Страницы

Saturday, 17 June 2017

Աբովյան մշակութային միությունը 33 տարեկան է

Աբովյան մշակութային միությունը 33 տարեկան է
    

    
  • 16 июн, 2017 в 20: 09

     Այս տարի բոլորում է հոլանդահայ Աբովյան մշակութային միության ստեղծման 33 տարին: Այս կառույցը Նիդերլանդներում առանցքային ու առաջնակարգ դեր է ստանձնել և այն եզակի մշակութային կենտրոններից է, որ ունի հստակ օրակարգային ծրագիր:
    
    
    
     Հոլանդահայ Աբովյան մշակութային միության 33-րդ տարեդարձին հաճելի անակնկալ էին պատրաստել կենտրոնի երգի և պարի մանկական խմբերը: Միության ստեղծման 33-ամյակի պատվին նրանք ելույթ ունեցան Հաագայի Laaktheater համերգասրահում, որտեղ այլ հյուրերի թվում ներկա էր և ելույթ ունեցավ Նիդերլանդներում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը, ով հատկապես կարևորեց Հոլանդահայ կազմակերպությունների ֆեդերացիայի նախագահ, Աբովյան միության հիմնադիրներից Մաթո Հախվերդյանի, միության քարտուղար, FAON-ի «Ապրիլ 24 հանձնախմբի» (24 april Comité van FAON) անդամ Ինգե Դրոստի ակնառու աշխատանքը:
    
     Հոլանդահայ Աբովյան մշակութային միության անցած տարիները հայապահպանության գործի նվիրումի ժամանակահատված էր` օտար ափերում հայ մշակույթի, հայոց լեզվի և հայկական ավանդույթների պահպանման մշտավառ փարոսը: Միությունը Հաագայում հանդիսացել է հանդիպման վայր ոչ միայն հայերի համար, այլ նաև հայ ժողովրդի օտարազգի բարեկամների` դարձել է կամուրջ հայության և հոլանդական հասարակայնության միջև: Բացի երեխաների և մեծահասակների համար հայոց լեզվի, երգի ու պարի դասերից, Աբովյան միությունը կազմակերպում է թեմատիկ օրեր և դասախոսություններ` մշակութային և հասարակական թեմաներով, նշում է հայոց ավանդական տոները և կարևոր հոբելյանները: Աբովյան միությունը դարձել է հայոց պատմության և մշակույթի մասին վավերագրության և տեղեկատվության կենտրոն: Իր հիմնադրման օրվանից միությունն ակտիվորեն ծավալել է հասարակական-քաղաքական տարբեր մակարդակների գործունեություն, ինչպես օրինակ Մեծ Եղեռնի ոգեկոչում, Սպիտակի ավերիչ երկրաշարժի տուժածների օգնության կազմակերպում, հայ ապաստանյալներին աջակցության ցուցաբերում և այլն:
     Աբովյան միությունը Հոլանդահայ կազմակերպությունների ֆեդերացիայի (FAON) անդամ է: Ֆեդերացիան հիմնադրվել է 2004 թվականին` տարբեր շրջաններում աշխատող մի քանի հոլանդահայ անկախ հասարակական-մշակութային կազմակերպությունների կողմից: Աբովյան միությունն իր ավանդն ունի Նիդերլանդներում Հայոց Ցեղասպանության ճանաչման և ոգեկոչման գործում, սերտորեն կապված է և համագործակցում է «Ապրիլ 24 հանձնախմբի» աշխատանքային գործունեությանը:
     Այս հանձնախումբը կազմվել է անցած դարի ութսունական թվականներին, իսկ 2004 թվականից հանդիսանում է Հոլանդահայ ֆեդերացիայի հանձնախմբերից մեկը: «Ապրիլ 24 հանձնախումբը» ամեն տարի ապրիլին կազմակերպում է Մեծ Եղեռնի զոհերի ոգեկոչման միջոցառումներ, այդ թվում համերգներ ու ցուցահանդեսներ:
     Աբովյան մշակութային միությունը կարևորում է Նիդերլանդների տարբեր վայրերում և շրջաններում գործող հայկական կազմակերպությունների աշխատանքը և նրանց հետ համագործակցությունը:
     «Տարիների ընթացքում տարբեր միությունների և հաստատությունների, ինչպես նաև անհատների հետ հաստատված կապերը խիստ կարևոր են մեզ համար, -ասում է միության նախագահ Մաթո Հախվերդյանը: Մենք համոզված ենք, որ համագործակցությունը հայկական կազմակերպությունների հետ հաճելի, կարևոր և նույնիսկ անհրաժեշտ է»:
    
     Անցած 33 տարիների ընթացքում Աբովյան մշակութային միությունը իր հարկի ներքո բազմաթիվ նշանավոր հոլանդացի և հայ քաղաքական գործիչներ, գրողներ, լրագրողներ և արվեստագետներ է հյուրընկալել, նրանցից են` Դիկ Դոլմանը, Յետտա Կլայնսման, Լեյն վան Դեյկը, Անդրե Ռաուվուտը, Էստմե Վիգմանը, Աննիկեն Ռամբերգ Կրունտեսը, Հրանտ Դինքը, Կամո Ուդումյանը, Յոս Վայտենբերգը, Թեո վան Լինտը, Ռուբեն Մաթևոսյանը, Վլադիմիր Աբաջյանը, Կարո Փայլանը, Լևոն Արոնյանը և էլի շատերը:
     Աբովյան միության գեղարվեստական խմբերը (երգ, պար) բազմաթիվ անգամ Հաագայում և Հոլանդիայի այլ քաղաքներում կազմակերպված փառատոններին ըստ արժանվույն են ներկայացերել հայկական արվեստն ու մշակույթը:

No comments:

Post a Comment