ԲԱՑԱՌԻԿՄարտի 17-ին Օվերեյսլի մարզային դատարանը Ալմելոյում հրապարակեց «Ղարաբաղը լինելու է հայերի գերեզմանը» վիրավորական արտահայտության հեղինակ, Հաագայի Թուրք-ադրբեջանական մշակութային միության նախագահ Իլհան Աշկինի դեմ դատավճիռը: Տեղի ունեցավ 3 դատական նիստ: Աշկինը չնդունեց իր հասցեին հնչած մեղադրանքը:
Մեղադրյալն ու իր փաստաբանը դատարանում ներկա չէին վճիռի հրապարակմանը:
Հաշվի առնելով այս հանգամանքը դատարանն ավելի խիստ վճիռ կայացրեց, քան պահանջել էր պետական մեղադրողը:
Աշկինը դատապարտվեց 2 տարի պայմանական ժամկետով մեկ ամսվա պայմանական բանտարկության' 120 ժամ պարտադիր աշխատանքի ներգրավումով:
Հիշեցնում ենք դատախազի մեղադրանքը' 2 տարի պայմանական ժամկետ երկշաբաթյա պայմանական բանտարկությամբ'
80 ժամ տևողությամբ հարկադիր աշխատանքով :
Այս կապակցությամբ Հոլանդահայ կազմակերպությունների ֆեդերացիան (FAON)հանդես է եկել մամլո հաղորդագրությամբ:
Ստորև «Նիդերլանդական օրագրի» պատրաստած բացառիկ դիտարկումը:ԴԱՏԱԿԱՆ ՄՅՈՒՍ ՆԻՍՏԵՐԸ
Իլհան Աշկինի գործով կայացել է երեք դատական նիստ:
Առաջինը՝ 2016թվականի դեկտեմբերի 6-ին:
Առաջադրված մեղադրանքն ընթերցվելուց հետո դատարանն այն հետաձգել է՝ ժամանակ տալով փորձագիտական ուսումնասիրությունների վերջնական եզրահանգման համար, պարզելու թե ինչ համատեքստով է նման կոչ հնչել:
Աշկինի փաստաբան Պլասմանը նիստից հետո հավաստեց, որ նման կոչ՝ "Karabag ermeniye mezarolacak" («Ղարաբաղը լինելու է հայերի գերեզմանը») Աշկինի կողմից վանկարկվել է: Բայց դա չի կարելի համարել հանցագործություն, քանի որ արտահայտությունը վերաբերում է կոնկրետ տարածաշրջանի, որտեղ իրավիճակն այնպես է, որ հնարավոր է բռնկվի պատերազմ և մարդիկ մահանան։
Երկրորդ նիստը տեղի ունեցավ 2017թ. մարտի 3-ին:
Այն սկսվեց առավոտյան ժ.9-ից և շարունակվեց մինչև 11անց 15 րոպեն:
Դատավարության ընթացքում ցուցադրվեց ցույցի տեսահոլովակը, որտեղ նա մի քանի անգամ վանկարկում է «Ղարաբաղը լինելու է հայերի գերեզմանը», իսկ մի քանի հազարանոց ամբոխը կրկնում է այդ արտահայտությունը։
Աշկինը պատասխանեց դատավորի և դատախազի հարցերին։ Պնդեց, որ իր քայլը հանցագործություն չէ: Այն հարցին, թե արդյո՞ք նա զղջում է իր կատարած արարքը և ափսոսանք հայտնու՞մ է, նա պատասխանեց, որ իր տեսկետը չի փոխվել:
Այնուհետև պետական մեղադրողը՝ դատախազ Խերդինե Դանկերսը մոտ 40 րոպե մանրակրկիտ ներկայացրեց գործի քննության ընթացքը և դատախազության պահանջների հիմքերը՝ ընթերցելով մեղադրական եզրակացությունը։ Նա դատարանից պահանջեց մեղադրյալին պատժել 80 ժամ պարտադիր աշխատանքով և երկու շաբաթ պայմանական ազատազրկմամբ՝ երկու տարի փորձական ժամկետի պայմանով։ Դատախազության պահանջը հաշվի է առնում նաև այն փաստը, որ պարոն Աշկինը ըմբռնումով չի մոտենում հարցին և չի գիտակցում կատարած հանցանքի հետևանքները :
Դատարանն անցավ խորհրդակցական սենյակ:
Դատարանն իր 3-րդ նիստում հրապարակեց Աշկինի դեմ մեղադրական վճիռը:
.
