Այս ամենը եթե գումարենք, երկու ժամ ուշացում կստանանք, որի համար բացարձակապես չզղջացի:
Ուսանողները շրջանով նստել էին, նրանցից մեկը կիթառ էր նվագում, իսկ մյուսները երգում էին: Ես ինձ շրջանից դուրս զգացի. նույնիսկ իմ սիրելի երգերի ժամանակ ամաչում էի նրանց միանալ: Այնպես որ երբ քիչ անց Յոլանդան առաջարկեց գնալ ծովափ, ուրախությամբ համաձայնեցի: Աննան ու Վիկասը համոզում էին, որ մի քիչ էլ մնանք: Բայց քանի որ արդեն բավական ուշ էր, Յոլանդան նրանց առաջարկեց գալ այն ժամանակ, երբ ուզում են. մենք սպասել չէինք ուզում: Սիրում էի նրա այդ կտրուկությունը: Նա ասում էր, որ երբ առաջնորդ ես, ստիպված ես երբեմն ոչ այնքան հաճելի բաներ անել:
Ես, Յոլանդան, Անդին ու Ալնին ճանապարհ ընկանք:
Ծովափն ահավոր մարդաշատ էր. ամառվա ընթացքում առաջին արևն էր, և բոլորն առիթից օգտվել էին: Յոլանդան մեզ զգուշացրել էր, որ այնտեղ մերկ կրծքերով կանանց կտեսնենք: Նախորդ օրվա տեսածներիցս հետո դա ընդամենը մանկական մուլտֆիլմ էր:
Անդին ու Ալնին սկսեցին շուրջբոլորը լուսանկարել: Ես խեցիներ էի հավաքում (ընկերուհիներս սիրում են դրանցով զարդեր պատրաստել), իսկ Յոլանդան արևի տակ քնել էր: Ինդոնեզացիները լողագգեստ չունեին, հետևաբար չէին լողալու, բայց ափամերձ տարածքում ես ու Ալնին մինչև ծնկները մտանք ջրի մեջ, մի քիչ զբոսնեցինք:
Կյանքիս մեջ առաջին անգամ էի ծով տեսնում, թեև շատ եմ ճամփորդել: Եվ ուրախ էի: Համեմատում էի այն մեր խղճուկ Սևանի հետ: Գիտեմ, անհաջող տարբերակ է. Սևանն առաջին հերթին լիճ է, բայց նորը գնահատելու համար պետք է ինչ-որ բանի հետ համեմատես, իսկ ես բացի Սևանից ուրիշ ոչինչ չունեի:
Ավազը փափուկ էր, տաք: Բոբիկ քայլելը հաճելի էր, ցավոտ չէր: Ոտքի մատներով հավաքում էի ավազը ու կլանում ողջ ջերմությունը: Միայն թե ոտքիս տակը քոր էր գալիս. հոլանդացի մոծակի շնորհքն էր:
Ջուրը սառն էր: Տաք ավազից հետո հաճելի էր այդ սառնությունը: Ալնին ու Անդին մնացել էին մեր իրերը հսկելու, իսկ ես ու Յոլանդան ջուրն էինք մտել:
- Լողա՞նք:
Շատ առաջ էինք գնացել, բայց ջուրը մեր գոտկատեղից էր: Կամաց-կամաց ընկղմվեցինք ծովի մեջ ու սկսեցինք լողալ՝ սկզբում դանդաղ ու զգույշ, հետո ավելի աշխույժ: Արևից հետո ներծծվում ես ծովի սառը ջրով։ Մրսում ես, բայց հաճելի է: Հետո նորից կանգնում ես ու որսում արևի բոլոր ճառագայթները՝ հուսալով, որ կտաքանաս: Կամաց-կամաց մարմնիդ վրայի ջրի կաթիլները գոլորշանում են, և այլևս չես մրսում: Ջուրը նորից ձգում է: Որոշում ես դեպի ափ լողալ: Գլուխդ բարձր ես պահում, որ մազերդ չթրջվեն, սակայն հետևից ալիք է գալիս ու քեզ պինդ գրկում: Ջուրը բերանդ է լցվում. աղի է: Շուրթերդ մրմռում են: Դուրս ես գալիս ու պառկում արևի տակ: Ջուրը գնում է, աղն է մնում: Դա կարդում ես դիմացինիդ դեմքին. նրա թարթիչները սպիտակել են:
Արևից չէի պաշտպանվել, բայց բացարձակապես չվառվեցի. ծովափի արևն ինձ գուրգուրում էր, ոչ թե այրում:
Տուն մտա հոգնած-հանգստացած: Ցնցուղը մաքրեց մարմնիս վրայի աղը:
- Այսօր ծովա՞փ ես գնացել,- հետաքրքրվեց Շակը,- լողարանի ավազից ենթադրեցի:
Շարունակելի...

____________________________
Բյուրակն Իշխանյանը  ծնվել է 1986 թ․ Մոսկվայում։ Մեծացել է Երևանում՝ լրագրողների ընտանիքում։ Սովորել է Երևանի պետական բժշկական համալսարանում, մասնագիտացել է հոգեբուժության մեջ։ ՈՒսումնառության պրակտիկան անցկացրել է Հոլանդիայում, ապա 2011-ին Էրազմուս մունդուս կրթաթոշակային ծրագրով մեկնել է Եվրոպա՝ կլինիկական լեզվաբանություն մասնագիտությամբ սովորելու։ Ավարտելուց հետո աշխատել  է Նուբարաշենի հոգեբուժարանում և դասավանդել մանկավարժական համալսարանում, կարճ ժամանակ անց մեկնել է Դանիա՝ Կոպենհագենի համալսարանում հոգեբանություն և նյարդալեզվաբանություն մասնագիտությամբ ասպիրանտուրայում սովորելու։
Ներկայումս բնակվում է Դանիայի մայրաքաղաքում։ Մասնագիտական գործունեությունից բացի նաև գրում է պատմվածքներ, զբաղվում բլոգերությամբ և կատարում թարգմանություններ։

No comments:

Post a Comment