Страницы

Friday, 7 April 2017

Ծիրանենին

Ծիրանենին  

Filed under: Հոդվածներ — Vahan Amatuni @ 4:30 pm
(Էտյուդ)
IMG_1479
Գարնան զով առավոտը կանաչի ու ծաղիկների բույրով է լցրել շրջապատը: Ամեն անգամ բնության հետ մերձենալու հաճելի պահ ես ապրում, երբ անցնում ես մեր քաղաքի հրաշալի հետիոտն կամրջով: Մինչ կամրջին հասնելը, ճանապարհը ձգվում է գետի երկայնքով: Գեղատեսիլ բնությունն ու գարնան թարմ օդը տրամադրող են: Շուրջն ամեն բան վերափոխվել, կենդանություն է առել: Հորդառատ Քասաղի խշշոցը, ասես, մեղեդի լինի: Այդ համաչափ մեղեդու մեջ նոր երգ է ծնվում, երբ սկիզբ է առնում թռչունների ուրախ ծլվլոցն ու դայլայլը: Գետի ռիթմիկ մեղեդին թարմ ծաղկաբույլով օծված օդը լիցքավորում, թեթևացնում է հոգիդ, այդ զգացումից կարծես ուզում ես գոչել. «Որքա՜ն լավն ես դու, գարու՜ն»:
Թեև բոլոր գարունները նման են միմյանց, բայց այս մեկը ինչ-որ ուրիշ է թվում: Ահա ինձ ծանոթ նկարիչը ճիշտ նույն տեղում, ինչպես անցած գարնանը, մտասույզ իր կտավի հետ է: Մոտենում եմ: Կտավն ասես երգ լինի՝ իր մեջ ընդգրկված գույներով՝ շռայլ Քասաղի կիրճի տեսարանով: Կտավում գրեթե ամեն ինչ բնական է: Գետը կարծես հոսում է, երկնասլաց բարդիները և նրանց արանքում թաքնված տները իրական են թվում: Տեսարանն այնքան ընդհանուր ու միաձույլ է, որ թվում է՝ մեկը մյուսի շարունակությունն է: Այնտեղից ինչ-որ բան զատել, առանձացնել շատ դժվար կլինի: Այնուհանդերձ աչքս չի վրիպում: Կտավում այդքան գույների մեջ տանիքներից մեկը կարմիրի փոխարեն թողնվել էր սպիտակ գույնի: Գուցե նկարիչը չէ’ր հասցրել, կամ վրիպե՞լ էր: Սպիտակն ընդգծվել էր կողքի կարմիր և կանաչ գույների մեջ: Ինձ այն շատ գեղեցիկ թվաց, այնքան, որ ստեղծագործությունն ամբողջացնելու նպատակով փակում եմ աչքերս: Ահա վրձնի մի հարված, և իմ երևակայության մեջ տանիքի կողքին տեսնում եմ իմ ծանոթ ծիրանենին իր սպիտակ, սպիտակ ծաղիկներով: Ուշքի եմ գալիս, հիշում եմ հաստաբուն ծիրանենին, որ հպարտ իր ճյուղերը հառած կիրճին, անցած գարնանը բավական առատ ծաղկաբերել էր: Պահը չկորցրի, հանձնելով լուսանկարչական ժապավենին՝ ծիրանենուն պարգևելով անմահություն իր ճերմակ զգեստով հանդերձ:
Գետի մյուս ափ հասնելու համար քայլերս ինքնաբերաբար արագանում են: Անհամբերությամբ եմ ապրում րոպե շուտ հանդիպելու ծիրանենուն՝ զարդարված սպիտակ հեքիաթային ծաղիկներով: Նայում եմ ծառի կողմը, մի պահ հապաղում եմ, քայլերս աստիճանաբար դանդաղում են: Գուցե տեսիլք է: Օ՜, ոչ, ոչ: Իմ դեմ է նույն ծիրանենին՝ թեքությամբ հպված կիրճին, միայն այլ տեսքով՝ չկար ծաղիկների ճերմակը նրա պսակին: Գարնան նոր կանչին անզոր է եղել պատասխանել ծիրանենին՝ մնալով հավերժ քնի մեջ: Չնայած իր մերկությանը, ծառը գեղեցիկ էր: Մուգ, դեպի անդունդը ձգվող ճյուղերը, ասես, քարացել էին գետի հետ կայացած զրույցի պահին: Գարնանային գույներով հարուստ շրջապատում առանձնացել էր իմ ծիրանենին: Եվ այնքան էր ընդգծուն դարձել շրջակայքում, ինչպես ծանոթ նկարչի կտավի սպիտակ տանիքը՝ շրջապատող գույների այդքան շռայլ աշխարհում:
Վահան Ամատունի
Աշտարակ N44 1987 թ., 11 ապրիլի, էջ 3

No comments:

Post a Comment