ԻՆՉԻ՞ ՀԱՄԱՐ Է ՄԵՂԱԴՐՎԵԼ ԱԴՐԲԵՋԱՆՑԻ ԱԶԳԱՅՆԱՄՈԼԸ
2014 թվականի ապրիլին Ալմելոյի հայ համայնքը որոշեց իր եկեղեցու տարածքում 1915թ. Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշակոթող կանգնեցնել, դա ակնհայտորեն դուր չեկավ տեղի թուրքական, նաև ադրբեջանական համայնքներին: Այդ առիթով նրանք մի քանի անգամ իրենց իսկ երկրների կողմից ուղղորդած բողոքի ցույցեր կազմակերպեցին: Դրանց ժամանակ՝ 2014 թ. հունիսի 1-ին, 13-ին և 17-ին հայերի հասցեին լսվեցին վիրավորական արտահայտություններ, մասնավորապես՝ այսպես կոչված Հաագայի Թուրք-ադրբեջանական մշակութային միության նախագահը՝ Իլհամ Աշկինը 5000-անոց ամբոխի առջև բղավել է 'Karabag ermeniye mezarolacak' («Ղարաբաղը լինելու է հայերի գերեզմանը»)արտահայտությունը: Հավաքվածները մի քանի անգամ կոչ հնչեցնողի հետ այն վանկարկեցին:
Սա էր պատճառը, որ Հոլանդահայ կազմակերպությունները, մասնավորապես Հոլանդահայ կազմակերպությունների ֆեդերացիան (FAON) , Հոլանդիայի Հայ Դատի հանձնախումբը և անհատ քաղաքացիները՝ բողոք ներկայացնեին իշխանություններին հանրահավաքի ընթացքում հնչած, բռնություն հրահրող, հակահայ արտահայտությունների համար :
Աշկինին ոստիկանությունը բռնության կոչի և ազգային խտրականության համար քրեական օրենսգրքի 137 d հոդվածի հիման վրա մեղադրանք հարուցեց:
Ո՞Վ Է ԻԼՀԱՆ ԱՇԿԻՆԸ
Ծնվել է Թուրքայի ներկայիս տարածքի՝ Իգդիր քաղաքում, էթնիկ Ադրբեջանցի է: Հագգայում 1991թ. ստեղծել է Թուրք-Ադրբեջանական մշակութային կենտրոնը, որի տնօրենն է այսօր: 52 տարեկան է :
Դատարանի տրված հարցերի նրա պատասխաններից պարզ է դառնում, որ չի աշխատում և հիվանդության նպաստ է ստանում: Թեև Հոլանդիայում բնակվում է մոտ 30 տարի , բայց դատական գործընթացներին մասնակցում էր թարգմանիչի օգնությամբ: 2007թ Հաագայի գերեզմաններից մեկում տեղադրել է Խոջալուի զոհերի հուշակոթող:
Ադրբեջան հաճախ է այցելում, վայելում է իշխանությունների՝ անձամբ Իլհամ Ալիևի աջակցությունը:
2016թ մշակութային ասպարեզում ունեցած ծառայությունների համար Ալիևը նրան պարգևատրել է « Tereggi » (առաջընթացի) մեդալով:
Աշկինն այս դատավարությունն ավելի շատ օգտագործում էր իր, իսկ հետո Ադրբեջանի վարկանիշը բարձրացնելու համար: Նա իրեն զոհ է համարում, ով իբր վճարում է ազատ խոսքի արտահայտման համար: Ընդհարապես Աշկինը հայերին վարկաբեկելու հաշվին փորձում է իր անձի վրա ուշադրություն սևեռել: Այս գործելաոճը հատուկ է Ադրբեջանին, ով սաֆարովների է հերոսացնում:
Թեև դատական նիստերում շեշտել է, որ ինքը խնդիր չի տեսնում Հոլանդիայում ապրող հայերի հետ, այնուամենայնիվ մամուլին տված հարցազրույցներում բացահայտ չի թաքցնում իր հակահայ տրամադրությունները:
