ՀԻՇՈՒՄ ԵՆՔ ԵՎ ՊԱՀԱՆՋՈՒՄ
Հայոց Ցեղասպանության 100-ամյակի միջոցառումները Նիդերլանդներում շարունակվելու են...
Միայն համերգի վերջնամասում ունկնդիրն ասես արթնացավ թախիծի թմբիրից:«Յարըմ գորանի»,«Ազգ փառապանծ» երգերը խումբը հնչեցրեց հանդիսատեսի հետ միասին' խախտելով վերջինիս լռությունը: Հազարի հասնող հոլանդացի հանդիսատեսը ծափողջյուններով իր երախտագիտությունը հայտնեց Ինես Լեյենի երգչախմբին, ում համար հայկական մշակույթի ակունքներից օգտվելը դարձել է հոգեկան պահանջ:
Այս միջոցառման այլ տեսաերիզներ և լուսանկարներ դիտելու համար այցելեք
Հաագա 18-04-2015: Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների շրջանակում ապրիլի 18-ին Հոլանդիայի Հաագա քաղաքում ավելի քան 1500 ցուցարարներ էին հավաքվել Spuiplein հրապարակում, որտեղ ելույթներ ունեցան տարբեր կազմակերպությունների ու կուսակցությունների ներկայացուցիչներ: Հիշարժան էր անմոռուկի նկարով ու սերմերով լի բազմաթիվ փուչիկներ արձակումը երկինք: Այնուհետև տեղի ունեցավ բողոքի քայլերթ Ցեղասպանության ճանաչման կոչերով' դեպի Թուրքիայի դեսպանատուն:
Այս միջոցառման այլ տեսաերիզներ և լուսանկարներ դիտելու համար այցելեք 01 . 02
Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի ոգեկոչումը Ալմելոյում
Ապրիլի 24 Ալմելո: Հայ Առաքելական Եկեղեցու տարածքում գտնվող Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր էին այցելել մոտ 6 հազար հայրենակիցներ և այլազգի հյուրեր՝ հարգանքի տուրք մատուցելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:
Չնայած թուրքերի բողոքներին, ցույցերին, դատական քաշքշուկներին, Հայ համայնքը կարողացավ ո´չ միայն պահպանել Հուշահամալիրի կառույցը, այլ նաև ընդունելի դարձնել այն որպես պետության կողմից ճանաչված կառույց: Այսուհետ Հուշահամալիրը ոչ միայն ճարտարապետական կառույց է, այլ նաև կազմակերպություն, որը մտնում է Հայ Առաքելական եկեղեցու վարչության կազմի մեջ:
Քայլերթից հետո ներկաներն այցելեցին նորաբաց հուշհամալիր ' հարգանքի տուրք մատուցելու 1915թ. անմեղ զոհերի հիշատակին: Եկեղեցական արարողակարգից հետո օծվեց հուշահամալիրի ցուցատախտակը' Տարոն Սրբազանի և հոգևոր այրերի կողմից: Արարողակարգին մասնակցում էին Ալմելոյի քաղաքապետը,՝ Նիդերլանդներում ՀՀ դեսպան Ձյունիկ Աղաջանյանը, Հոլանդիայի և Եվրախորհրդարանի անդամներ, սիրիական Օրթոդոկս եկեղեցու արքեպիսկոպոսը, ղպտիների Եկեղեցու առաջնորդը, հազարավոր հայրենակիցներ և բազմաթիվ այլ հյուրեր: Հուշատախտակի բացմանը իրենց մասնակցությունն ունեցան Եկեղեցու վարչության նախկին և ներկա նախագահներ Նեմրութ և Օնիկ Գելիջիները:
Երկինք բաց թողնվեցին 100 փուչիկ՝ ի նշան Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի և հինգ աղավնի, որոնք խորհրդանշում էին 5 մայրցամաքները, որտեղ ապաստան գտան Եղեռնից մազապուրծ եղած հայերը: Ճերմակ, խաղաղության խորհրդանիշ աղավնիները ճախրեցին անամպ երկնքում' այլևս ոչ ասելով պատերազմին ու եղեռնագործությանը:
Հուշահամալիրի անմար կրակի մոտ ծաղիկներ և ծաղկեպսակներ դրեցին հայկական և հոլանդական տարբեր կազմակերպությունների և համայնքների ներկայացուցիչներ: Այնուհետև հյուրերը և հրավիրվածները գնացին Գալուստ Գյուլբենկյան սրահ, որտեղ ժամը 19:15 100 վայրկյան լռությամբ և Եկեղեցու զանգերի ղողանջների ներքո հոտնկայս հարգեցին զոհերի հիշատակը:
Երեկոյի ընթացքում ելույթներ ունեցան Նիդերլանդներում ՀՀ դեսպան Ձյունիկ Աղաջանյանը, Ալմելոյի քաղաքապետը, ով իր ելույթը սկսեց հայերեն լեզվով. «Ես այսօր Ձեզ հետ եմ՝ կիսելու Ձեր վիշտը և հարգելու 100 տարի առաջ Ցեղասպանությանը զոհ դարձած անմեղ մարդկանց հիշատակը»:
Ելույթով հանդես եկավ Եվրախորհրդարանի խորհրդաժողովի և Նիդերլանդների խորհրդարանի Քրիստոնյա-դեմոկրատական կուսակցության անդամ Պիտեր Օմտզիխտը: Ալմելոյի Եկեղեցիների խորհրդի անունից ելույթ ունեցավ պրոֆեսոր Կոր Բաայենը: Ելույթ ունեցան նաև ազգագրագետ, ցեղասպանագետ Անտոնի Հոլսլախը, Արամեական համայնքի ներկայացուցիչը, ինչպես նաև սիրիական օրթոդոքս համայնքի երիտասարդական երգչախումբը, ՀԱԵ Գեղարդ երգչախումբը, դուդուկահար Վահե Հովաննիսյանը և «Հայկական ձայն» քառյակը:
Եվրախորհրդարանի անդամ Պետեր վան Դալենն իր ելույթում նշեց Հայոց Ցեղասպանության ճանաչման կարևորությունը: Սուրբ Մեսրոպ Մաշտոց կիրակնօրյա դպրոցի աշակերտները նույնպես անմասն չմնացին այս երեկոյին: Իսկ փակման խոսքով Հայ դատի անունից ելույթ ունեցավ Մասիս Աբրահամյանը, ում ոգևորիչ կոչերով էլ ավարտվեց երեկոն:
Նիդերլանդացի հոգևորականը ցեղասպանությունից հայ երեխաների կյանք է փրկել
Մաստրիխտցի հոգևորական Մատերնուս Մյուրենը եղեռնի
տարիներին հայ երեխաների է փրկել:
Մաստրիխտ 25.04.2015:Հայոց Ցեղասպանության 100-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում Հուշ-համերգ էր կազմակերպել նաև Նիդերլանդների Մաստրիխտ քաղաքի «Անի» հայ համայնքը' «Սուրբ Կարապետ» եկեղեցու հետ համատեղ:
Այս միջոցառման հիմքում հետաքրքիր ու հոգեթով մի պատմություն է: Մաստրիխտցի հոգևորական Մատերնուս Մյուրենը հայանպաստ գործունեություն է ծավալել եղեռնի տարիներին, զանգվածային կոտորածներից կարողացել է փրկել շատ հայ երեխաների: Այսօր նրա եղբոր թոռը՝ Հարի Մյուրեն իր տան արխիվում դեռ պահպանում է ահասարսուռ տարիների հոգևորականի ուղարկած նամակները, որոնք այսօր արժեքավոր վավերագրեր են ու ապտակ ցեղասպանությունը ժխտողներին: Այս նախապատմությունն էլ երախտիքի հիմք է հանդիսացել կազմակերպելու միջոցառումն ու ոգեկոչելու մեկուկես միլիոն նահատակների հիշատակը:
Հուշահամերգ-ցերեկույթը բացում է Վազգեն Սարգիսը, ով հակիրճ ներկայացնում է միջոցառման նշանակությունը, գնահատական տալիս ցեղասպանության երևույթին:
Սոպրանո Լիլիթ Սաթիի քառյակը' մասնակցությամբ Նելլի Արմենյանի, Պերճ Ասատուրյանի և Շիրակ Շահինյանի հնչեցրեցին Կոմիտասի «Հով արեք», Եկմալյանի «Առավոտ լուսո» երգերը:
Արևելյան Բելգիայի ջութակահարների լարային քառյակը, որի կազմում է նաև հայազգի մասնակից Կարեն Աբրահամյանը կատարեցին Կոմիտասի գործերից:
Պետեր վան Նունեն հուզիչ ոճով, երաժշտական կոմպոզիցիայով ներկայացրեց Կոմիտասի կյանքն ու գործը, իսկ գրող Արտակ Մանուկյանը կարդաց իր բանաստեղծությունները, հայտնեց, որ համայնքի հովանավորությամբ, շուտով Երևանում լույս է տեսնելու «Մեր արյան գինը» պոեմը:
Ասմունքով հանդես եկավ Շաղիկ և Հովսեփ Ասատրյանները:
Տպավորիչ էր Հայաստանի լավագույն դաշնակահարներից մեկի' Հայկ Մելիքյանի կատարումները:
Հուշ-ցերեկույթին մասնակցում էր և իր խոսքն ասաց Նիդերլանդներում Հայաստանի Արտակարգ և Լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը:
Միջոցառումն ավարտվեց տարբեր երգչախմբերի միավորված ելույթով և սրբազան հայրերի աղոթքի խոսքով:
Միջոցառմանը ներկա էին նիդերլանդահայ տարբեր կառույցների անդամներ, Լիմբուրգի մարզային և Մաստրիխտի քաղաքային իշխանությունների ներկայացուցիչներ:
Այս միջոցառման այլ տեսաերիզներ և լուսանկարներ դիտելու համար այցելեք 01 02 03
Մանուկ ՄԿՐՏՉՅԱՆ
Hay Azian
«Նիդերլանդական Օրագիր»
Օսթբուրգ-Դենբոս-ՈՒտրեխտ-Հաագա-Ալմելո-Մաստրիխտ
17-25 ապրիլի
No comments:
Post a Comment