The Netherlands Diary/Նիդ.օրագիր

The Netherlands Diary/Նիդ.օրագիր
The Netherlands Diary

Monday, 28 December 2015

Համերաշխ ու միասնական դեպի նոր հաղթանակներ


 
«Նիդերլանդական օրագիր»-ը ամանորի կապակցությամբ
շնորհավորանքներ է ստանում իր բարեկամներից




«Նիդերլանդական օրագիր»-ը  ամանորի կապակցությամբ հրավերներ ու շնորհավորական նամակներ է  ստանում իր ընթերցողներից, Նիդերլանդահայ համայնքներից ու կազմակերպություններից: Շնորհավորական բարեմաղթանքներ ու ջերմ խոսքեր են մեզ հղել ՀՀ սփյուռքի նախարարությունից, Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության Եվրոպայի մասնաճյուղից,  Նիդերլանդներում Հայաստանի դեսպանությունից, «Օրեր» Եվրոպական ամսագրից, տարբեր երկրների հայկական համայնքներից:Անխտիր շնորհակալություն հայտնելով բոլորին մեկառմեկ,  կրկին անգամ շնորհավորելով գալիք Նոր Տարվա կապակցությամբ, չենք կարող չկիսվել նամակներում հայտնված ցանկություններով ու բարեմաղթանքներով:
ՀՀ սփյուռքի նախարարության «Հայերն այսօր» էլեկտրոնային պարբերականի մեր  գործընկերները  շնորհավորելով Ամանորի և Սուրբ ծննդյան տոների կապակցությամբ, հույս են հայտնել 2016 թվականի հայկական լրատվական դաշտը տեսնել  ողողված ավելի շատ դրական լուրերով, իսկ Հայաստան-Արցախ-Սփյուռք կապը նոր ծիլեր տված ու ամրացած:  «Նիդերլանդական օրագրը» իր Նոր Տարվա ուղերձով միացել է մեր գործընկերների այս մաղթանքին և սփյուռքի հայության ցանկությունն է Հայաստան-Արցախ-Սփյուռք կապն անքակտելի ու ամրակուռ տեսնել: Նաև ուրախ ենք, որ շարունակվելու է «Հայերն այսօր»-ի հետ մեր  համագործակցությունը գալիք տարում՝ շունչ տալու համար նոր գաղափարներին ու ձեռնարկներին:
Ամանորյա բարեմաղթությունների  երկու նամակ ստացել ենք ՀՀ սփյուռքի նախարարությունից:
Նախարար Հրանուշ Հակոբյանը շնորհավորելով մեր խմբագրակազմին Սուրբ Ծննդյան և Ամանորի տոների կապակցությամբ, բարձր է գնահատել մեր օրագրի գործունեությունը, մասնավորապես Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները պատշաճ մակարդակով լուսաբանելու, Հայ Դատը և Հայոց պահանջատիրության խնդիրներն անաչառ ձևով հանրությանը ներկայացնելու համար:
Մյուս նամակում սփյուռքի նախարարը մասնավորապես հետևյալ լավատեսությունն է հայտնել . « 2016 թվականին տոնելու ենք երկու հայկական պետությունների 25-ամյա տարեդարձները՝ լուսավոր ապագային միտված տեսլականով: Աշխատենք ու արարենք հանուն 25-ամյա անկախ Հայրենիքի հզորացման, հանուն Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնության ամրապնդման, հանուն Հայ դատի արդարացի լուծման, հանուն դժվարության մեջ հայտնված հայերի աջակցության և գոտեպնդման...»:
Մյուս տոնական նամակը, որ կուզեինք առանձնացնել, ստացել ենք նիդերլանդահայ համայնքի ակտիվ անդամ Նիկոլայ Ռոմաշուկ Հայրապետյանից, ում հայրենասիրական գործունեության մասին մեր օրագիրը մեկ անգամ չէ, որ գրել է: Նրա ակտիվ ջանքերով  Ամստերդամի կամուրջներից մեկն անվանվել է «ARMEENSEBRUG»: Մեջբերում պարոն Ռոմաշուկ Հայրապետյանի նամակից.
«Նոր Տարվա և Սուրբ Ծննդյան զույգ տոներուն ուրախ առիթով, կը մաղթենք ձեզի քաջ առողջություն, երջանկություն, երկար տարիներու կյանք և ամենայն բարիք:-Գրել է նա:
Թող բոլոր Հայ ընտանիքներու տներուն մէջ, առատ լինի Աստուծո օրհնությունն ու պարգեւները, խաղաղությունը, սերը, իմաստությունը և հարգանքը:
Այս ուրախ առիթով, սրտանց կը շնորհավորեմ նաև «Նիդերլանդական Օրագիր» էլեկտրոնային լրատվամիջոցի մրցանակի պարգեվատրումը, ՀՀ Սփյուռքի Նախարարության, Ռուսաստանի Հայերի Միության և Համաշխարհային Հայկական Կոնգրեսի կողմից, այս ամենամյա պատվաբեր մրցանակին արժանանալը, ապացույցն ու արդյունքն է ձեր մատուցած ազգային զոհողության և քրտնաջան աշխատանքին:
Կավարտեմ երկտողս, մաղթելով մեր ժողովրդին համբերություն, տոկունություն
և հաղթանակներ»:
«Նիդերլանդական օրագիր»-ը լավատեսորեն միանում է  նամակներում  հնչեցրած  դրական նոտաներին: Կրկին շնորհավորելով մեր հավատարիմ ընթերցողներին, մեջբերում ենք  պարոն Ռոմաշուկ Հայրապետյանի նամակի վերջին բառերը '
Ուրախ Նոր Տարի:

aaanam.JPG
Պարոն Ռոմաշուկ Հայրապետյանի ջանքերով տեղադրված Ամստերդամի «Հայկական կամուրջ» ցուցանակը:
 

No comments:

Post a Comment