«Օվերեյսլի մարզային դատարանը պահանջում է, որ ես ներողություն խնդրեմ հայերից,-
Report.az-ին հաղորդել է նա : Եթե ինձ պատժեն թեկուզ մեկ օր, ապա կդիմեմ գերագույն դատարան»:
Նույն Report-ը հատուկ ընդգծել է, որ մարզային դատարանի նախագահը հայազգի Թագվոր Ավեդիսյանն է:
Ինչպես ազերի շատ ազգայնամոլների, Նրա մոտ ևս առկա է՝ « Ամեն ինչում և ամենուր հայերն են մեղավոր» հիվանդության ախտանիշը: Օրինակ, նա պատմում է, որ աշխատանքը կորցրել է հայի համակիր մեկի պատճառով, ով "լեզու" չի գտել իր հետ: Փորձանքը սրանով չի վերջացել: Իր՝ թուրք-ադրբեջանական ընկերությանն էլ զրկել են պետական ֆինանսական աջակցությունից՝ միտինգում հայերի հասցեին արված խոսքերի համար:
Այս տարի էլ Իլհանը 30-ամյա հասարակական բարեգործական գործունեության համար Նիդերլանդների կառավարությունից սպասում էր մեդալի, բայց ասել են՝ չիք. «Դժբախտաբար Դուք արժանի չեք մեդալի»: Հենց այդպես՝ արժանի չեք, գրված է եղել նրան հասցեագրված նամակում(Մեջբերումը՝ նրա
հարցազրույցից).
Մեկ այլ հարցազրույցում էլ ներկայացրել է, որ հայերը Ալմելոյում Ցեղասպանության հուշարձան են կառուցել ի պատասխան 2007թ. Խոջալուի զոհերի իր տեղադրած գերեզմանաքարի: Աշկինին երևի ոչ, բայց շատերին է հայտնի, որ 16 տարի առաջ Նիկոլայ Ռոմաշուկը տեղի չտալով թուրքական սադրանքներին ու « գորշ գայլերի » սպառնալիքներին , դժվարությամբ ձեռք բերելով իշխանությունների թույլատրությունը՝ 2001 թվականին Եղեռնի անմեղ զոհերի հիշատակին Ասենում
խաչքար է տեղադրել:
ԱՐՁԱԳԱՆՔՆԵՐ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԻՑ ԱՌԱՋ ԵՎ ՀԵՏՈ
.
Դատավարության նախօրեին և առաջին նիստից հետո մեծ էր իրարանցումը: Դրան էին լծվել ադրբեջանական քարոզչամեքենան , նաև հենց ինքը՝ Իլհան Աշկինը: Քաղաքական հնչերանգն ապահովված է՝ ամեն ինչ դասական օրինակով էր, զոհը՝ տարածքներ կորցրած Ադրբեջանն էր: Զարմանալի չէր, որ այս հարցը քննարկման արժանացավ Ադրբեջանի
Միլի Մեջլիսում:
Խորհրդարանի խոսնակ Օգտայ Ասադովը գտավ, որ նման գործ չպետք է հարուցեր Նիդերլանդները, այն պետք է հետազոտվի ու անհրաժեշտ գնահատականի արժանանա: Պատգամավոր Ֆազիլ Մուստաֆան էլ ավելի հեռուն է նայել. «Եվրոպացիները գալիս և մեզ դատապարտում են ձերբակալությունների համար: Բայց տեսեք ի՞նչ է իրենց մոտ կատարվում, նրանք քրեական գործ են հարուցում ճշմարտության դեմ մարտնչող մարդուն »: Պատգամավոր Հանիրա Փաշաևան էլ կոլեգաների ուշադրությանն է հրավիրել, որ Աշկինը Ադրբեջանի տարածքների գրավման դեմ արված հայտարարության համար է մեղադրվել և սա անարդարություն է, որ աշխարհում ապրող ադրբեջանցիները, իրավաբաններն ու փաստաբանները պետք է աջակցեն Աշկինին:
Արտերկրում նավթադոլարներով սնվող ու սնկի պես աճող զանազան կազմակերպություններ ևս իրարանցման մեջ էին: Այսպես, Կիևում բույն դրած Աշխարհի Ադրբեջանցիներին Համակարգող Միջազգային Կենտրոնը (ICCAW) ուղերձ էր հղել Ադրբեջանի իշխանություններին ու աշխարհում սփռված ադրբեջանցիներին: Միասնության ու համախմբման կոչ արել, հիշեցրել է, որ այս խնդիրը Աշկինինը չէ, սա համազգային հարց է՝ պայքար Ղարաբաղի համար: Կոչ է արվել արտերկրի ադրբեջանական կառույցներին ու անհատներին բոլոր միջոցներով մինչև դատը օժանդակել Աշկինին: «
Եթե Իլհան Աշկինը պարտվի դատական գործընթացը, ապա այլևս կարելի է մոռանալ Նիդերլանդներում և ամբողջ աշխարհում հայկական վայրագությունների մասին խոսելուց»- ասվել է
ուղերձում:
Հետաքրքիր է մեկ այլ ուղերձ: AZERTAC ադրբեջանական պետական լրատվական գործակալությունը ռուսերեն լեզվով
հայտնել է, որ Փետրվարի նախավերջին օրը Ամստերդամում գումարվել է ԵՎրոպայի ադրբեջանցիների 5-րդ կոնգրեսը, որին մասնակցել են Եվրոպական 27 երկրների 87 պատվիրակներ: Իմանում ենք, որ ներկա են գտնվել Ալիևի օգնական Ալի Հասանովը և Ադրբեջանի սփյուռքի պետական կոմիտեի նախագահ Նազիմ Իբրահիմովը, բայց միայն ադրբեջաներեն լեզվով, առանձին մի հոդվածից ենք տեղեկանում, որ հիշյալ կոնգրեսի մասնակիցները Աշկինի մասով նաև հռչակագիր են ընդունել՝ դատապարտելով «հայկական մեղադրանքները»:
«Այդ մեղադրանքները նաև մեր դեմ է,-ասվում է հռչակագրում: Իլհան Աշկինը մեկ րոպե անգամ չպետք է կասկածի, որ կանգնած է ճշմարտության ու պայքարի պատվավոր ճանապարհին: Շնորհիվ նրա միջազգայնորեն մերկացվում է հայկական սուտը և Իլհան Աշկինի պայքարը ավարտվելու է հաղթանակով».
Այս աբսուրդ
հռչակագիր ստորագրողներին երևի պարզ չէր, որ իրենց համակիր Աշկինը դատապարտվում է պարզապես ազգային ատելություն սերմանելու համար՝ խախտելով այլ երկրի օրենքն ու օրենսդրությունը:
Հայատյաց քաղաքականություն վարելը ու այդ հողի վրա հանցագործներին խրախուսելը Ադրբեջանում արդեն կյանքի նորմա է, երևի այդ նկատառումներով AZERTAC-ը իր "լվացքը" տանն է փռել:
ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԼՈՒՍԱԲԱՆՈՒՄԸ ՄԱՄՈՒԼՈՒՄ
Հիշյալ դատավարության վերաբերյալ բավական հետաքրքրասիրություն էր հանդես բերել թուրք-ադրբեջանական մամուլը, ովքեր դատական պրոցեսին էին ներկայացել Հոլանդիայի,Բելգիայի, Գերմանիայի թուրքական մամուլի համար գրող լրագրողներով:
Հատկապես մեծ էր ոգևորությունը 2016թ. դեկտեմբերի 6-ի նիստին, Երբ Օվերեյսել տեղական մարզային հեռուստատեսության տեսախցիկից բացի կար նաև թուրքական ու նույնիսկ
թուրքմենականը:
Հայկական կողմից՝ ոչ մի: Թեև դատական առաջին նիստը կարճ տևեց և այն հետաձգվեց, այնուհանդերձ Եվրոպական թուրքալեզու լրատվամիջոցները՝ ավելացրած Ադրբեջանի բոլոր, և Թուրքիայի բազմաթիվ թերթեր, համեմված «օրվա հերոս» Աշկինի ու թուրքական դրոշների լուսանկարներով լայնորեն տարածեցին ինֆորմացիան:
Սա իհարկե արտաքին փայլն էր ու արտաքին այս հանգստության տակ, որքան էլ պարոն Աշկինը լուսանկարվեր իր այս, կամ այն հայրենակցի հետ, որքան էլ ցույց տար, որ իր քայլը հերոսության պես մի բան է, որքան էլ հատկապես թուրքալեզու թերթերը գովերգեին նրա "համարձակությունն ու խիզախ արարքը" ու խոստանային, որ հաջորդ՝ մարտի 3-ի նիստին էլ ավելի միահամուռ են գործելու, այնուամենայնիվ այդպես չստացվեց: Ի վերջո բումերանգն աշխատեց, բոլորին է հասկանալի, որ Աշկինի արած արտահայտությունն իրոք անհարիր է քաղաքակրթությանը, ավելին՝ հանցագործություն գովերգելը , այնքան էլ դյուրին չէ...ՈՒ , երևի դրա համա՞ր այն տեղ չգտավ ադրբեջանական ռուսալեզու կայքերում: Եղածներն էլ , ինչպես տխրահռչակ
Haqqin-ը խեղաթյուրված փաստերով ներկայացրեցին: Դատեցեք վերնագրերից. «Հոլանդիան պատժում է ադրբեջանցուն Հայաստանին արված քննադատության համար»,«
Հատուցում ազատ խոսքի համար»
«Հոլանդիայի հայերը ադրբեջանցի ակտիվիստի դեմ» և այլն:
Հաջորդ՝ մարտի 3-ի նիստին որոշեցինք ներկա լինել՝ այն հանգամանալի լուսաբանելու համար:
Պարզվեց, որ դա այքան էլ դյուրին գործ չէր: Կապվեցինք դատարանի մամուլի ծառայությանը: Վերջին օրն ստացանք միայն լուսանկարելու թույլտվություն:Օվերայսելի մարզային դատարանի մամլո ծառայության պատասխանատու Մարտին Շխոնը պատճառաբանեց, որ արդեն կա 2 տեսանկարահանող սարք (նիդերլանդական և թուրքական)և դա բավարար է ՝ փոքր տարածքի առումով: Միայն Հոլանդահայ Կազմակերպությունների Ֆեդերացիայի նախագահ Ինգա Դրոստի ակտիվ միջամտությունից հետո կարողացանք նկարահանել դատապրոցեսի որոշ դրվագներ (դատախազի հարուցած մեղադրանքն ամբողջությամբ):
Այս՝ 2-րդ նիստին Աշկինի սպասելիքները չարդարացան: Սկզբում մամուլին տված հարցազրույցներում ասում էր, որ զգում է Թուրքիայի ու Ադրբեջանի աջակցությունը, իր կողքին կանգնած է, ողջ թուրք-ադրբեջանական համայնքը, իսկ հետո դիտելով հայ համայնքի անդամների լուսանկարը՝ թուրք լրագրողին հարցազրույց տալուց, ստիպված էր խոստովանել. «Հայկական համայնքին նայեք, ինչպես է միացած : Իսկ մենք, բացի մի քանի հոգուց ' միւսներն անգամ դատարան չեկան: այսպե՞ս պիտի պայքարենք...»:
.
ԲԱՐԵԿԱՄՈՒԹՅԱՆ ԴՐՈՇՈՎ ԱԶԳԱՅԻՆ ԱՏԵԼՈՒԹՅԱՆ ՈՒ ԺԽՏՈՂԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՍԵՐՄՆԱՑԱՆՆԵՐԸ
Թուրքական բարեկամությունն ամրապնդող կազմակերպությունները որպես ժխտողականության սերմնացաններ:
Ստացվում է, որ Եվրոպայում հիմնադրված ժողովուրդների միջև մշակութային կապեր հաստատող և բարեկամություն սերմանող թուրք-ադրբեջանական մշակութային ընկերությունները Հայաստանի դեմ աշխատող, նաև Հայոց Ցեղասպանությունը ժխտող իրավասություն են որդեգրել: Աշկինը խճճվել էր, մի կողմից փորձեց խնդիրը քաղաքական դաշտ տեղափոխել, մյուս կողմից էլ համոզում էր, որ հայերի դեմ ոչինչ չունի, այնուամենայնիվ նա դատապարտվեց քրեական հանցագործության համար, քանի որ հակամարդկային հստակ ուղերձ էր հղել:
Նրա վարմունքի մեջ աներկբա առկա էր նաև Ցեղասպանության ժխտումը և հակառակը՝ հայերին դրա մեջ մեղադրելու անհագ փափագը: Նա դա գոնե չի թաքցրել մամուլի մասայական միջոցներից:
Թուրքիան ավելի ու ավելի է քիթը խոթում Եվրոպական ընտանիքի ներքին գործերին՝ այստեղ բնակվող էթնիկ թուրքերին ներգրավելով ու ծառայեցնելով իր քաղաքական շահերին: Դրա վտանգավորության աստիճանն արդեն սկսել են հասկանալ Եվրոպայում և դրա դեմ միջոցներ են ձեռնարկում: Գերմանիայում և Հոլանդիայում տեղի ունեցած դեպքերը դեռ թարմ են և դրա սկիզբը այսօր չէ, որ դրվել է:
Հենց Աշկինի մասնակցությամբ 2014թ. Հայոց Ցեղասպանության հուշարձանի կառուցման դեմ կազմակերպված բողոքի ակցիան ակնհայտորեն ուղղորդվել էր Թուրքիայից: Այդ կապակցությամբ խորհրդարանի պատգամավորներն այդ ժամանակ
հարցադրումներ արեցին կառավարությանը:
Թուրքիայի հետ քաղաքական հարաբերությունները չփչացնելու համար կառավարությունն այս հարցը շրջանցեց:
Ժամանակ առ ժամանակ թուրք-ազերի գործիչները Եվրոպայում Հայոց Ցեղասպանության ժխտողականությամբ են հանդես գալիս, այդ թեմայով ելույթներում էլ անցնում խոսքի ազատության բոլոր իրական սահմանները' վարկաբեկում հայերին:
Եթե տարիներ առաջ թուրք նախարար Էգեմեն Բաղըշը , աշխատավորական կուսակցության ղեկավար Դողու Փերինչեքը , Ալի Մերջանն , իր երկու ընկերներն ու այլոք կանգնել են Շվեցարիայի դատարանի արջև Ցեղասպանության ժխտման համար, ապա Աշկինը, իսկ այնուհետև շվեդ-թուրքական ընկերակցության նախկին փոխնախագահ Բարբարոս Լեյլանին ազգային ատելության ու խտրականության համար:
Վերջինս 2016թ ապրիլյան պատերազմի օրերին Ադրբեջանի կազմակերպած հանրահավաքի ընթացքում բացականչել էր «Մա՛հ հայ շներին» և ավելացրել՝ «Եթե պետք լինի` արյուն կթափենք»: Աշկինի պես Լեյլանին էլ է ասել «Ես խաղաղասեր հայերի դեմ ոչինչ չունեմ»: Բայց դե գոնե դատարանում զղջացել է իր արարքը և ներողություն խնդրել հայերից: Ավելի վաղ, երբ նրան պաշտոնանկ են արել, տեսախցիկի առջև բարձրաձայն մի լավ լացել էր:
Այս դատավարությունները ցույց են տալիս, որ Եվրոպայում դրական նախադեպի սկիզբ է դրվում սանձարձակ թուրք-ազերական հիստերիկ քարոզչությունը կանխելու համար: Փաստորեն սրանով թուրք ժխտողականները, որոնք աջակցություն և օժանդակություն են ստանում իրենց երկրներից ' հակառակ արդյունք են ունենում:
HAY AZIAN
«Նիդերլանդական օրագիր»Լուսանկարում ՝ Հայկական կողմը, աջից՝ հայկական կողմի փաստաբան Ռիչարդ Կորվերը
_________________________
Լուսանկարում ՝Աշկինը (աջից) և իր փաստաբան Պլասմանը մարտի 3-ի դատական նիստից հետո
: